Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԼԱՆ Գ»-Ն ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐՆ ԷՐ

Հունիս 04,2008 00:00

\"\"«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանին մեղադրանք առաջադրելիս երկար էին մտածել:

2008թ. նախագահական ընտրությունների հետընտրական պրոցեսների ընթացքում բերման ենթարկված եւ քաղաքական հետապնդման «զոհ» դարձած առաջին քաղկալանավորներից մեկը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, արցախյան ազատամարտի մասնակից եւ «Մեծն Տիգրան» ջոկատի հրամանատար, ԳԽ եւ ԱԺ՝ 1990-2007թթ. պատգամավոր Սմբատ Այվազյանն է: ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության դիմակավորված աշխատակիցները նրան բերման են ենթարկել 2008թ. փետրվարի 24-ի առավոտյան, ժամը 11-ի սահմաններում, Տերյան փողոցից, երբ Ս. Այվազյանը տուն վերադառնալիս է եղել: Նրա մոտից, իսկ ավելի ճիշտ՝ ավտոմեքենայի սրահից, առգրավվել էր «Մակարով» տեսակի ատրճանակ: «6-րդ» վարչությունում արձանագրություն էր կազմվել առ այն, որ Ս. Այվազյանը բերման է ենթարկվել՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով: Ոստիկաններին երկու ժամ էր անհրաժեշտ եղել ճշտելու համար, որ իրենց կասկածներն անհիմն են եղել, եւ որ Ս. Այվազյանի մոտ եղած «Մակարով» մարտական զենքն օրինական է եւ նրան է պատկանում անժամկետ, ինչի մասին կա իրենց՝ ոստիկանության համապատասխան թույլտվությունը: Թվում է՝ բնական եւ օրինաչափ կլիներ, եթե ոստիկանությունը, փարատելով իր կասկածը՝ Ս. Այվազյանի մոտ ապօրինի զենք-զինամթերք լինելու վերաբերյալ, նրան անմիջապես ազատ արձակեր եւ ներողություն խնդրեր պատճառված անհանգստության համար: Բայց քանի որ իշխանությունների բուն նպատակը ոչ թե քաղաքացիների մոտ եղած ապօրինի զենք-զինամթերքը հավաքելն էր եղել, այլ այլախոհներին պատժելն ու մեկուսացնելը, նրանց համար Ս. Այվազյանի դեմ գործ թխելը կենսական անհրաժեշտություն էր: Տեսնելով, որ ընդդիմադիր գործչի դեմ «զենք-զինամթերքի» մասով գործ սարքելն անիմաստ է, ոստիկանությունը անցել էր «պլան բ»-ի, որը մոգոնելու համար նրանից պահանջվել էր շուրջ 10 ժամ: Հենց այդքան ժամանակ ապօրինաբար՝ առանց որեւէ հիմնավորման, Ս. Այվազյանին պահել էին 6-րդ վարչությունում, ապա ժամը 23-ի սահմաններում հայտնել, որ տանում են ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ ձեւականությունը պահելու համար թղթեր կլրացվեն եւ իրեն բաց կթողնեն: «Անհասկանալի պատճառներով, առանց որեւէ հիմքի եւ համապատասխան փաստաթղթավորման, Ս. Այվազյանին Կենտրոնի ոստիկանություն էին տարել, հետո նույնքան ապօրինաբար, ձեռնաշղթաներով եւ ավտոմատավորների ուղեկցությամբ Կենտրոնի ոստիկանությունից տարել էին դատաբժշկական փորձաքննության՝ ստուգելու՝ նա թմրանյութ օգտագործե՞լ է, թե՞ ոչ, փորձանմուշներ էին վերցրել եւ այլն»,- փաստեց Ս. Այվազյանի պաշտպան Հովիկ Արսենյանը: Բայց քանի որ փորձաքննության արդյունքներն էլ ոստիկանության համար «մխիթարական» ոչինչ չէին տվել, հայրենի իրավապահներն անցել էին «պլան գ»-ին՝ «դիմադրություն» էին բեմադրել: Ըստ ոստիկանության երեք աշխատակիցների ներկայացրած զեկուցագրերի, Ս. Այվազյանը, որը չէր դիմադրել իրեն «6-րդ» վարչություն բերման ենթարկելիս, պարզվում է, դիմադրություն էր ցույց տվել նարկոդիսպանսերից «6-րդ» վարչություն տարվելու ճանապարհին, ավտոմեքենայում, այն էլ՝ ձեռնաշղթաներ կրած վիճակում. նա, իբր, բռունցքով հարվածել էր ոստիկաններից մեկի կրծքավանդակին, դիմադրություն էր ցույց տվել նաեւ ոստիկանության շենքի բակում: Հենց այդ զեկուցագրերի հիման վրա էլ Ս. Այվազյանին ձերբակալել էին եւ մեղադրանք էին առաջադրել ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի հատկանիշներով, եւ նա առ այսօր շարունակում է մնալ անազատության մեջ:

Սմբատ Այվազյանի կալանքի ժամկետն արդեն երկու անգամ երկարաձգվել է, թեեւ այդ ընթացքում՝ արդեն ավելի քան երեք ամիս, նրա հետ որեւէ քննչական գործողություն չի կատարվել, եւ նրա՝ ազատության մեջ լինելը որեւէ կերպ քննությանը խոչընդոտել չէր կարող: Դեռ մեղադրանք առաջադրելուց հետո, երբ ոստիկաններից մեկին բերել են նրա հետ առերեսման, Ս. Այվազյանը հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը՝ դիմադրությունը, բեմադրություն է եղել, հետեւաբար՝ ինքը որեւէ քննչական գործողության չի ուզում մասնակցել, ցուցմունք տալ չի ուզում եւ իրեն համարում է քաղաքական պատանդ եւ բանտարկյալ: «Ի՞նչ դիմադրության մասին է խոսքը: Ի՞նչ իրավունքով են քաղաքացուն 12 ժամ ապօրինի պահում «6-րդ» վարչությունում, հետո ի՞նչ նպատակով են տանում Կենտրոնի բաժին, հետո՝ նարկոդիսպանսեր: «6-»-ը կասկածո՞ւմ էր զենք պահելու մեջ, փարատվեց այդ կասկածը, մարդը պետք է ազատ արձակվեր, ինչո՞ւ էր նա տարվել ոստիկանության բաժին, ի՞նչ բարոյական եւ իրավական հիմքեր ունեիք նրան փորձաքննության ենթարկելու համար: Հիմնավորեք, փաստաթուղթ ցույց տվեք: Եվ ամենակարեւորը, 3 ժամ ոստիկանությունում պահելուց հետո Ս. Այվազյանին ձերբակալելու սանկցիա պետք է տրվեր, ինչը չի արվել: Դրանից հետո ոստիկանների ցանկացած այլ գործողություն Ս. Այվազյանի նկատմամբ ապօրինություն է: Ինչպե՞ս կարելի է Այվազյանին ասել, թե՝ Դուք չեք ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին: Ասեք՝ այդ ի՞նչ օրինական պահանջ էիք ներկայացրել: Շատ արհեստականորեն կազմված եւ շինծու մեղադրանք է»,- հայտարարեց Հ. Արսենյանը: Նա նաեւ հավելեց, որ ինքը եւ Սմբատ Այվազյանը շարունակում են պահանջել քննչական մարմնից՝ եթե գտնում եք, որ Ս. Այվազյանի արարքում իսկապես հանցագործություն կա, գործն ուղարկեք դատարան: «Դատաքննությամբ վեր հանեք, թե այդ ի՞նչ գործողություն, հանցավոր արարք է թույլ տվել իմ պաշտպանյալը: Չնայած որպես այդպիսին մենք դատարան էլ չունենք, բայցեւայնպես, մեղադրանքն այնքան արհեստածին է, որ դատաքննությամբ այն կարճելուց բացի՝ որեւէ այլ բան չի մնա, եթե դատողները, իհարկե, ողջախոհ լինեն»,- եզրափակեց պաշտպանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել