Լրահոս
Օրվա լրահոսը

Երազանք, որ իրականություն դարձրեց Գագիկ Ծառուկյանը

Հունիս 03,2008 00:00

Տղամարդը իր կյանքի ընթացքում պետք է տուն կառուցի, որդի ունենա եւ ծառ տնկի։ Ու երջանիկ է այն մարդը, ով կարող է ասել, որ իր կյանքի այդ շատ կարեւոր առաքելությունն իրեն հաջողվել է կատարել։ Սակայն այսօր էլ բազմաթիվ են ընտանիքները, հատկապես բազմազավակ, որոնք զուրկ են սեփական օջախից եւ որոնց միակ երազանքը սեփական տանիք ունենալն է։ Ու երբ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Մարտունիի եւ Վարդենիսի՝ թվով երեք բազմազավակ ընտանիքի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը բնակարան նվիրեց՝ ուրախությունն անափ էր։ Եվ ինչպես հետո ներկաներին պատմում էր մարտունեցի բազմազավակ ընտանիքի ավագ որդին՝ «Ինքը դեռ երազում էր տեսել, որ մի օր ապրելու են մաքուր ու գեղեցիկ բնակարանում, բայց Աստված իրեն չէր ասել, թե այդ օրը երբ է գալու»։ Եվ ահա ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մարտունեցի այդ երեխայի ու բազմազավակ մի քանի ընտանիքի ամենանվիրական երազանքն իրականություն դարձրեց եւ նրանց նվիրեց կյանքում ամենացանկալի ու թանկ բանը՝ սեփական օջախը։

Շաբաթ առավոտյան՝ ԲՀԿ կանանց խորհրդի պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանի գլխավորությամբ, կուսակցության պատվիրակությունը շարժվեց Գեղարքունիքի մարզ. այնտեղ նրանց արդեն անհամբեր սպասում էին բազմազավակ երեք ընտանիք, որոնց կյանքի ամենակարեւոր երազանքը իրականություն էր դարձել։ Երբ մարդու հուզմունքն ու շնորհակալանքը իսկապես անկեղծ է, այն բառերով նկարագրելը անասելի դժվար է։ Եվ շատ դեպքերում բառն անզոր է դառնում փոխանցելու այն հուզմունքն ու ուրախությունը, որ Մարտունիում եւ Վարդենիսում ապրեցին սոցիալական ծանր վիճակում գտնվող բազմազավակ այն ընտանիքները, ում Ռոզա Ծառուկյանը հանձնում էր իր որդու նվերը՝ բնակարանի բանալիները։ Որովհետեւ, ինչպես թե՛ Մարտունիում, թե՛ Վարդենիսում ասաց ԲՀԿ կանանց խորհրդի պատվավոր նախագահը՝ «Իմ որդու՝ Գագիկ Ծառուկյանի ցանկացած խոսք անմիջապես վերածվում է արժանապատիվ գործի, եւ եթե Աստված ընտրել է իմ որդուն, ապա բարեգործություն անելը դա Աստծո տվածի մի մասը օգնության կարիք ունեցողներին վերադարձնելն է»։ Մարտունի քաղաքում 9 զավակ՝ յոթ տղա ու երկու աղջիկ ունեցող Հասոյանների ուրախությունը կիսելու էին եկել քաղաքապետը, տեղի ԲՀԿ կառույցի պատասխանատուներն ու բազմաթիվ մարտունեցիներ, որոնք տանտերերի չափ հուզված եւ ուրախ էին։ Իսկ Հասոյանների ընտանիքի համար տեղի ունեցածը նման էր հրաշքի. «Ինձ թվում է, որ դեռ երազում եմ, որտեղ մենք ապրում էինք մաքուր ու սպիտակ տան մեջ, ու մտածում եմ, որ հիմա աչքերս բացեմ՝ երազը կանհետանա»,- բոլորին պատմում էր Հասոյանների յոթ որդիներից ավագը։ Նա ու իր եղբայրները Գագիկ եւ Ռոզա Ծառուկյաններին նաեւ բանաստեղծություններ էին նվիրել, իսկ ամենափոքր Հասոյանը հպարտությամբ հայտարարեց, որ մեծանա՝ կա՛մ տիեզերագնաց է դառնալու, կա՛մ Գագիկ Ծառուկյան. «Բայց ավելի շատ ուզում եմ Գագիկ Ծառուկյան դառնալ»,- իր ապագան նոր ու լուսավոր բնակարանում վերջնականապես որոշեց փոքրիկ տղան։ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հաջորդ կանգառը մարզի Վարդենիս քաղաքն էր. 10 զավակ ունեցող Նունեյանների ու 6 զավակ ունեցող Մանուկյանների ընտանիքները եւս ստացան Գագիկ Ծառուկյանի նվերը՝ բնակարան։ Վարդենիսի քաղաքապետն իր շնորհակալական խոսքում ասաց, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը արժանի եւ ճիշտ ընտրություն է կատարել։ Այս ընտանիքներում եւս հուզմունքը մեծ էր. Մանուկյանների ընտանիքում շուտով ծնվելու է 7-րդ երեխան, եւ արդեն որոշել են աղջկան կոչել Ռոզա՝ ի պատիվ Ռոզա Ծառուկյանի։ Ու հետո անպայման էլի որդի են ունենալու եւ կոչելու են Գագիկ։ «Հիմա արդեն ես հանգիստ եմ իմ ընտանիքի համար, իմ զավակները հայրական տուն ունեն, ու նրանք իրենց ողջ կյանքում հիշելու են, որ այս օջախը իրենց նվիրել է մեծ բարերար Գագիկ Ծառուկյանը»,- ասաց ընտանիքի հայր Անդրանիկ Մանուկյանը։

Օրը ավարտվեց. բազմազավակ ու կարիքավոր երեք ընտանիք եւս սեփական օջախ ունեցան։ Ու հիմա արդեն այդ ընտանիքների փոքրիկների երազները շատ ավելի անխռով են լինելու, որովհետեւ Գագիկ Ծառուկյանը իրականություն է դարձրել նրանց ամենացանկալի երազանքը։ Եվ դա լավագույն նվերն է Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, որ ստացան մեր երկրին ապագա զինվորներ պարգեւած բազմազավակ ընտանիքները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել