Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկանց շպրտեցին ավտոբուս եւ ծեծեցին

Հունիս 03,2008 00:00

Դատավորը վկային անվանեց ամբաստանյալ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ՝ Միսակ Հովակիմյանի դատավարությունը: Վերջինս, ինչպես շատերը, մեղադրվում է Քրօրի 316 հոդվածի առաջին մասի՝ «իշխանության ներկայացուցչին դիմադրելը եւ չենթարկվելը» հատկանիշով: Երեկ ցուցմունք տվեց Մ. Հովակիմյանին ձերբակալած ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի արդեն նախկին օպերլիազոր Էդգար Պետրոսյանը: Վերջինս, ի տարբերություն նախորդ դատական նիստի , համեմատաբար զուսպ էր: «Կենտրոնի բաժնից Հովակիմյանին տարանք Արաբկիրի բաժին: Նրան տարել ենք 3 աշխատակիցներով: Կային այլ բերման ենթարկվածներ էլ, որոնց թիվը չեմ հիշում: Անձամբ ես եմ կազմել նրա ձերբակալման արձանագրությունը: Եթե բերման ենթարկելու ժամը չեմ գրել, ապա ընդամենը տեխնիկական խնդիր է եղել, միտումնավոր չեմ արել: 2 ընթերականերին ես չեմ ճանաչել, քանի որ գործընկերներս են բերել: Նույնիսկ չեմ էլ հիշում, թե ո՞ր ընկերներս էին: Մ. Հովակիմյանին բերման ենք ենթարկել միայն նրա համար, որ դիմադրություն է ցույց տվել: Ընդամենը զգում էինք, որ նրա նպատակն է մուտք գործել Ազատության հրապարակ, թեեւ ինքն այդ մասին որեւէ խոսք չի ասել»,- ասաց ոստիկանը: Պատասխանելով պաշտպան Մ. Շուշանյանին, թե հնարավո՞ր է, որ Մ. Հովակիմյանի փոխարեն ինքն է ստորագրել արձանագրությունը, վկան ասաց, որ իր պրակտիկայում նման բան դեռ չի եղել:

Է. Պետրոսյանը նշեց, որ ինքը ամբաստանյալի կողմից մարմնական վնասվածք չի ստացել, այլ կրել է բարոյահոգեբանական վնաս, քանի որ նա չի կատարել իր պահանջը ու չի հեռացել Ազատության հրապարակի տարածքից: Ըստ վկայի, Մ. Հովակիմյանի այս գործողությամբ վիրավորվել է իր արժանապատվությունը: Նկատենք, որ դահլիճը պայթեց ծիծաղից: Իսկ դատավոր Ռուբեն Ափինյանն էլ վկային անվանեց «ամբաստանյալ»: Թեեւ դատավորն իր «նուրբ» սխալի համար ներողություն խնդրեց, դահլիճից մեկը նկատեց՝ «Ճիշտ էլ ասում է»:

Վկային հարցեր տվեց նաեւ Մ. Հովակիմյանը: Հաղթանդամ Է. Պետրոսյանը նույնիսկ չհիշեց, թե փոքրամարմին, ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառած ամբաստանյալը ի՞նչ է ասել ոստիկանների հասցեին: Վկան ընդամենը «ոչ» պատասխանեց Մ. Հովակիմյանի այն հարցին, թե ինքը, երբ եղել է իրենց բերման ենթարկված ավտոբուսում, տեսե՞լ է այնտեղ կատարվածը: «Մեր նկատմամբ բռնություն կիրառեցին, շպրտեցին ավտոբուսի մեջ, կային մարդիկ, որոնց գլուխներն արյունլվա էր եղել, ծեծել էին: Եթե նա եղել է այնտեղ՝ թող ասի»,- վկային հակադարձեց Մ. Հովակիմյանը: Է. Պետրոսյանի ցուցմունքում ուշագրավ էր այն խոստովանությունը, որ բերման ենթարկվածներին, այդ թվում Մ. Հովակիմյանին, չի բացատրել իրենց իրավունքները. «Նա անձամբ փաստաբան չի ուզել: Ինձ հրահանգ չի եղել ասել, որ փաստաբան ունենալու իրավունք ունի»: Այդ պահին ամբաստանյալը նետեց. «Ինձ պատժում են նրա համար, որ պաշտպանել եմ իմ իրավունքները»:

Դատարանում որպես վկա ցուցմունք տվեց նաեւ Մ. Հովակիմյանի որդին՝ լրագրող Վահագն Հովակիմյանը: Վերջինս դատակոչվել էր դատարանի կողմից: Վ. Հովակիմյանը փաստեց, որ ինքը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից է իմացել, որ հայրն անազատության մեջ է. «Իմ համոզմունքն այն է, որ հայրս այսօր անազատության մեջ է իմ մասնագիտական գործունեության արդյունքում, քանի որ «Հայկական ժամանակի» լրագրող եմ»:

Մեղադրող Արամ Ամիրզադյանը հարցրեց, թե որտեղի՞ց գիտեիք, որ ձեր հայրը մտադրություն է ունեցել գնալ Մյասնիկյանի պողոտա, այլ ոչ թե Ազատության հրապարակ, Վ. Հովակիմյանը պատասխանեց. «Ժողովրդի մեծ մասն այդ օրն այնտեղ էր հավաքված»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել