Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԲՈՂՋ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ

Հունիս 04,2008 00:00

\"\"«Պեկին-2008»-ին մնում է 65 օր

Երեկ Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում կայացավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի ընդլայնված նիստը եւ մրցաշրջան-2008-ի առաջին կիսամյակում օլիմպիական մարզաձեւերից Եվրոպայի չեմպիոն եւ մրցանակակիր դարձած մարզիկների պարգեւատրումը, որ սկսած 2004 թվականից՝ իր հիմնադրամի միջոցներից ավանդաբար կատարում է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Ընդհանուր գծերով ամփոփելով Պեկին-2008-ի նախապատրաստության եւ ընտրական մրցապայքարի՝ հանրապետության մարզիկների անցած ճանապարհը, Գագիկ Ծառուկյանն ասաց. «25 հոգու մասնակցության փաստն ընդհանուր առմամբ բավարար է: Սակայն նկատի առնելով ՀԱՕԿ-ի եւ կառավարության կատարած աշխատանքները, յուրաքանչյուր հենակետային մարզաձեւում կարող էինք ունենալ առնվազն 6-7 վարկանիշ: Անցած այս տարիներին հանրապետության ամբողջ տարածքում շահագործվել է միջազգային պահանջներին համապատասխանող ցուցադրական տասնյակ մարզակառույց, որոնցում շուրջտարի լիարժեք մարզվելու բոլոր հնարավորություններն ընձեռված են: Այսուհետեւ մարզիկներից ավելի՝ աշխատանք եւ արդյունք պահանջելու ենք մարզիչներից: Մեր չեմպիոններն ու օլիմպիականները գործով ապացուցել են, որ իրենք ուժեղ են: Մյուսներին պակասել է հոգեբանական պատրաստվածությունը: Այսօր յուրաքանչյուր մարզիկ պետք է վստահ լինի իր ուժերին, հավատա, որ ինքն է ամենաուժեղը ու նաեւ իմանա, որ ինքը միայնակ չէ, որ պետությունը, օլիմպիական կոմիտեն, ամբողջ ժողովուրդը կանգնած է իր թիկունքին ու այդ հավատով գրոհի մարզական բարձունքները: Միայն այդ դեպքում հաջողությունը կժպտա նրանց: Հուսանք, որ հաջորդ օլիմպիական խաղերում անհամեմատ ավելի մեծ թվով մասնակից կունենանք: Մեր առաջատար եւ հեռանկարային մարզիկներն ու մարզիչներն ամեն ամիս, պետականորեն նշանակված թոշակից բացի, ՀԱՕԿ-ի եւ անձամբ իմ կողմից նյութական պատկառելի աջակցություն են ստացել: Հաշվի առնելով, որ հիմա օլիմպիական խաղերի նախապատրաստության ամենավճռական փուլն է, մայիսից ես այդ աջակցության ձողն զգալիորեն բարձրացրել եմ, որպեսզի յուրաքանչյուր մարզիկ ու մարզիչ ամբողջովին նվիրվի իր գործին եւ այլ խնդիրների մասին չմտածի»:

Այնուհետեւ Գագիկ Ծառուկյանը Եվրոպայի չեմպիոններին, մրցանակակիրներին եւ նրանց անձնական ու ազգային հավաքականների մարզիչներին դրամական խոշոր պարգեւներ հանձնեց»:

Պարգեւատրման արարողությունից հետո Պեկինի խաղերի շեֆ միսիա Դերենիկ Գաբրիելյանը գործկոմի անդամներին ներկայացրեց ՀԱՕԿ-ի թիմի կատարած նախապատրաստական աշխատանքները, պատմեց, թե մեր մարզական պատվիրակությանն ինչ է սպասվում օլիմպիական մայրաքաղաքում: Իսկ ՀԱՕԿ-ի առաջին փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը ներկայացրեց Խաղերի մասնակցության եզրափակիչ ժամանակահատվածում կատարվելիք ծրագրերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել