Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ

Հունիս 05,2008 00:00

Արցախյան ազատամարտի մասնակից Խաչիկ Սիմոնյանը վիրավորված է Տիգրան Կարապետյանի հայտարարության համար,

որտեղ նա օգտագործել է «ղազագիր» բառը:

«Հանրապետություն» կուսակցության անդամ, ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Խաչիկ Սիմոնյանը մեկն է այն բանտարկյալներից, որը մեղադրվում է ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ» եւ այլն, եւ ՔՕ 300-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Պետական իշխանությունը յուրացնելը…»: Բնականաբար, խոսքը էլի մարտի 1-ի դեպքերի մասին է: Արցախյան ազատամարտի մասնակից, ԵԿՄ անդամ, տարբեր տարիների պետական պաշտոններ զբաղեցրած Խաչիկ Սիմոնյանը բերման էր ենթարկվել մարտի 5-ի երեկոյան, նախ՝ պահվել էր ոստիկանության Նաիրիի բաժնում, ապա տեղափոխվել էր ԱԱԾ, որտեղ մարտի 5-ի երեկոյան նրան նախ մեղադրանք էր առաջադրվել միայն ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ապա հաջորդ օրը, երբ նա պաշտպան էր պահանջել, արդեն փաստաբան Հովիկ Արսենյանի ներկայությամբ առաջադրվել էր նաեւ ՔՕ 300-րդ հոդվածի 1-ին մասը: Խ. Սիմոնյանը հրաժարվել էր ցուցմունքներ տալուց, թեեւ մինչեւ ԱԱԾ տեղափոխվելը Նաիրիի բաժնում եղած մի քանի ժամերի ընթացքում նրան որեւէ մեկը չէր էլ հարցաքննել: Խ. Սիմոնյանի պաշտպան Հովիկ Արսենյանի համոզմամբ, ինչպես այսօր անազատության մեջ գտնվողները, այնպես էլ իր պաշտպանյալը ոստիկանության ուշադրության կենտրոնում է հայտնվել, այսպես կոչված՝ «օպերատիվ տեղեկությունների» հիման վրա կամ, այլ կերպ ասած՝ որպես Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհ, ակտիվիստ եւ վստահված անձ: Այդպիսի քաղաքացիներին, մասնավորապես մարտի 1-ից հետո, երկրի բոլոր մարզերում «փաթեթով» են բերման ենթարկել ոստիկանության բաժիններ՝ նրանց պատժելու, կալանավորելու եւ դատապարտելու հաստատ մտադրությամբ: Եվ եթե ոմանց դեմ ոստիկանության աշխատակիցները հաջողացրել են գործեր «թխել» կամ ցուցմունքներ կորզել, ապա Խ. Սիմոնյանի դեպքում դա չի ստացվել: Ու քանի որ Խ. Սիմոնյանին առաջադրված մեղադրանքը նախաքննական մարմինը որեւէ կերպ հիմնավորել չէր կարողացել՝ ստիպված էր եղել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխել, մանավանդ որ, դրանից ընդամենը 1 շաբաթ առաջ ԵԽԽՎ-ն Հայաստանին վերաբերող կոշտ բանաձեւ էր ընդունել:

«Նրանք (նախաքննական մարմինը- Ն. Մ.) հանցավոր գործունեություն են իրականացրել՝ Խ. Սիմոնյանին կալանավորելով, եւ երբ նրանք դա հասկացան, ուղղակի ստիպված էին իմ պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոցը փոխել»,- ասաց պարոն Արսենյանը: Խ. Սիմոնյանն իր հերթին «Առավոտի» հետ զրույցում հավելեց, որ ինքն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված որեւէ մեղադրանքում եւ ազատ է արձակվել ապրիլի 25-ին, դատախազի որոշմամբ՝ հանրապետությունից չբացակայելու պայմանով. «Ես որեւէ մեկին չեմ դիմել, ինձ համար որեւէ մեկը միջնորդություն չի ներկայացրել»,- Խ. Սիմոնյանն այս հանգամանքը շեշտեց հատկապես որպես պատասխան «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանի՝ օրերս արած այն հայտարարության, թե՝ «շատ տարօրինակ է, որ մարդիկ ազատվելով՝ մնում են ընդդիմադիր: Իմ կարծիքով, ով ազատվում է ինչ-ինչ ձեւերով, հաստատ ղազագիր է ստորագրում…»:

«Ինձ ազատ արձակեցին, որովհետեւ նախ՝ իմ դեմ որեւէ հիմնավոր ապացույց չեն ունեցել, ինչի մասին ես ինձ բերման ենթարկելու եւ մեղադրանք առաջադրելու առաջին իսկ օրն եմ ասել: Ասել եմ նաեւ, որ քննչական մարմինը չի կարողանալու հաստատել այն մեղադրանքները, որոնք ինձ առաջադրել է, որովհետեւ դրանք պարունակող հանցակազմ՝ զինված իշխանափոխություն անելու միտք անգամ չի եղել: Այդ մասին մտածող չի եղել: Ես գիտեի, որ ինձ առաջադրված այդ մեղադրանքները անհիմն են, եւ ուզում եմ դիմել Տիգրան Կարապետիչին եւ զգուշացնել, որ նա ազատամարտիկների կամ քաղբանտարկյալների հետ կապված իր դատողություններում չափն արդեն անցնում է: Ես իրեն դրա մասին առայժմ նախազգուշացնում եմ: Ես վիրավորված եմ իմ եւ ընկերներիս համար, բոլոր նրանց համար, ովքեր ամեն ինչ արել են այս երկրում իրավիճակ փոխելու՝ արդարության եւ ժողովրդավարության հաղթանակի համար, եւ հիմա՝ Կարապետիչից սպասում եմ, որ նա շատ կարճ ժամանակում հրապարակային ներողություն խնդրի իր արած հայտարարության համար,- վրդովված հայտարարեց Խ. Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ թեեւ վերջինս ազատության մեջ է, բայց նրան առաջադրված մեղադրանքները մնում են, եւ նրա դեմ հարուցված քրգործն էլ տակավին կարճված չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել