Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ՝ ՇԱՀԱԴԻՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈ՞Վ

Հունիս 05,2008 00:00

\"\"Երկքաղաքացիությունը ձեռնտու է հատկապես վրացիներին

Շուրջ տարիուկես է՝ Հայաստանն ընդունել է երկքաղաքացիության մասին օրենքը: Սակայն հաշվի առնելով, թե այլ երկրների քանի քաղաքացի է ցանկություն հայտնել դառնալ ՀՀ քաղաքացի (մոտ 200 մարդ), կարելի է ասել, որ մեր երկիրն օտարերկրացիների համար այնքան էլ գրավիչ չէ: Մեր տեղեկություններով, ՀՀ քաղաքացի դարձած անձանց մեծ մասը Վրաստանի քաղաքացիներ են, որոնք, կարելի է ասել, մեր երկրի քաղաքացիություն են ստացել «շահադիտական նպատակներով»: Քանի որ վերջին տարիներին Վրաստանի քաղաքացիների մուտքը Ռուսաստան, քաղաքական պատճառներով, բարդացել է, ուստի վրացիներն ու վրացահայերը, որոնք իրենց ապրուստի հիմնական միջոցը վաստակում են Ռուսաստանում «խոպանչիություն անելով», ՌԴ են մեկնում Հայաստանի անձնագրով:

Բացի այն, որ մեր երկրի քաղաքացի դառնալու դեպքում օտարերկրացիներն առանձնապես արտակարգ պայմաններում չեն հայտնվում, մասնագետները գտնում են, որ մեր երկրի «Երկքաղաքացիության մասին օրենքը» մի շարք բացեր ունի: Օրինակ, օրենքում հստակեցված չէ, թե գործարարները որ երկրում են հարկեր վճարելու՝ Հայաստանո՞ւմ, թե՞ այն երկրում, որտեղի քաղաքացի էլ են: Կամ, որ ամենագլխավորն է, քաղաքացին իր աշխատավարձից պահված սոցիալական վճարների հաշվին կուտակված կենսաթոշակը ո՞ր երկրից է ստանալու:

Հստակ են միայն պարտադիր զինծառայության մեկնելու դրույթները, որը կարգավորվում է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով: Ըստ այդ օրենքի՝ ՀՀ քաղաքացիություն ընդունած անձը, որը նաեւ այլ պետության քաղաքացի է, ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչ մեր երկրի քաղաքացիությունն ընդունելն առնվազն 12 ամիս ծառայել է իր պետության զինված ուժերում, կամ էլ՝ մեկ այլ պետությունում է առնվազն 18 ամիս անցել զինվորական ծառայություն: Սակայն, երբ մեր երկրի քաղաքացին է դառնում նաեւ այլ երկրի քաղաքացի, ոչ մի դեպքում չի ազատվում մեր երկրի բանակում ծառայելուց:

«Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» հ/կ-ի գործադիր տնօրեն Գագիկ Թորոսյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ երկքաղաքցիության խնդրի համատեքստում ամենանուրբ խնդիրը հենց կենսաթոշակն է, որը դեռ կանոնակարգված չէ. «Այս օրենքի ընդունումը բերելու է նրան, որ մեր երկրի մի շարք օրենքներում փոփոխություններ են կատարվելու: Քանի դեռ մեր կենսաթոշակային համակարգը կուտակայինի չի անցել, չեմ կարող ասել, թե ինչպես է այդ հարցը լուծվելու: Ինչ վերաբերում է աշխատավարձից պետբյուջե վճարվող եկամտահարկին, ապա դա երեւի թե կլինի այսպես. եթե մեկ անձն աշխատում է մեր երկրի 3 ընկերություններում, բոլոր 3 ընկերությունները նրա աշխատավարձից առանձին-առանձին եկամտահարկ հաշվարկում են, դա կկիրառվի նաեւ այլ երկրում աշխատելու արդյունքում»: Մեր այն հարցին՝ իսկ ինչպե՞ս է հարկվելու այն գործարարների բիզնեսը, որոնք ե՛ւ Հայաստանում ձեռնարկություն ունեն, ե՛ւ արտերկրում, Գ. Թորոսյանը պատասխանեց. «Այս դեպքում քաղաքացիությունը նշանակություն չունի: Ձեռնարկատերն իր բիզնեսը գրանցում է իրավաբանական անձով եւ հարկերն էլ վճարում է որպես իրավաբանական անձ: Իսկ եթե ձեռնարկությունը մասնաձյուղ ունի մեկ այլ երկրում, դա արդեն կարգավորվում է միջպետական համաձայնագրերով, որպեսզի կրկնակի հարկում չիրականացվի»: Երեւանի տնտեսագիտական համալսարանի մակրոտնտեսագիտության եւ ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ Ալբերտ Արշակյանն էլ, մեզ հետ զրույցում անդրադառնալով եկամտահարկի եւ շահութահարկի վճարմանը, ասաց. «Ամեն երկիր ունի իր տնտեսական ռեսուրսները եւ դա օգտագործելով՝ գործարարը տվյալ երկրին դրա դիմաց հարկ է վճարում, նույնը կլինի երկքաղաքացիության դեպքում: Ինչ վերաբերում է շահութահարկին, ապա դա այլ հարց է: Եթե գործարարը ձեռնարկություն ունի այլ երկրում եւ իր արտադրությունը ներմուծում է մեր երկիր, նա պետբյուջե վճարում է միայն եկամտահարկ, իսկ շահութահարկ վճարում է այն երկրում, որտեղ գործունեություն է ծավալում, կարծում եմ՝ սա չի փոխվի»:

Անդրադառնալով կենսաթոշակի խնդրին, պրն Արշակյանն ասաց, որ եթե անձը եղել է ՀՀ քաղաքացի եւ աշխատում է մեր երկրում, իսկ այնուհետեւ դարձել է նաեւ այլ երկրի քաղաքացի, ապա՝ ըստ ամենայնի, պետք է կենսաթոշակ ստանա մեր երկրից: Նշենք նաեւ, որ երկքաղաքացիության համար մարդիկ դիմելով Անձնագրերի եւ վիզաների վարչություն, պետք է որոշակի գումար վճարեն. քաղաքացիություն ստանալու համար՝ 1000 դրամ, իսկ քաղաքացիությունից դուրս գալու համար՝ 25 հազար դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել