Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆ» ԲԱՆԱՁԵՎԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հունիս 05,2008 00:00

ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում երեկ կազմակերպվել էին լսումներ՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունների հայեցակարգի պատրաստման նպատակով: Հիմնական զեկուցողներն էին ՀՀՌԸ խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը եւ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը: Այս պարոնայք խոսեցին իրենց կառույցների անկախության բարձրացման ուղղությամբ քայլերի անհրաժեշտության մասին: Թե մինչ այժմ իրենց ի՞նչն էր խանգարում անկախ լինել՝ չասացին, բայց «Ժառանգության» պատգամավորները Գ. Ամալյանին հարցրին, թե՝ անկախանալու ցանկությունը չի՞ նշանակում, որ նա ընդունում է իր հանձնաժողովի ներկայիս անկախության բացակայությունը: Ամալյանը չընդունեց, թե կախյալ են եղել: Ստեփան Սաֆարյանի հարցին, թե ինչո՞ւ մինչեւ այժմ հանձնաժողովը չի պատժել բազմաթիվ խախտումներ կատարած որեւէ հեռուստաընկերության, Գրիգոր Ամալյանը չպատասխանեց, ասելով, թե թեմայից դուրս հարցի չի պատասխանելու, եւ պահանջեց, որ կոնկրետ օրինակներ ներկայացվեն: Ներկայացվեցին: Բայց պատասխանները դարձյալ հեղհեղուկ էին: Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, հիշեցնելով, որ օրենքն արգելում է, որ հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդումներն ընդհատվեն հովանավորների մասին հիշեցումներով եւ պահանջում է, որ հիշեցումները լինեն հաղորդման սկզբում եւ վերջում միայն եւ չտեւեն ավելի, քան մեկ րոպե, նկատեց, որ բոլոր հեռուստաընկերությունները խախտում են օրենքը եւ հովանավորների անունները հնչեցնում իրենց ուզած պահին եւ գովազդում են հովանավորների արտադրանքը, ինչն արգելված է օրենքով: «Ինչո՞ւ ՀՌԱՀ-ը դրա համար չի պատժել որեւէ հեռուստաընկերության»,- հարցրեց Մ. Հարությունյանը, եւ ի պատասխան՝ Գրիգոր Ամալյանն առաջարկեց՝ ներկայացրեք փաստերը, կքննարկենք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել