Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՆԱԼՈԳ»՝ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԴԻՄԱ՞Ց

Հունիս 03,2008 00:00

\"\"Երբ օրեր շարունակ հարկայինը ստուգումներ էր անցկացնում «Արմենիա» հիվանդանոցում, բուժաշխատողների մտքով անգամ չէր անցնում, որ հարկայինի սահմանած տուգանքների մի մասն իրենք են փակվելու:

Նախորդ ամիս Հարկային պետական ծառայությունը 40 միլիոն 170 հազար դրամով տուգանել է «Արմենիա» բժշկական կենտրոնին (Հանրապետական հիվանդանոց): Ստուգումներն անցկացվել են Խոշոր հարկ վճարողների տեսչության կողմից՝ բյուջեի նկատմամբ պարտավորությունների ստուգման նպատակով: Այս մասին «Առավոտին» տեղեկացրին Հարկային պետական ծառայությունից: Նշենք, որ նման հարկային ստուգման արդյունքում տվյալ տնտեսվարողը կամ կազմակերպությունը տուգանվում է հիմնականում եկամուտները թաքցնելու, սոցիալական ապահովագրության վճարները չմուծելու եւ հարկային պարտավորությունների անբարեխիղճ կատարման համար:

Թերեւս ուշագրավն այն չէ, որ հարկայինը բավականին խոշոր չափի գումարով տուգանել է «Արմենիային», այլ այն, որ դրանից հետո հիվանդանոցի բաժնի վարիչներն իրենց ենթակայության տակ աշխատող բժիշկներին ու բուժքույրերին հրահանգել են «իրենց հնարավորությունների սահմանում ֆինանսապես աջակցել հիվանդանոցի հիմնադրամին»: Այս մասին «Առավոտին» դժգոհեցին հիվանդանոցի մի քանի բուժաշխատողներ, որոնց անունները հասկանալի պատճառներով չենք նշում: Բուժաշխատողներն էլ, իրենց իսկ հավաստմամբ, որոշել են ապրիլ ամսվա աշխատավարձից 1000-2000 դրամի չափով նվիրատվություն անել հիմնադրամին: Սակայն աշխատավարձ ստանալու ժամանակ պարզվել է, որ իրենց փոխարեն «նվիրատվությունն» արդեն կատարվել է, այն էլ ոչ թե մի քանի հազար դրամի չափով, այլ բժիշկների աշխատավարձից պահվել է 10-հազարական, բուժքույրերից՝ 5-հազարական, իսկ հիվանդանոցում համեմատաբար շատ վաստակող վիրաբույժներից՝ ավելի քան 20 հազար դրամ: Բժիշկները վստահ են, որ հիվանդանոցի տնօրինությունը իրենց աշխատավարձը օգտագործել է՝ հարկայինի սահմանած տուգանքի «տակից դուրս գալու համար»: Ըստ հիվանդանոցի բուժաշխատողների, նմանատիպ դրամահավաքները «Արմենիա» բժշկական կենտրոնում սովորական երեւույթ են, եւ ամեն անգամ, երբ հարկ է լինում շենքում որեւէ բան նորոգել, իրենց աշխատավարձերից պահումներ են արվում: Բժիշկների հավաստմամբ, մի քանի ամիս առաջ էլ իրենք փող են հավաքել հիվանդասենյակների դռները վերանորոգելու կամ հիվանդանոցի շենքում ու բակում մաքրման աշխատանքներ կատարելու համար:

Այս առնչությամբ «Արմենիա» բժշկական կենտրոնի տնօրեն Գարիկ Գրիգորյանն «Առավոտին» ասաց, որ իրենց տուգանքի չափի մասին հարկայինից մեզ տրամադրած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, քանի որ հիվանդանոցը տուգանվել է ոչ թե 40, այլ 30 միլիոն դրամ, որից՝ հայտնաբերված բուն խախտումների համար նշանակված տուգանքը եղել է ընդամենը 17 միլիոն դրամ, իսկ մնացած 13 միլիոնը պարզապես լրացուցիչ տուգանքի ձեւով հետագայում ավելացել է 17 միլիոնին: Թե կոնկրետ ինչ խախտումներ է հայտնաբերել հարկայինը «Արմենիա» բժշկական կենտրոնում, պարոն Գրիգորյանը դժվարացավ նշել, միայն ասաց, որ այն նշանակվել է հարկային պարտավորությունները չկատարելու համար:

Ըստ Գ. Գրիգորյանի, իրականությանը չի համապատասխանում նաեւ բուժկենտրոնի բժիշկների բողոքը, քանի որ իրենց հիվանդանոցը հնարավորություններ ունի իր պարտականություններն ու խնդիրները ինքնուրույն լուծելու, իսկ բողոքի դրդապատճառներն էլ զուտ քաղաքական են: Նրա խոսքերով. «Հիմա ամեն մեկը պալիտիկա է խաղում, ենթադրենք՝ մեկն իր գործը վատ է անում, ասում ես՝ ինչի՞ ես վատ աշխատում, ասում է՝ ես Հանրապետական կուսակցությունից եմ, ոնց կուզեմ, տենց էլ կաշխատեմ, կամ մի ուրիշին էլ մի բան ես ասում, ասում է՝ ես Լեւոն Տեր-Պետրոսյանին եմ սատարում, դրա համա՞ր եք ինձ կպնում: Աշխատանքը դարձրել են քաղաքականություն»: Պարոն Գրիգորյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց նաեւ, որ իրենց հիվանդանոցում գումարներ չեն հավաքվել վերանորոգման կամ այլ աշխատանքներ իրականացնելու համար եւ որ բոլոր 1200 բուժաշխատողներն էլ միշտ ստանում են իրենց հասանելիք աշխատավարձը: Գ. Գրիգորյանից տեղեկացանք նաեւ, որ հիվանդանոցը որեւէ հիմնադրամ չունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել