Լրահոս
Օրվա լրահոսը

Կարապետիչը՝ վերջին զարգացումների մասին

Հունիս 04,2008 00:00

ԺԿ նախագահը հիմա էլ երազում է դառնալ Հանրային խորհրդի նախագահ

Երեկ ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը «Փաստարկ» ակումբում իր գնահատականը տվեց քաղաքական վերջին զարգացումներին: Նա նշեց, որ ուզում է խոսել հատկապես այն խնդիրների շուրջ, որոնք այսօր թեժ ու սուր են դրված հասարակության դեմ. «Ես հաճախ եմ ասել, որ կողմնակից եմ երկխոսության, այս հարցը միշտ համարել եմ հրատապ ու ընդդիմադիր կողմին կոչ արել առիթը բաց չթողնել: Այժմ կամ ընդդիմությունը սպասում է ամսի 20-ին կայանալիք միտինգին, կամ էլ կան որոշ պայմանավորվածություններ: Ինչ վերաբերում է այլ խնդիրներին, դրանք քաղաքական խաղեր են, ինչպես, օրինակ, դաշնակցության դեմարշը, որը, չգիտես ինչու, իրենց մոտ լինում է ոչ թե որոշումներ կայացնելուց հետո, այլ դրանցից առաջ»: Ըստ Կարապետիչի, տարօրինակ է, որ այսօրվա իշխանավորները չեն հասկանում, որ յուրաքանչյուր գործողություն պետք է սկսել բարի գործով. «Այս առումով կոչ եմ անում համաներում շնորհել այն մարդկանց, ովքեր ազատազրկված են: Ինչքան էլ ասեն, թե չունենք քաղբանտարկյալներ, միեւնույն է՝ նրանք կան»:

Նա անդրադարձավ նաեւ Հանրային խորհրդի ստեղծմանը. «Ինձ հեռախոսի զանգով են առաջարկել, ոչ թե պաշտոնապես: Այդ խորհուրդը ղեկավարելու են դավաճանները: Եթե խորհրդի ղեկին լինեն այն մարդիկ, ովքեր ժողովրդի վստահությունը չունեն, ապա ես չեմ ընդունում նրա գոյությունը: Ես կարող եմ մասնակցել խորհրդին միայն այն դեպքում, եթե լինեմ Հանրային խորհրդի ղեկավարը, իսկ եթե՝ ոչ, ապա իմ ներկայացուցիչը այդ խորհրդում կլինի, բայց կունենա պասիվ դերակատարում, այն էլ նրա համար, որ վաղը-մյուս օրը չասեն՝ դուք չմասնակցեցիք: Խորհուրդը հաստատ կտուժի Լեւոն Տեր-Պետրոսյանի չմասնակցությունից, որովհետեւ նա այն դեմքն է, որը կլրացներ ընդհանուր մոտեցումը»: Դառնալով ձերբակալվածներին, բանախոսն ասաց. «Գուցե համարձակ վարկած եմ առաջ քաշում, բայց, օրինակ, Արամ Կարապետյանի ազատ արձակելը, նրա հիվանդությունն ու մյուս բաները նույնպես խաղեր են: Իհարկե, ես շատ եմ ուզում, որ նա ազատ արձակվի, բայց մյուս կողմից էլ՝ ինչո՞ւ ուրիշին չեն ազատում: Այնտեղ նստածները բոլորն էլ հիվանդ են, որովհետեւ սթրես են ապրել, իսկ եթե ազատելու լինեն, ապա պետք է ոչ թե հատ-հատ, այլ բոլորին ազատեն: Եվ հետո, շատ տարօրինակ է, որ մարդիկ ազատվելով՝ մնում են ընդդիմադիր: Իմ կարծիքով, ով ազատվում է ինչ-ինչ ձեւերով, հաստատ ղազագիր է ստորագրում… »:

ԺԿ նախագահն իր կարծիքը հայտնեց նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասին: Նրա խոսքերով, նախագահն այսօր ամեն ինչ անում է, որ իրավիճակը շտկվի, իսկ թե որքանով կհաջողվի, դեռ պարզ չէ: Տ. Կարապետյանն անդրադարձավ նաեւ այսօրվա ընդդիմությանն ու ԿԸՀ-ին. «Այժմ «Ժառանգություն» կուսակցությունը համարվում է ընդդիմություն, բայց դա իրականում այդպես չէ, «Ժառանգությունը» նշանակովի ընդդիմություն է: Ինչ վերաբերում է ԿԸՀ-ին, ես այդ օրգանը չեմ ընդունում, որովհետեւ միայն չարիք է ծննդաբերում: Մինչ այսօր նրա ծննդաբերածը կեղծիք է եղել, դրա համար էլ մենք ըմբոստանում ենք, մինչդեռ այդ օրգանը պետք է լինի ոչ թե անհատական, այլեւ կոլեգիալ խորհուրդ»: Տ. Կարապետիչի համոզմամբ, անհրաժեշտ է անցկացնել արտահերթ ԱԺ ընտրություններ, որովհետեւ, ըստ նրա, այսօրվա խորհրդարանը համահունչ չէ այն մոտեցումներին, որը կիրառում է նախագահը. «Եթե իշխանությունները ցանկանում են, որ հարկեր մուծվեն, պիտի ամրացնեն պետականությունն ու բյուջեն, մինչդեռ խորհրդարանը լցված է օլիգարխներով, որոնք դեմ են լինելու, չեն սատարելու իշխանությանը»:

Կարապետիչը խոսեց նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի մասին. «Վերջինս փորձում է լինել օբյեկտիվ, բայց նա պետք է ոչ միայն քաղաքական դաշտում լինի մարդու իրավունքների պաշտպան, այլեւ լինի քաղաքացու պաշտպան: Այդպես էլ չիմացանք, մի դատապարտյալ ազատվե՞լ է իրենց շնորհիվ: Նման բան չի եղել ո՛չ Լարիսա Ալավերդյանի, ո՛չ էլ էդ պարոն Հարությունյանի օրոք»: «Առավոտի» հարցին՝ ճի՞շտ էր արդյոք քննությունների ընթացքում ԿԳ նախարարի փոփոխությունը, Տ. Կարապետյանը պատասխանեց. «Դա ՄՎԴ-ի նախարարի (նկատի ունի ոստիկանապետին-խմբ.) նշանակման նախօրեին դաշնակցության կողմից իրականացված որոշակի քաղաքական շանտաժ էր, բայց իրականում Սպարտակը լավ տղա է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել