Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարեկամներիս տանն եմ ապրում»

Հունիս 05,2008 00:00

Ո՞վ է փոխհատուցելու սեփականատիրոջը

Դեռեւս 2003 թ. Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը (նախագահող դատավոր՝ Ս. Հովսեփյան) հաստատել է հաշտության մի համաձայնություն, որով խախտվել է իմ՝ սեփական բնակարան ունենալու իրավունքը: «Առավոտն» իր նախորդ համարներից մեկում անդրադարձել է այս խնդրին: Արդարության ակնկալիքով բազմաթիվ դռներ եմ թակել. հինգ անգամ դիմել եմ թե՛ նախորդ, թե՛ ներկայիս ՀՀ վարչապետներին, սակայն ոչ մի արձագանք չի եղել:

1990թ. Երեւանի քաղսովետի եւ 26 կոմիսարների շրջանի գործկոմի որոշումներով Վ. Համբարձումյան (Գայդարի) թիվ 103 հասցեում գտնվող սեփական տունս քանդվել է, եւ տարածքը տրամադրվել է «Հայջրշին» ընկերությանը՝ բնակելի շենք կառուցելու համար: Նույն որոշումների համաձայն, ինձ հետ կնքվել է պայմանագիր՝ կառուցվող շենքում բնակարան հատկացնելու մասին: Ավելի ուշ, հասարակարգի փոփոխության պատճառով, շենքի կառուցումը դադարեցվում է: 1990-ից մինչ օրս ես բնակվում եմ բարեկամներիս տներում: Երբ 2006թ. վերսկսվում են շինաշխատանքները, «Ջրաօջախ» ԲՇԿ-ի նախագահ եւ շենքի սեփականատեր Գառնիկ Հերոյանը բնակարանի համար ինձնից գումար է պահանջում՝ նորօրյա չափանիշներով: Ի պատասխան իմ դիմումի, Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ բնակարանիս ապահովման հարցը պետք է լուծի ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, քանի որ տունս իրացվել է նախկին «Հայջրշին» նախարարության կողմից, որն այժմ գյուղնախարարության ստորաբաժանումներից է:

Հաշվի առնելով, որ «Հայջրշին» մասնագիտացված շինարարական միավորումը պարտավոր է ինձ ապահովել բնակարանով, իսկ Երքաղխորհրդի գործադիր կոմիտեն էլ պետք է վերահսկեր, ինչը չի արվել, ես 2003-ի աշնանը դիմեցի դատարան՝ ընդդեմ ՀՀ գյուղնախարարության, «Ջրաօջախ» ԲՇԿ-ի, որը «Ջրաշինարար-1» կոոպերատիվի իրավահաջորդն է, Երեւանի քաղաքապետարանի՝ պահանջելով նշված փողոցում կառուցվող շենքից ինձ հատկացնել պայմանագրով նախատեսված բնակարանը:

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Ս. Հովսեփյան) քննելով գործը վճռել է դիմումս բավարարել եւ ինձ ընդգրկել «Ջրաշինարար-1» կոոպերատիվի փայատերերի ցուցակում ու հատկացնել նշված կոոպերատիվին պատկանող՝ Երեւանի Գայդար-Ավետիսյան փողոցների տարածքում կառուցվող շենքի թիվ 4 երկու սենյականոց բնակարանը, առանց «փայավճար» գանձելու:

Սակայն, ելնելով անձնական նկրտումներից, իմ լիազորված անձը, նախկին փաստաբան, ներկայումս Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանը կրկին դիմել է դատարան՝ ընդդեմ ՀՀ գյուղատնտեսության եւ բնակօգտագործման նախարարության, «Ջրաօջախ» ԲՇԿ-ի՝ ինձ ներկայացված բնակարանի կոոպերատիվի ցուցակում ընդգրկելու եւ փայավճարը վճարելու պահանջի մասին: Առանց իմ տեղեկության, փաստաբանը համաձայնության է գալիս պատասխանողների ներկայացուցիչների հետ եւ ստորագրում իրավաբանության մեջ «անգրագետ» որակվող մի փաստաթուղթ: Համաձայն այդ հաշտության՝ ներկայացուցիչները ամրագրել են, որ «Ջրաօջախ» ԲՇԿ-ի նախագահ Գառնիկ Հերոյանը համաձայն է, որ 22 հազար դոլարին համարժեք դրամը վճարի գյուղատնտեսության եւ բնակօգտագործման նախարարությունը եւ ես զբաղեցնեմ Գայդար-Ավետիսյան փողոցների տարածքում կառուցվող «Ջրաօջախ» ԲՇԿ-ին պատկանող շենքի 7-րդ հարկի 2 սենյականոց բնակարանը: Փայատիրական վճարը 3 ամսվա ընթացքում նախարարության կողմից չփոխանցվելու դեպքում ես կկորցնեմ իմ իրավունքը: Բնականաբար, գյուղնախարարությունը չի տրամադրել եւ ոչ մի «փայավճար»: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը, համաձայն «սեւ համաձայնագրի», (դատավոր՝ Ս. Հովսեփյան) 2005-ին վճռել է կորցրած ճանաչել «Ջրաօջախ» ԲՇԿ-ի փայատեր դառնալու իմ իրավունքը: Հարկ է նկատել, որ այս հարցի շուրջ դատաքննություններն անցկացվել եւ վճիռներ են կայացվել նույն դատավորի կողմից: Սույն վճիռն իմ կողմից բողոքարկվել է վերաքննիչ դատարան, որից հետո՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատ: Վերաքննիչ դատարանը վճռել է հայցը բավարարել՝ կորցրած ճանաչել «Ջրաօջախ» ԲՇԿ-ի փայատեր դառնալու իմ իրավունքը: Ավելի ուշ բացահայտվում է, որ «սեւ համաձայնություն» կնքած կողմերի ներկայացուցիչներից մեկը, որը ներկայացնում էր գյուղնախարարությունը, պատշաճ լիազորված չի եղել: Դատավոր Ս. Հովսեփյանը, որպես արդարադատություն իրականացնող, 2003-ին հաշտության համաձայնությունը հաստատելուց առաջ չի ստուգել՝ կողմերի ներկայացուցիչներից բոլո՞րն են լիազորված հաշտության համաձայնությունը ստորագրելու համար: Հետագայում ինձ հայտնի է դարձել, որ գյուղատնտեսության եւ բնակօգտագործման նախարարության ներկայացուցիչը հաշտության համաձայնության տակ դրել է իր ստորագրությունը՝ այդ իրավունքը չունենալով:

Գյուղնախարարությունից պատասխանել են, որ «ՀՀ գյուղատնտեսության ներկայացուցիչը հաշտության համաձայնագիրը ստորագրել է՝ չունենալով այդ իրավունքը, որը եւ հիմք է հանդիսանում ասելու, որ նշված գործարքն առոչինչ է»: 2004-ին «ոչ լիազորված» աշխատակիցն ազատվել է աշխատանքից: Այսպիսով, գյուղատնտեսության նախարարության, «Ջրաօջախ» ԲՇԿ-ի, նրա լիազորված անձի գործը քննող եւ վճիռներ կայացնող դատավորներ Ս. Հովսեփյանի եւ Կ. Հակոբյանի կողմից խախտվել է սեփականության եւ բնակարան ունենալու իմ իրավունքը:

Ես դիմում եմ ՀՀ իշխանություններին եւ ակնկալում, որ վերականգնվի սեփական բնակարան ունենալու իմ իրավունքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել