Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄԵՆԱԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ ՄՆՋԱԽԱՂՆ Է»

Հունիս 03,2008 00:00

\"\"Ասում է Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը

Օրերս Պատանի հանդիսատեսի թատրոնում Երեւանի պետական մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը ներկայացրեց իր հերթական պրեմիերան՝ ըստ Դ. Դեմիրճյանի «Գիրք ծաղկանց» վիպակի:

Մնջախաղը մեր երկրում խորն արմատներ ունի: Սակայն միջնադարյան Հայաստանում տարածված արվեստի այս տեսակին մեզանում անդրադարձ եղավ միայն 20-րդ դարի 60-ականների վերջին՝ Հենրիկ Պողոսյանի կողմից, որը ստեղծեց «Տուշպա» մնջախաղի թատրոնը: Այնուհետեւ Արսեն Փոլադովը 1974թ. Երեւանի Լուսաշխի տանը հիմնեց մնջախաղի թատրոն, որն էլ պետականացվեց 1982թ.: Մասնագետների բնորոշմամբ, 80-ականներին թատրոնի ձեռագիրն ավելի շատ ցուցադրական մնջախաղի ժանր էր հիշեցնումէ դրամատիկ արվեստի տարրորով: Այսօր Ժ. Դադասյանը իր ղեկավարման տասը տարիների ընթացքում թատրոնի դեմքը ենթարկեց փոփոխության, այժմ գերիշխում է մարմինը որպես նյութ դարձնելու արտահայտչամիջոցը եւ ներկայացումից ներկայացում նկատվում է ժանրի շրջանակները ընդլայնելու միտում:

«Գիրք ծաղկանց» բեմադրությունում ռեժիսորն առաջին անգամ ներկայացման ընթացքում օգտագործել էր զուգորդում՝ հանդիսատեսին տրված էր ներկայացումը դիտելու երկու հարթություն՝ էկրան եւ բեմական խաղ: Իսկ բեմում չորս ավետարանիչների կերպարներով հայկական բարձրաքանդակ էր, որոնք արտիստների շնորհիվ խորհրդանշում էին արծիվը, հրեշտակը, առյուծը եւ ցուլը: Ակնհայտ էր մնջախաղացների տեխնիկական վարպետությունը, հատկապես նշենք Փոքրիկ պոետին՝ կերպար, որն իր մատուցմամբ հիանալի էր մարմնավորում դերասանուհի Նաիրա Եդիգարյանը: Ներկայացման առանցքում երաժիշտ ստեղծագործող Վահան Արծրունու «Տասը հայտնություն» ստեղծագործությունն էր՝ ըստ Կոմիտասի բանաստեղծությունների:

«Առավոտին» հետաքրքրող երկու հարցերին սիրով պատասխանեց Ժ. Դադասյանը:

– 2001-ին կազմակերպեցիք «Նազենիկ» մնջախաղի միջազգային փառատոնը, օրեր առաջ էլ մեզ հայտնեցիք, որ հունիսի 10-15-ը Ծաղկաձորում կանցկացվի մնջախաղի թատրոնների առաջին միջազգային փառատոնը: Արդյո՞ք այդ միջոցառումներն ունեն միջազգային նշանակություն:

– Նոր ծնվող փառատոնը ճանապարհ պետք է անցնի միջազգային ճանաչման արժանանալու համար: Հույս ունեմ, որ ծաղկաձորյան փառատոնը կլինի այդպիսին: Նախ, այն կանցկացվի երկու տարին մեկ, այսինքն՝ շարունակական բնույթ կկրի, երկրորդ՝ փառատոնը ինքնանպատակ չէ եւ անմիջականորեն կապվում է Հայաստանում զբոսաշրջության զարգացման հետ: Միջոցառմանն իրենց մասնակցությունը կբերեն Իսպանիայի, Իտալիայի, Հունաստանի, Ռուսաստանի թատրոնները: Բանակցության փուլում ենք Ֆրանսիայի եւ Գերմանիայի մնջախաղացների հետ: Փառատոնի շրջանակներում ներառված են նաեւ փողոցային թատրոններ: Այսինքն՝ լինելու է տոն, կարնավալ, տոնավաճառներ, գույներ…

– 21-րդ դարում ինչքանո՞վ է արդիական թ ատրոնի այս տեսակը:

– Մնջախաղը ամենադեմոկրատական եւ ամենահասկանալի «մարդկային լեզուն» է, հետեւաբար, ցանկացած մարդ, դիտելով այն, ունենում է իր ապրումներն ու զգացումները՝ անկախ ազգային եւ կուսակցական պատկանելությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել