Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյանի արժանի «հերթափոխը»

Հունիս 05,2008 00:00

Երեկվա իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն առավելապես կենտրոնացավ ղարաբաղյան թեմայի վրա, մասնավորապես՝ նշելով, որ ադրբեջանական կողմի պնդումները, թե բանակցային սեղանի վրա ներկայումս որեւէ փաստաթուղթ չկա, իրականությանը չեն համապատասխանում: «Առաջարկներ կան, դրանք ձեւակերպված են մադրիդյան փաստաթղթում եւ ժամանակին ներկայացվել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին»,- ասաց Նալբանդյանը, ընդգծելով, որ «Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցություններն այդ առաջարկների հիման վրա»:

Անդրադառնալով հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ առաջին հանդիպմանը՝ արտգործնախարարը նշեց, թե դրական արդյունք է ակնկալում դրանից: Եթե այդ հանդիպման արդյունքներով երկու երկրների նախագահներն իրենց արտգործնախարարներին հանձնարարեն շարունակել բանակցությունները, ապա արդեն իսկ, Նալբանդյանի կարծիքով, կարելի կլինի դրական գնահատել այն: Իսկ եթե որեւէ առաջընթաց չգրանցվի, ապա «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու միջազգային կազմակերպությունների համար մտածելու առիթ կստեղծվի»:

Խոսելով փետրվարի 19-ին Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների մասին, Նալբանդյանը, ինչպես եւ սպասվում էր, դրանցում «առաջընթաց» նկատեց՝ ի համեմատ «բոլոր մյուս ընտրությունների»: Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ միջազգային բազմաթիվ կառույցներ, այդ թվում՝ ԱՄՆ պետդեպարտամենտը, իրենց զեկույցներում նշել են Հայաստանի ընտրական եւ հետընտրական գործընթացներում տեղի ունեցած աղաղակող խախտումների ու իշխանությունների կողմից գործադրված բռնությունների մասին: Ի պատասխան այս հարցին, Նալբանդյանը դարձյալ վկայաբերեց ԵԱՀԿ դիտորդական առաքելության հայտնի գնահատականը, ընդգծելով, թե այդ առաքելության կազմում ընդգրկված էին տարբեր երկրների ներկայացուցիչներ, ու «կարծեմ՝ ամենաշատ դիտորդները հենց ԱՄՆ-ից էին՝ 3 տասնյակ մարդ»: Կոնկրետ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի վերջին զեկույցին Նալբանդյանն այդպես էլ չանդրադարձավ, բավարարվելով միայն հետեւյալ ոչինչ չասող արձանագրումով. «Երբ նշվում են, որ կան թերություններ, դա մեզ համար շատ կարեւոր է: Մենք դա ընդունում ենք ոչ թե այնպես, որ ասենք, թե ոչ մի թերություն չկա: Եթե կա թերություն, մենք նկատի ենք առնում, եւ գլխավորն այստեղ այն է, թե ինչպես ենք ուղղելու այդ թերությունները»: ՀՀ արտգործնախարարի կարծիքով, հետխորհրդային տարածքում շատ քիչ երկրներ կան, որոնց ընտրական գործընթացները երբեւէ արժանացել են միջազգային դիտորդների այնպիսի դրական գնահատականների, որպիսիք տրվեցին հայաստանյան վերջին՝ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին: Հարցին, թե հատկապես ի՞նչ առաջընթացի եւ ո՞ր թերությունների մասին է խոսքը, Նալբանդյանը պատասխանեց. «Ես ընտրական իրավունքի մասնագետ չեմ, իսկ առաջընթացի մասին ձեւակերպումները առկա են միջազգային զեկույցներում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել