Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավական խճանկար

Հունիս 03,2008 00:00

Գողացել են դատախազի քանդակը

«Առավոտի» տեղեկություններով, Քաղաքային պանթեոնից գողացել են ՀՀ նախկին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի պղնձաձույլ դիմաքանդակը: Քանդակի հեղինակն էր Արա Շիրազը:

Քանդակի անհետանալու մասին իմացվել է դատախազության օրվա հանդիսության ժամանակ, երբ գլխավոր դատախազն ու նրա տեղակալները պետք է այցելեին գերեզմանատուն՝ ծաղիկներ դնելու իրենց գործընկերոջ շիրիմին:

Բոջոլյանի գործը իրար են փոխանցում

Լրտեսության համար դատապարտված եւ Արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող՝ լրագրող, թուրքագետ Մուրադ Բոջոլյանը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Նա պահանջել էր, որպեսզի պարտավորեցնեն քրեակատարողական հիմնարկին՝ իրեն պայմանական վաղակետ ազատելու մասին ՔԿՀ որոշումը ներկայացնելու միջգերատեսչական հանձնաժողովին: Հիշեցնենք, որ մեկուսարանի վարչական հանձնաժողովը որոշել էր միջնորդագիր չուղարկել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ՀՀ նախագահի հրամանով ստեղծված անկախ համապատասխան հանձնաժողովին, քանի որ Բոջոլյանը չի ընդունել իր մեղքը:

Ընդհանուր իավասության դատարանում ատասխանող կողմ էր ճանաչվել «Երեւան-Կենտրոնը»:Դատարանը վերադարձրել էր Բոջոլյանի դիմումը, գտնելով, որ գործը պետք է լսվի վարչական դատարանում: Դատավոր Ա.Պետրոսյանը վկայակոչել էր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասը, որով «վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը» եւ «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ իրավունք ունի դիմել վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով՝ խախտվել է ՀՀ սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով եւ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներն ու ազատությունները»:

Ուշադրության արժանի է այն, որ Բոջոլյանը դրանից հետո դիմել է ՀՀ վարչական դատարան: Վարչական դատարանն ուսումնասիրելով 7 տարի ազատազրկված դատապարտյալի դիմումը, գտավ, որ գործը պետք է քննի ընդհանուր իրավասության դատարանը. «Պատիժը կրելուց վաղաժամկետ ազատվելու հետ կապված ցանկացած հարց բխում է քրեական վարույթի ընթացքում ծագող իրավահարաբերություններից եւ ընդդատյա չէ ՀՀ վարչական դատարանին»: Եվ քանի որ Դատական օրենսգրքի համաձայն էլ վերոհիշյալ գործերը ենթակա չեն, որպեսզի քննեն քրեական կամ քաղաքացիական դատարանները, ուստի այն քննելու է ընդհանուր իրավասության դատարանը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հատուկ քաղաքացիական ծառայություն

Ըստ «Մեդիամաքս» գործակալության, մայիսի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստը: Նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձել է Գլխավոր շտաբի կառուցվածքում ստեղծվելիք՝ Հայաստանի զինված ուժերի զարգացման ռազմավարական պլանավորման վարչությանը, դրա խնդիրներին. «Հանձնաժողովի նիստերը պետք է անցկացվեն առնվազն ամիսը մեկ անգամ, դրանց ընթացքում պետք է քննարկվեն պաշտպանական բարեփոխումներին վերաբերող բոլոր հարցերը, արդյունքների մասին անձամբ ինձ պետք է հաշվետվություն ներկայացվի»:

Նախարարն ասել է, որ հիմնական փաստաթղթերից մեկը լինելու է «Զինված ուժերի զարգացման պլանը», եւ հնարավոր է, որ այն շեշտադրվի որպես «2010-2015թթ. Հայաստանի զինված ուժերի զարգացման պետական ծրագիր»: Ս. Օհանյանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հատուկ քաղաքացիական ծառայության են անցնելու մեծ թվով զինծառայողներ՝ գնդապետներ, փոխգնդապետներ, մայորներ, կապիտաններ, ենթասպաներ, ովքեր իրենց վարչություններում եւ բաժիններում զբաղեցնում են զինվորական հաստիքներ: «Հատուկ քաղաքացիական ծառայության անցնելու գործընթացը մոտեցել է վերջին փուլին, եւ այդ համակարգը պետք է գործի այս տարվա նոյեմբերի 1-ից: Անհրաժեշտ է ուսումնասիրել յուրաքանչյուր զինծառայողի գործը, զրուցել նրա հետ, ուշադիր լսել նրա ցանկություններն ու խնդրանքները: Իսկ նրանց, ում մինչեւ զինվորական կենսաթոշակին անցնելը մնացել է մեկ-երկու տարի, հնարավորություն տալ ծառայելու, օգնել տեղափոխվելու այլ կառույցներ, որտեղ նախատեսված է զինվորական ծառայություն»,- հայտարարել է պաշտպանության նախարարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել