Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղում են ռուսական իմպերիալիզմի խաղը»

Հունիս 04,2008 00:00

Հայրիկյանը կրկին ամեն ինչում մեղադրում է ԿԳԲ-ին

Նախկին քաղկալանավոր Պարույր Հայրիկյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում՝ ի հեճուկս իշխանական ճամբարից հնչող պնդումների, թե Հայաստանում քաղաքական դրդապատճառներով ձերբակալված մարդիկ չկան, հայտարարեց, որ բոլոր այն մարդիկ, ովքեր «խոսքի համար» են կալանավորվել՝ քաղկալանավորներ են:

Պարոն Հայրիկյանը, իհարկե, այն կարծիքին չէ, որ բոլոր կալանավորվածները՝ առանց բացառության, քաղաքական են. «Իսկապես չափն անցած մարդիկ կան, որ տուգանվում են, նախազգուշացվում կամ նրանց ներում է շնորհվում, ինչը անում էին նույնիսկ բոլշեւիկները, երբ ճգնաժամային իրավիճակում հայտնվեցին: Նկատի ունեմ Գորբաչովին՝ 80-ական թվականներին: Բայց ասել, որ Ալեքսանդր Արզումանյանը քրեական հանցագործ է կամ Պետրոս Մակեյանը, ով իր գնահատականներում բավական խիստ է, քաղկալանավոր չի՞: Կուսակցության ղեկավար է եւ իր դիրքորոշման համար հետապնդվել է»: Բոլոր այն մարդկանց, ովքեր, ըստ իշխանությունների, սխալներ են թույլ տվել, Պարույր Հայրիկյանի կարծիքով՝ կարելի էր նախազգուշացնել, որ երկրորդ անգամ բռնարարքների կոչ անելու դեպքում խիստ կպատժվեն՝ ու բաց թողնել: Իսկ ներկայիս իրավիճակը, մեր զրուցակցի բնութագրմամբ՝ «Հավանաբար ԿԳԲ-ի եւ նրա գործակալների պատվերն է, որ ոչ թե Հայաստանը ինքը հայտարարի, թե հեռանում է Եվրոպայից ու չի պատրաստվում մերձենալ, այլ՝ Եվրոպան Հայաստանին հեռացնի»: Որովհետեւ՝ «Եթե անցյալում ռուսական իմպերիալիզմի քաղաքականությունն էր՝ Հայաստանը մեզ պետք է առանց հայերի, ապա այսօր՝ Հայաստանն իրենց պետք է քիչ եւ թույլ հայերով, որպես թույլ երկիր, որպես ոչ թե Հայկական լեռնաշխարհի արեւելյան տարածք, այլ Հարավային Կովկասի հանրապետություններից մեկը: Հավանաբար նկատել եք՝ մեզ արդեն այդպես են բնութագրում: Այլեւս պատմական Հայաստան եւ Հայկական լեռնաշխարհ չկա: Սա ԿԳԲ-ի քաղաքականությունն է, ու գնալով ավելի եմ համոզվում, որ իրենք ցանկանում են այնպես անել, որպեսզի Հայաստանի սխալ քայլերի արդյունքում Եվրոպան ինքն ասի՝ հեռու մնացեք մեզանից»,- ասում է ԱԻՄ նախագահը: Բայց նա հույս ունի, որ Եվրոպայում այնուհանդերձ կհասկանան, որ Հայաստանում ԿԳԲ-ի գաղտնի գործակալական ցանցը բացահայտված չէ՝ ի տարբերություն Արեւելյան Եվրոպայի երկրների հիմնական մասի, եւ «այստեղ գործ անողները ոչ թե հայ ժողովրդի ներկայացուցիչներն են, այլ ԿԳԲ-ի գործակալները»:

Իբրեւ քաղաքական ուժի ղեկավար՝ Հայրիկյանն ասում է, որ իրենից քիչ բան է կախված երկիրն այս վիճակից դուրս բերելու համար, բայց տարատեսակ հրավերներ է ստանում մարդու իրավունքներին վերաբերող տարբեր համաժողովներին մասնակցելու եւ փորձելու է այդ ամբիոններն օգտագործել, «որ մարդկությունը մի քայլ առաջ գնա»: Նրա համոզմամբ, գնդակն այսօր Հայաստանի իշխանությունների դաշտում է: Ինքն այս ընթացքում իշխանություններին խորհուրդներ է տվել, հորդորել է, կոչ է արել, որ «այսպես չպիտի արվի. երբեմն լսում են, բայց առաջ կարծես ավելի էին լսում»: Դա մեր զրուցակցին չի հուսահատեցնում. իշխանությանը դարձի բերելու իր առաքելությունը նա շարունակելու է, բայց ասում է, որ ամեն ինչ կախված է «իշխանավորներից եւ նրանց՝ ԿԳԲ-ից անկախ լինելու չափից»: Իսկ իշխանությունների այսօրվա քայլերը ցույց են տալիս, որ նրանք «խաղում են ռուսական իմպերիալիզմի խաղը»: «Թող Ռոբերտ Քոչարյանը չուրախանա, թե ինքն իր խաղը խաղաց. ինքն արեց այն, ինչ կկամենար ռուսական իմպերիալիզմը՝ Հայաստանը որակազրկել, վարկաբեկել, Հայաստանի վարկանիշը գցել, հայ մարդկանց եւ Հայաստանով հետաքրքրվող մարդկանց մի զգալի մասին հիասթափեցնել»,- ասում է, իր բնութագրմամբ, ողջ կյանքը ռուսական իմպերիալիզմի դեմ պայքար տարած գործիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել