Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժարվում են բիզնեսից

Հունիս 03,2008 00:00

Հարկերն ու պարտքերը «խեղտում են» գյումրեցի գործարարներին

«Ոգելից խմիչքներ արտադրողների նկատմամբ սկսել են դաժան վարվել՝ տուրքերը 25 հազար դրամից դարձնելով 5 միլիոն, մի մոմենտ 6 միլիոն պիտի բանկում ունենայիր, որ թույլ տային աշխատել: Նման բան աշխարհում չկա, որ նոր օրենքները հետադարձ ուժ ունենան: Կոնկրետ մեր ընկերության հետ եղավ այդպիսի դեպք. մեր լիցենզիայի ժամկետը 2 տարով էր, բայց ութ ամիս դեռ չէինք աշխատել, որ մեր գործունեությունը դադարեցրին՝ պատճառաբանելով, թե օրենքի փոփոխություն է եղել, գնա 5 միլիոն մուծի՝ աշխատի: Ես եթե իմանայի, որ Հայաստանի օրենքները նման ձեւով պետք է գործեն՝ բիզնեսով չէի զբաղվի: 200 հազար դոլար չէի ներդնի շենքեր կառուցելու համար, էսօր էդ շենքը տասը հազար դոլար էլ չարժե: Չեմ էլ կարող դադարեցնել, որովհետեւ պետության ձեռն արդեն զալոժնիկ եմ»,- Գյումրիում օրերս կազմակերպված «Գործարար Շիրակ 2008» ցուցահանդեսի ժամանակ մեզ հետ զրույցում ասաց «Տոնոյենց ընկերության» նախագահ Սասուն Տոնոյանը:

Ցուցահանդեսը նախաձեռնել էին ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատը, Շիրակի մարզպետարանն ու Շիրակի մրցունակության կենտրոնը: Մինչ կազմակերպիչները հիացած գովերգում էին «Գործարար Շիրակ 2008»-ի գաղափարը, շեշտում, որ սրանով մեծ օգուտ են տալիս գործարարներին, վերջիններս լրագրողներին տեսնելով շնչակտուր ներկայացնում էին իրենց խնդիրները՝ դժգոհելով, որ նմանատիպ ցուցահանդեսները գործարարին ոչինչ էլ չեն տալիս, քանի որ Հայաստանում «լիքը հակասահմանադրական» փոփոխություններ են կատարվել»:

Սասուն Տոնոյանը դժգոհեց, որ շիրակցի գործարարների նկատմամբ միշտ էլ խտրական վերաբերմունք է եղել. «Դեռեւս 8 տարի առաջ, երբ մայրաքաղաքում ոգելից խմիչք արտադրողներին վարկեր էին տրամադրում, շիրակցիներին թույլ չէին տալիս օգտվել այդ արտոնությունից, իբրեւ թե երաշխիք չունենալու պատրվակով, սակայն իրականում նպատակը մարզերին մրցակցությունից դուրս թռցնելն էր»: Ու թեեւ, ըստ գործարարի, հիմա բանկերում շատ փող կա, սակայն հավատ չկա, գործարարն այսպիսի պայմաններում վարկի տակից դուրս կգա:

Նմանատիպ ցուցահանդեսներին արդեն իսկ մի քանի անգամ մասնակցած Վանաձորի աշակերտական նստարաններ, տաքացուցիչ-կախիչներ արտադրող «Սլաս» գործարանի փոխտնօրեն Սուրեն Բաբայանն էլ առիթը բաց չթողեց բողոքելու. «Արդյունաբերողը այսօր ինքնարժեքի իջեցման խնդիր ունի, օր օրի գները բարձրանում են, ու արդյունքում մեր արտադրանքը չի վաճառվում, գնորդներն են պակասում: Եթե գները բարձրանում են, բանվորին պիտի շատ աշխատավարձ տաս, որ մնա քո մոտ, ոչ մի լավ վարպետ էսօր 40 կամ 50 հազար դրամով չի աշխատի, իսկ վատ բանցորը պրոֆեսիոնալ գործ չի անի: Մինչեւ երկրում տնտեսական կայունություն չլինի՝ շահութաբեր գործարարությունից խոսել չի լինի: Մետաղի գնի թանկացումն միջազգային շուկայի հետ կարելի է կապել 10%-ով, բայց ոչ՝ 100: Էնպիսի պայմաններ են ստեղծված, որ մենք ինքնածախսերն ենք հազիվ փակում»:

ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Սարգսյանն էոստացավ օժանդակել փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ հարկային դաշտի «փափկեցմանը», այդուհանդերձ, նկատենք, որ թե՛ վերջինիս, թե՛ երկրի նախագահի ու վարչապետի մտահոգությունները անչափ ուշացած են. Գյումրիում արդեն իսկ շատերը սնանկացել ու հարկադրված վաճառքի են հանել իրենց բիզնեսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել