Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՐՈՒՏԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՎՏԱՐԵԼ

Հունիս 05,2008 00:00

\"\"Գիտությունների ազգային ակադեմիայի «Բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ն անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին դիմել էր դատարան՝ պահանջելով Բուսաբանական այգու մուտքին կից գործող բրուտանոցից վտարել քանդակագործ Գարիկ Կուրղինյանին: \"\"

Առանց վերջինի ներկայության, դատարանը վճիռ էր կայացրել եւ վտարել նրան:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանն այս տարվա մարտի 6-ին նույնպես անփոփոխ թողեց առաջին ատյանի վճիռը:

Բրուտանոցի տարածքը 1985 թվականից մինչ օրս գտնվել է քանդակագործ Էդուարդ Կուրղինյանի ընտանիքի տրամադրության տակ: Այնտեղ արդեն մեկ ամիս է՝ ինչ բողոքի յուրօրինակ «ցույց» են կազմակերպել 7 տարի առաջ վախճանված բրուտ Է. Կուրղինյանի որդու՝ Գարիկի քանդակները: Քանդակների բերան-ները կապված են:

Բուսաբանական այգի մտնող յուրաքանչյուր քաղաքացու հետաքրքիր է իմանալ, թե իրականում ինչո՞ւ «անհյուրընկալ» դարձան քանդակները, գողտրիկ այգին, որը մինչ այդ բազմաթիվ հրապարակումների ու հաղորդումների թեմա էր դարձել:

Գիտությունների ազգային ակադեմիայի թիվ 210 հրամանով տարածքը վարձակալությամբ տրվել է Կուրղինյանների ընտանիքին: Ռուսալեզու հրամանում գրված էր, որ այն տրվում է 2 տարով, ապա՝ 5, իսկ 1998-ից՝ 50: Այգի-բրուտանոցի պահպանությունը, երբ Գարիկը գտնվում էր ԱՄՆ-ում, ի պահ տրվեց նախկին ԱԻՄ-ական Արամազդ Զաքարյանի (Գարիկի հարսանիքի քավորն է- Ռ. Մ.) գլխավորած «Խորհրդարանական ակումբ» հասարակական կազմակերպությանը: Սակայն վերջինս 2006-ից հետախուզման մեջ է: Գ. Կուրղինյանն «Առավոտին» ցույց տվեց առկա բոլոր պայմանագրերը:

Բրուտանոց-արվեստանոցը, ճիշտ է, ստեղծվել էր Կուրղինյանների կողմից, նրանց նյութական միջոցներով եւ մտահղացմամբ, սակայն գտնվում էր Բուսաբանության ինստիտուտի հաշվեկշռում:

50 տարվա պայմանագիրը, որը ստորագրվել էր հանգուցյալ կավագործ Էդուարդ Կուրղինյանի կողմից, պատճառ դարձավ, որ ԳԱԱ-ն չճանաչի նրա որդուն՝ իբրեւ իրավաբանական անձ: Չնայած հոր մահվանից հետո վարձավճարները մինչ օրս մուծել է Գարիկը:

«Մեր ընտանիքը, սկսած խորհրդային տարիներից, արժանի վերաբերմունքի չի արժանացել: Լրիվ անտարբերության մթնոլորտ է, ամենուր՝ խոչընդոտներ: Կառավարությունը չի ուզում խրախուսել մեր նման ընտանիքներին, որոնք աղբանոցները ծաղկանոցներ են կարողանում դարձնել: Կառավարությունն, այդ ամենի մեջ եկամուտ չտեսնելով. փորձում է մեր ամբողջ ազգային հարստությունը քառակուսի մետրի վերածել ու ռեստորաններ, շահավետ օբյեկտներ ստեղծել»,- ասում է Գ. Կուրղինյանը: Վերջինս ապրելու այլ տեղ չունի: Նրա բնակության հասցեն նույն այդ տարածքն է: Այստեղից են հրաժեշտ տվել հանգուցյալ հորը, խնամքի տակ գտնվող մորաքրոջը, այս տարածքում է ամուսնացել Գարիկը: «Հայրս երկար տարիներ ապրել է այս արվեստանոցում: Գրանցված եմ այս հասցեում՝ Ավան, Բուսաբանական այգի, Աճառյան-1, բրուտանոց»,- շարունակում է կավագործ Գ. Կուրղինյանը:

Այս օրերին բրուտանոցը հոսանքազրկվել է, տարածքում հայտնվել է գազատար խողովակ: «Հաշվի չեն առնում իմ իրավունքները: Մնացել եմ մենակ, ուզում են տեսնել, թե ես ինչպես եմ մահանալու»,- հուսահատված ասում է զրուցակիցս:

Երեկվա դրությամբ Գ. Կուրղինյանը փնտրում էր հովանավոր՝ վճռաբեկ բողոք տանելու համար փաստաբան վարձելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել