Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանական կողմին մոտ չեն թողնում նախաքննությանը

Հունիս 05,2008 00:00

\"\"Գուրգեն Եղիազարյանի որդին հացադուլ է սկսել

«Ես կոչ եմ անում հայ ժողովրդին՝ վճռական լինել եւ սկսած պայքարը հասցնել տրամաբանական ավարտին: Եթե մենք հաստատ լինենք մեր համոզմունքներում եւ միահամուռ կանգնենք՝ ստահակները մեր երկրում անելիքներ չեն ունենա: Ինչքան գնում, ճնշումները շատացնում են՝ հակառակ բանական մտածելակերպի, ապացուցելու, որ իրենք ճիշտ են, բայց ոչնչի չեն հասնի»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց արդեն երկրորդ օրը քաղբանտարկյալների ազատ արձակման եւ մարդկանց քաղաքացիական իրավունքների վերականգնման համար հացադուլը շարունակող ՍԴՀԿ վարչության անդամ Համբարձում Եղիազարյանը՝ քաղբանտարկյալ Գուրգեն Եղիազարյանի որդին: Ինքը՝ Գուրգեն Եղիազարյանը, որը 25 տարուց ավելի ՆԳՆ եւ ԱԱԾ համակարգում բարձր պաշտոններ է զբաղեցրել, իսկ այժմ ճակատագրի հեգնանքով գտնվում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, որը հանրությանը հայտնի է «ԱԱԾ մեկուսարան» անվամբ, նույնպես հայտարարել է, որ իր կալանավորումը քաղաքական ենթատեքստ ունի: Գուրգեն Եղիազարյանի շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանի կարծիքով էլ՝ «բացարձակ իրավազուրկ եւ հիմնազուրկ են Գուրգենին առաջադրված մեղադրանքները»: Առաջադրվող մեղադրանքներն են, ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին եւ երրորդ մասերը եւ 300 հոդվածի առաջին մասը՝ պետական իշխանության զավթում եւ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալը:

Գուրգեն Եղիազարյանին առաջին անգամ ձերբակալել են փետրվարի 26-ին: 11 ժամ անօրինական պահելուց հետո նրան բաց թողեցին: Մինչեւ ձերբակալելը խուզարկել են Գուրգեն Եղիազարյանի բնակարանը եւ ամառանոցը, որտեղ փնտրել են զենք, զինամթերք, թմրանյութեր, ինչ-որ փաստաթղթեր: Սակայն ոչ մի անօրինական բան թե՛ ամառանոցից եւ թե՛ բնակարանից չի հայտնաբերվել: «Իմ կարծիքով, ծիծաղելի է խուզարկել մի մարդու բնակարան, որը 25 տարի այդ համակարգում է աշխատել, անիմաստ է օրենքի տարրին չհամապատասխանող բաներ փնտրել նրա տանը»,- ասում է Հարություն Եղիազարյանը: Այսպես ասած, նույն ձեռագիրը գործել է նաեւ մարտի 3-ին: Մարտիմեկյան հայտնի դեպքերից հետո նորից խուզարկվել է Գ. Եղիազարյանի բնակարանն ու ամառանոցը: Նույն բաներն են փնտրել եւ չեն գտել: Փորձաքննության են ուղարկվել հայտնաբերված օրինական զենքը եւ զինամթերքը: Առգրավվել եւ մինչ օրս չի վերադարձվել Եղիազարյանի որդուն պատկանող որսորդական հրացանը, որը նույնպես գրանցված է: Գուրգեն Եղիազարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվել է մարտի 5-ին՝ արագացված դատավարությամբ: Երկամսյա ժամկետը լրանալուց հետո, հիմք ընդունելով քննիչի այն համոզմունքը, որ Գ. Եղիազարյանը վտանգավոր է, կխուսափի նախաքննությունից կամ կխանգարի դրան, եւս երկու ամսով երկարաձգվել է նրա կալանքի ժամկետը: Կալանքի երեք ամիսների ընթացքում, սակայն, նրա նկատմամբ ընդամենը երկու անգամ է քննչական գործողություն իրականացվել: Երկու անգամ նրան փորձել են հարցաքննել, երկու անգամն էլ Գուրգեն Եղիազարյանը հրաժարվել է ցուցմունք տալ՝ պատճառաբանելով, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:

Գ. Եղիազարյանի գործով կան տեսաերիզներ, ձայնագրություններ, վկաներ են հարցաքննվել: Սակայն պաշտպանական կողմին մինչ օրս ոչինչ չի ներկայացվել. «Մենք ոչ թե հրաժարվել ենք նախաքննությանը մասնակցել, այլ կոնկրետ հենց հարցաքննությանը: Կարծում եմ, կոպիտ խախտում է սա: Վճռաբեկ դատարան ենք բողոքարկել, դեռ չգիտեմ՝ ինչ է լինելու, բայց առանձնապես հույսեր չեմ փայփայում: Ընդհանրապես, աբսուրդ է այն, որ Գուրգեն Եղիազարյանը իշխանության յուրացման կոչեր է արել: Նա ինչ է ասել, ասել է՝ մենք հաղթել ենք: Կոնկրետ իշխանության յուրացման գործողությունը ո՞րն է, ինչպե՞ս է արտահայտվել, ինչպե՞ս է իմ պաշտպանյալը զանգվածային անկարգություններ կազմակերպել, որոնք ուղղորդվել են սպանություններով՝ պարզ չէ»,- հարցնում է Վարդուհի Էլբակյանը: Փաստաբանը բազմիցս փորձել է ճշտել իր պաշտպանյալի հետագա ճակատագիրը: Ի պատասխան՝ քննչական մարմնից նրան «պարզաբանել» են, որ նախաքննությունն օրենքով սահմանված ժամկետներ ունի (վեց ամիս), երբ գործն ամբողջացավ եւ քննչական մարմնում գտան, որ ներկայացնելու նոր նյութեր եւ ապացույցներ չունեն՝ այն ժամանակ էլ գործը կուղարկեն դատարան: Գ. Եղիազարյանի շահերի պաշտպանը լուրջ մտավախություններ ունի, որ իր պաշտպանյալի կալանքի ժամկետը կերկարաձգվի եւս երկու ամսով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել