Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ՝ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հունիս 04,2008 00:00

\"\"Ոմանք փոփոխությունների են միտված, մյուսներն էլ պահպանողական են

«Առավոտը» տեղեկացրել էր Երեւանում մայիսի 30-ին մեկնարկած Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասին: Հիշեցնենք, որ մրցույթը կավարտվի մեծանուն կոմպոզիտորի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, պարգեւատրման արարողությամբ եւ եզրափակիչ համերգով:

Հետեւելով աշխարհում հեղինակություն վայելող տարբեր մրցույթներին (Ն. Պագանինիի, Եղիսաբեթ թագուհու, Ժ. Տիբոյի, Լ. Վենյավսկու, Պ. Չայկովսկու եւ այլն) եւ վերջին տարիներին անցկացվող նմանատիպ մրցույթներին, այդ թվում՝ հայաստանյան Ա. Խաչատրյանի անվան միջազգայինին, դժվար չէ նկատել, որ դրանք ընթանում են նույն «ռեժիսուրայով»: Մեր օրերում հնարավոր չէ՞ որոշակի փոփոխության ենթարկել նման մրցույթների կազմակերպման ձեւերն ու մեթոդները, թե՞ դրա անհրաժեշտությունը ընդհանրապես չկա: Այս հարցերի պատասխանը լսելու ակնկալիքով «Առավոտը» դիմեց Ա. Խաչատրյանի անվան մրցույթի ժյուրիի անդամներին:

Միջազգային մրցույթների դափնեկիր Ալեքսանդր Տրոստյանսկի (Ռուսաստան). «Կային ժամանակներ, երբ այս կամ այն միջազգային մրցույթին մասնակցելը ցանկացած երիտասարդ երաժշտի կարիերայի համար չափազանց կարեւոր էր: Այսօր այլ ժամանակներում ենք ապրում եւ պետք է խոստովանեմ, որ դժվար է օբյեկտիվ մրցույթների անցկացումը: Գուցե սա՞ է պատճառը, որ անգամ տաղանդավոր երիտասարդներից ոմանք պարզապես իրենց ժամանակն ու նյարդերը խնայում են՝ խուսափելով մրցույթներից: Եվրոպայում տարիներ առաջ մեկնարկել էին մեկ-երկու միջազգային մրցույթներ (պետությունների անունը այդ պահին չմտաբերեց- Ս. Դ.), որոնց արարողակարգը ամբողջովին տարբերվում է մինչ այսօր մեզ հայտնի մրցույթներից: Այսպես՝ կազմակերպող կողմը հրավիրում է ժյուրիի անդամներին եւ նրանցից յուրաքանչյուրը շուրջ մեկ տարի ներկա է գտնվում աշխարհի այս կամ այն ծայրում տվյալ մրցույթի մասնակիցների համերգներին: Իսկ վերջում ժյուրին հավաքվում է եւ որոշում մրցանակակիրներին: Այստեղ ամենակարեւորն այն է, որ երաժիշտը, փաստորեն, չի իմանում, որ իր համերգին ներկա է եղել ժյուրիի անդամներից մեկը: Ես ողջունում եմ մրցույթի անցկացման այս ձեւը, թե չէ մեր օրերում արդեն մրցույթները նմանվել են սպորտի՝ փուլերից որեւէ մեկում երաժշտի կողմից մի աննշան բացթողումը կարող է ճակատագրական լինել»:

Բրյուսելի թագավորական կոնսերվատորիայի պրոֆեսոր Կարեն Հարությունյան (Բելգիա). «Տարիների փորձը գալիս է ասելու, որ դասական մրցույթների անցկացման տրադիցիոն ձեւը ճիշտ է: Ես մտավախություն ունեմ, որ մրցույթի կանոնակարգում որեւէ նորամուծություն կարող է այն վերածել շոուի: Օրինակ, Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթին հրավիրվում են, բացի ժյուրիի անդամներից, նաեւ հայտնի երաժիշտներ: Վերջիններս իրենց տեղը գրավելով օթյակներում, հագնում են ականջակալները եւ TV-ով ուղիղ հեռարձակման ժամանակ լայն հանրությանը մեկնաբանություններ տալիս: Այսպիսով՝ մրցույթը չի մնում զուտ դահլիճի շրջանակներում եւ հանդիսատեսն էլ հնարավորություն է ունենում մասնակից երաժշտի մասին լսել կարծիքներ»:

Երաժշտագիտության դոկտոր, Խորվաթիայի կոնսերվատորիայի ռեկտոր Ինո Միրկովիչ. «Ցավում եմ, որ արդեն հեղինակություն վայելող խաչատրյանական մրցույթին պատերազմական թոհուբոհից հետո Խորվաթիան չկարողացավ ներկայացնել իր երաժիշտներին: Ինչ վերաբերում է հարցին, օրինակ, ես դրամական պարգեւը անձամբ չէի հանձնի մրցանակակրին, այլ այդ գումարի չափով հոգ կտանեի նրա համերգային գործունեությունը կազմակերպելու համար: Մի ցանկություն ունեմ՝ կուզեի նաեւ երիտասարդ երաժիշտները, լսելով իրենց մեծանուն կոլեգաների ձայնագրությունները, շատ չտարվեին դրանցով, այլ ջանային ցանկացած ստեղծագործության մեջ ցույց տալ իրենց ձեռագիրը»:

Մոնրեալի համալսարանի եւ «Օր ֆորդ» արվեստի կենտրոնի պրոֆեսոր Վլադիմիր Լանդսման (Կանադա). «Քառասուն տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ եմ Երեւանում եւ շատ ցավում եմ, որ ինչ-ինչ պատճառներով ուսանողս՝ Կոնուեյ Բրենդենը, չկարողացավ մասնակցել խաչատրյանական մրցույթին: Նշեմ նաեւ, որ մրցույթի կազմակերպիչներն ամեն ինչ արել են, որպեսզի արտերկրից ժամանած երաժիշտը բարձր տրամադրությամբ հանդես գա: Ինչ վերաբերում է վաղուց դասական դարձած մրցույթներին, դրանցում ես ոչինչ չէի փոխի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել