Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕՐԵՆՔՈՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ» ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ

Հունիս 04,2008 00:00

Ի կատարումն ԵԽԽՎ 1609 բանաձեւի պահանջներից մեկի, ԱԺ-ն «ընդդիմության համար աշխատանքի անհրաժեշտ պայմաններ է ստեղծում»:

Խորհրդարանում շրջանառության մեջ է դրված «Օրենք՝ ընդդիմության մասին», ավելի հստակ այն ձեւակերպված է այսպես. «ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»: Հեղինակը կոալիցիան է: Թե ինչո՞ւ է անհրաժեշտություն ծագել օրենքով սահմանել «ընդդիմություն» ասվածը, պարզ է՝ ԵԽԽՎ 1609 բանաձեւում հստակ պահանջ կա՝ հնարավորություններ ստեղծել ընդդիմության ազատ գործունեության համար: Կոալիցիան էլ դա հասկացել է այսպես. սահմանել, թե ի՞նչ է նշանակում ընդդիմություն. «Քանի որ ՀՀ օրենսդրությամբ խորհրդարանական ընդդիմության իրավական կարգավիճակը սահմանված չէ, ուստի օրենքի նախագծով առաջին հերթին տրվում է ընդդիմադիր խմբակցություն հասկացության սահմանումը, ըստ որի՝ խմբակցությունը համարվում է ընդդիմադիր, եթե մինչեւ նորակազմ կառավարության ծրագրին ԱԺ-ի կողմից հավանություն տալը խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը ԱԺ նիստում հանդես է գալիս ընդդիմադիր լինելու մասին հայտարարությամբ եւ նորակազմ կառավարության կազմում խմբակցությունը ստեղծած առանձին կուսակցության կամ կուսակցությունների դաշինք կազմած կուսակցության անդամ ընդգրկված չէ»: Եթե մի կողմ թողնենք ձեւակերպման վիճելիությունը, ապա կարելի է առնվազն արձանագրել, որ սա օրենք է զուտ խորհրդարանական ընդդիմության մասին, իսկ 1609 բանաձեւի պահանջը, ըստ ամենայնի, վերաբերվում է ամբողջ ընդդիմությանը (նաեւ արտախորհրդարանական):

Ըստ նախագծի, ընդդիմադիր խմբակցությունը հնարավորություն է ստանում հերթական նստաշրջանի յուրաքանչյուր երկրորդ քառօրյայի մեկ նիստում քննարկման դնել իր կողմից արտահերթ համարվող մեկ հարց: Օրենքի նախագծի հիմնավորման մեջ խիստ կարեւորված այս կետի մասով նշված է. «Այս փոփոխությունը ընդդիմադիր խմբակցության համար ստեղծում է լուրջ հնարավորություն ԱԺ օրակարգում արտահերթ կարգով հարցեր ընդգրկելու եւ դրանք քննարկելու (ներկայումս ԱԺ որոշման նախագիծ ընդգրկելու կամ ԱԺ արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի համաձայնությունը, որը ստանալը փոքրաթիվ խմբակցությունների համար գրեթե անհաղթահարելի արգելք է)»: Նորություն է նաեւ հետեւյալը՝ կառավարությանը հարցերով դիմելիս ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ստանում են առաջնահերթության իրավունք:

Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի գնահատմամբ, այս օրինագիծը ծնվել է նաեւ այն պատճառով, որ «դեռ չեն ձեւավորվել բնականոն փոխհարաբերություններ ընդդիմության եւ իշխանությունների միջեւ, եւ այդ բնականոն փոխհարաբերությունների չձեւավորման արդյունքում ցանկացած ընտրության ժամանակ, ցավոք, պարզորոշ երեւում է, որ եթե ընդդիմությունը գա իշխանության, պետք է ոչնչացնի իշխանություններին, իսկ եթե իշխանությունը մնա իշխանություն, պետք է ոչնչացնի ընդդիմությանը: Փոխադարձաբար ինքնաոչնչացման այս արատավոր մոտեցումը ընկած է նորանկախ Հայաստանի քաղաքական պատմության հիմքում: Սա նաեւ պառլամենտարիզմի որոշակի ավանդույթների բացակայության հետեւանք է: Ինչ վերաբերում է ձեր հարցին՝ հնարավո՞ր է արդյոք ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները օրենսդրորեն կարգավորել, ապա կարծում եմ՝ դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է ընդդիմության եւ իշխանությունների փոխհարաբերությունների կարգավորման հարցում: Ի դեպ, նկատենք, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ չի եղել որեւէ դեպք, երբ իշխանությունը փոխվի ընտրությունների արդյունքում, սա նույնպես ցույց է տալիս, որ մեր քաղաքական կյանքը զգալիորեն դեֆորմացված է»:

Ըստ Վիկտոր Դալլաքյանի, ընդդիմության գործունեության երաշխիքներ ստեղծելու համար վերոհիշյալ օրենսդրական նախաձեռնությունը բավարար պայման չէ:

«Ընդդիմության մասին» օրենքի նախագիծ է պատրաստում նաեւ խորհրդարանական միակ ընդդիմադիր խմբակցությունը: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ այս նախագծի նպատակը «ներկայացուցչական, խորհրդարանական եւ բազմակարծ ժողովրդավարության ապահովումն է, նաեւ՝ ընդդիմությանը երաշխավորված կարգավիճակի, իրավունքների, պարտականությունների վերապահումը եւ հանրային գործերի ու ԱԺ-ի կառավարմանը ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունների մասնակցության ապահովումն է: Պիտի ասեմ, որ մեր այս նախագծի կազմումը ամբողջովին հենվում է ԵԽԽՎ 1609 բանաձեւի վրա, ուսումնասիրված է բազմաթիվ երկրների փորձ»: Ըստ Ստեփան Սաֆարյանի, կոալիցիայի նախագիծը միայն մասնակի լուծումներ է տալիս խնդիրներին:

 Հ. Գ. Ըստ որոշ դիտորդների, կոալիցիայի կողմից շրջանառության մեջ դրված նախագիծը սահմանելով, թե որն է ընդդիմադիր խմբակցությունը, փորձելու է նաեւ սահմանափակել որոշ կուսակցությունների՝ պարբերաբար եւ տեղի-անտեղի ընդդիմադիր դառնալու ախորժակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել