Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՇՏՈՆՆԵՐՆ ԱՆՑՈՂԻԿ ԵՆ, ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄՆԱՅՈՒՆ»

Հունիս 04,2008 00:00

\"\"Երեկ ասաց «Երկիր» թերթի խմբագիր, այսուհետ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը՝ խոստանալով լրագրողների հետ «բաց» աշխատել:

Երեկ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Սպարտակ Սեյրանյանին՝ միաժամանակ իր եւ վարչապետի անունից շնորհակալություն հայտնելով նախկինին՝ Լեւոն Մկրտչյանին:

«Ինձ համար շատ հաճելի է այս միջավայրում, որովհետեւ երկուսն էլ իմ հին ընկերներն են»,- ակամա «դաշնակցականաբար» արտահայտվեց Ա. Գեւորգյանը: Տեսնելով ներկաների ժպիտները, նա հավելեց. «Նկատի ունեմ ո՛չ կուսակցական իմաստով: Ես ե՛ւ պարոն Մկրտչյանին, ե՛ւ պարոն Սեյրանյանին վաղուց եմ ճանաչում: Պարոն Սեյրանյանի հետ, բացի պետական աշխատանքից, նաեւ շատ հետաքրքիր քաղաքական պրոցեսներով ենք անցել»:

ԿԳ արդեն նախկին նախարար Լ. Մկրտչյանը վստահություն հայտնեց, որ չնայած նախարարի փոփոխությունը տեղի է ունենում քննությունների շրջանում, սակայն, որեւէ խնդիր չի առաջանա, եւ համակարգը հստակ կաշխատի: Ա. Գեւորգյանն էլ հիշեցրեց, որ ուրբաթ օրը նախագահ Սերժ Սարգսյանը Լեւոն Մկրտչյանի ու մարզպետների հետ հանդիպման ժամանակ խնդիր է դրել, որպեսզի քննություններն անցնեն արդար, եւ գիտելիքներ ունեցող երեխաները հայտնվեն բուհում:

«Առավոտի» դիտարկմանը, թե ԿԳ նախարարի պաշտոնը պահանջում է ամուր նյարդեր, որովհետեւ ցանկացած բացթողում ենթադրում է քննադատության տարափ, իսկ ինքը բնույթով զգացմունքային եւ բռնկվող է, պարոն Սեյրանյանը պատասխանեց. «Չգիտեմ ինչու տպավորություն ունեմ, որ կրթության ոլորտում աշխատանքները եւ ընդհանուր ծանրաբեռնվածությունը հենց էմոցիոնալ առումով ավելի հանդարտ է, քան քաղաքական դաշտում: Բացի դրանից, փորձը, որ կուտակել եմ քաղաքական դաշտում՝ էմոցիոնալ մարդկանց հետ շփվելիս, թերեւս, բավարար կլինի պրագմատիկ մարդկանց հետ շփման ժամանակ: Ինչ վերաբերում է ԿԳ նախարարությանը, այստեղ պրագմատիկ մարդիկ են աշխատում, որոնք էմոցիաների համար ո՛չ ժամանակ ունեն, ո՛չ էլ տրամադրություն»:

Մեր հաջորդ հարցին՝ ի՞նչ դասեր է քաղել լրագրող, հետագայում՝ նախարար Սերգո Երիցյանից, խմբագիր, այժմ՝ նախարար Սպարտակ Սեյրանյանը պատասխանեց. «Շատերից եմ դասեր քաղել, բայց Սերգո Երիցյանը նրանց թվում չէ»: «Առավոտի» հարցին՝ շարունակելո՞ւ է Լ. Մկրտչյանի վարած քաղաքականությունը, թե՞ աշխատելու է այլ ձեռագրով, նախարարը պատասխանեց. «Լեւոն Մկրտչյանը ստեղծել է աշխատանքային ուժեղ թիմ եւ իր աշխատանքի մեթոդաբանությունը: Ցանկացած մարդ, անկախ նրանից՝ ստորին աստիճանի մասնագետ է, թե ղեկավար, պետք է հաշվի առնի, որ այս նախարարությունում կան ավանդույթներ ու փորձի իր ձեռագիրը հարմարեցնել նախարարության աշխատանքին ու ձեռագրին»: Իսկ երբ հույս հայտնեցինք, որ լրագրողների հետ բաց աշխատելու ավանդույթները կշարունակվեն, «երկուօրական» նախարարն ասաց. «Իհարկե, պաշտոններն անցողիկ են, մասնագիտությունը՝՝ մնայուն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել