Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրողն անտարբեր չանցավ

Հունիս 04,2008 00:00

Դրամատիկ ճառեր՝ վերաքննիչում

Երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում Հ. Ասատրյանի նախագահությամբ շարունակվեց Սիլվա Ասատրյանի եւ Յուրի Վոլֆսոնի վերաքննիչ բողոքների քննությունը: Տեղեկացնենք, որ դատական վիճաբանությունների փուլն ավարտվել է, եւ երեկ մեղադրական ճառով հանդես եկավ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ, դատախազ Ժաննա Կոտիկյանը, իսկ պաշտպանական ճառով՝ ամբաստանյալ Սիլվա Ասատրյանը: Հիշեցնենք, որ Ասատրյանը եւ Վոլֆսոնը դատապարտվել են Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից, համապատասխանաբար՝ 9 եւ 11 տարվա ազատազրկման՝ ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանի նկատմամբ մահափորձ կազմակերպելու եւ իրականացնելու համար:

Նախ տեղեկացնենք, որ Ասատրյանի ճառի ընթացքում ՀՀ ԱԱԾ փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնը պարբերաբար ժպտում էր: Դա չվրիպեց մեղադրողից, որը Սիլվայի ուշադրությունը հրավիրեց: «Եթե ուժ է գտել իր մեջ՝ թող ծիծաղի»,- ասաց Ս. Ասատրյանը:

Ասատրյանը պնդեց, որ իրեն մեղավոր չի համարում, որ 1990-ականներից գտնվել է ԱԱԾ մարմինների ուշադրության ներքո: «Իմ անմեղությունը 100%-ով ապացուցվում է գործում առկա նյութերով»,- շարունակեց ամբաստանյալը: Նրա կարծիքով, ԱԱԾ փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնի ճամպրուկը դատարանի դռնից դուրս է դրված, «գուցե Հավայան կղզիներում»՝ ենթադրեց նա: Ս. Ասատրյանը տեղեկացրեց, որ քաղաքի կենտրոնում՝ Ամիրյան փողոցում, ունեցել են տներ, եղել է ապահով ընտանիքի անդամ: Սակայն Վարդենիսից եկած ու մայրաքաղաքում անշարժ գույքի վաճառքով զբաղվող ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանը, որպեսզի տիրանա նաեւ իրենց ունեցվածքին, պայթյունի գործն է սարքել: «Ինձ նմանները շատ են հանրապետությունում: Իսկ այստեղ մաքրելու գործընթացը վաղուց էր սկսվել: Մեզ պատժելով՝ պատժեցին Կենտրոնի ժողովրդին, հասկացնելով, որ ուժեղ ու ինքնուրույն լինելու դեպքում ձեզ նույնն է սպառնում: Եթե ցմահ էլ դատապարտեք, միեւնույն է, ես ինձ ազատ մարդ եմ համարում: Իմ գործում վարկաբեկիչ ոչինչ չկա իմ նկատմամբ»,- հավելեց Ս. Ասատրյանը: Նա նայեց ժպտացող Վոլֆսոնին ու ասաց. «Ես չեմ մեղադրում Վոլֆսոնին: Նա Աստծուն եւ խղճին երդում չի տվել, այլ՝ ԱԱԾ-ին: Նա այս երկրում ԱԱԾ-ից բացի՝ այլ հենարան չունի»: Ս. Ասատրյանն ասաց, որ չի առնչվել Մելիք Գասպարյանի հետ, որ իր ու նախկին ամուսնու՝ Արթուր Գյուրջինյանի ամուսնալուծությունից հետո ընդհանրապես չի շփվել իր նախկին ամուսնու ընկերոջ՝ Յուրի Վոլֆսոնի հետ:

Մեղադրող Ժաննա Կոտիկյանն իր ճառը սկսեց Յուրի Վոլֆսոնի նախաքննության ժամանակ Սիլվայի դեմ տված ցուցմունքից. «Հոգեպես ուժեղ է: Ունի մարդկանց վրա ազդելու բացառիկ ունակություն»: Մեղադրողի կարծիքով՝ Ասատրյանը փորձեց գործադրել հոգեբանական ճնշում: Դատական նիստին հետեւող Ասատրյանի ամուսինն էլ ռեպլիկի կարգով հուշեց. «Դա էլ կցեք գործին»: Մեղադրողը, ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ վերաքննիչում պնդեց, որ ձեռք բերված ապացույցները համապատասխանում են իրականությանը, ԱԱԾ փոխգնդապետի ցուցմունքները արժանահավատ են, նա օգնել է դատաքննչական մարմիններին՝ վեր հանելու ճշմարտությունը: «Արարքի վերաորակավորման խնդիր չկա: Առաջին ատյանի դատարանի կողմից տրվել է համապատասխան պատիժ: Վոլֆսոնը ճամպրուկը վերցրած չի գնա: Սակայն նա իսկապես զղջացել է, ու ես չեմ կարող անտարբեր անցնել»,- ասաց մեղադրողը: Եվ քանի որ, ըստ նրա, Աստծո կամքով չէր իրականացվել մահափորձը, հետեւաբար, միջնորդեց Վոլֆսոնի համար 6 տարվա ազատազրկում, իսկ Սիլվայի մասով միջնորդեց, որ պատժաչափը մնա նույնը:

Դատարանը, եթե հարգի միջնորդությունը, ապա Վոլֆսոնը հավանաբար ազատ կարձակվի սեպտեմբերից, քանի որ նա ուղիղ երեք տարի առաջ, 2005թ. սեպտեմբերին է ազատազրկվել (հիշեցնենք, որ ըստ օրենքի, մինչեւ դատապարտումն անազատության մեջ գտնված ժամկետը հաշվվում է կրկնակի): Սակայն ոմանք կասկածում են՝ այդպիսի բացառիկ ինֆորմացիաների տիրապետող Վոլֆսոնին, արդյոք, բաց կթողնե՞ն: Կարեւորը ցուցմունքն էր, ինչը նա տվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել