Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՂԾՈՒՄ ՈՒ «ԹԽՈՒՄ» ԵՆ ՄԻԱՍԻՆ

Հունիս 03,2008 00:00

Փետրվարի 23-ից ի վեր ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ու դատարանները հենց դրանով էլ զբաղված են:

Օրերս ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը, որն ամիսներ առաջ հերքում էր, թե մարտի 1-ին զինծառայողները զենք են գործածել, «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հետ զրույցում էլ պատասխանատու կերպով հայտարարեց, թե՝ «քաղաքական հայացքների կամ քաղաքական գործունեություն ծավալելու համար որեւէ անձի մեղադրանք առաջադրված չէ որեւէ քրեական գործի շրջանակներում»: Իհարկե, զարմանալի կլիներ, եթե գլխավոր դատախազի ներկայացուցիչն այլ բան ասեր եւ, ասենք՝ պնդեր, որ այո՛, այսօր կան կալանավորված մարդիկ, որոնք քաղաքական հետապնդման զոհեր են, բայց հասկանալի պատճառներով նրանց քրեական հոդվածներ են առաջադրվել: Ճիշտ այդպես էլ խորհրդային տարիներին էր հայտարարվում, որ ԽՍՀՄ-ում քաղբանտարկյալներ չկան: Սակայն այս պահին մեր քննարկելիք խնդիրը քաղբանտարկյալներին առաջադրված մեղադրանքների, նրանց մեղադրական եզրակացությունների անհեթեթությունն է, ինչն ինքնին վկայում է, որ հետընտրական գործընթացներին առնչվող բոլոր քրգործերը բացառապես քաղաքական ենթատեքստ ունեն: Դրա համար բավական է թերթել, ասենք՝ ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») 1-ին մասով մեղադրվողների մեղադրական եզրակացությունները, օրինակ՝ Դավիթ Մաթեւոսյանինը: Նրա մեղադրական եզրակացությունը, ի դեպ, ստորագրվել է 2008թ. ապրիլի 3-ին եւ լի է ոչ միայն անհեթեթություններով, այլեւ՝ կեղծիքներով: Սույն մեղադրական եզրակացությունը մակագրել է ինքը՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը. «Հաստատում եմ, դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ չեմ առարկում»: Այս մակագրությամբ էլ սկսվում է մեղադրականում եղած կեղծիքների շարքը: Ա. Հովսեփյանը կարող էր առարկել կամ չառարկել արագացված դատաքննությանը բացառապես այն դեպքում, երբ նման միջնորդությամբ հանդես գար ամբաստանյալ Դավիթ Մաթեւոսյանը կամ նրա պաշտպանը, այն էլ այն պարագայում, եթե Դ. Մաթեւոսյանն իրեն մեղավոր ճանաչեր առաջադրված մեղադրանքով: Ու թեեւ Դ. Մաթեւոսյանը ո՛չ ապրիլի 3-ին, ո՛չ էլ դրանից առաջ կամ հետո իրեն ոչ միայն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում, այլեւ հայտարարել է, որ ինքը քաղաքական հետապնդման զոհ է, այդուհանդերձ, նրա անունից մեղադրական եզրակացության մեջ գրված է. «Որպես մեղադրյալ ներգրավված Դավիթ Մաթեւոսյանն իրեն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել լիովին եւ ցուցմունք է տվել այն մասին, որ…»: Մեղադրականում Դ. Մաթեւոսյանի վերաբերյալ նաեւ այսպիսի ձեւակերպում կա՝ «զղջալով իր պահվածքի համար՝ հայտնել է, որ…» կամ՝ «բացի մեղադրյալ Դավիթ Մաթեւոսյանի խոստովանական ցուցմունքից, վերջինիս հանցանքը հիմնավորվել է նաեւ քրեական գործով ձեռք բերված հետեւյալ ապացույցներով…» եւ այլն: Թե ինչու են ՀՀ հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչներն ու դատախազությունը փաստեր կեղծում, եւ թե այս տեմպերով ուր կարող է հասնել նրանց երեւակայությունը՝ դժվար է կռահել:

Դ. Մաթեւոսյանի մեղադրական եզրակացության մեջ եղած անհեթեթություններից մեկն էլ արժե մատնանշել: Ըստ այդմ, Դ. Մաթեւոսյանի մեղադրանքը հիմնավորված է ոչ միայն նրա կողմից, իբր, բռնության ենթարկված, բայց մարմնական վնասվածքներ չստացած երկու ոստիկանի ցուցմունքներով, այլեւ՝ «գործով ձեռք բերված այլ ապացույցներով», ասենք, դեպքի վայրի՝ Ազատության հրապարակի զննությամբ: Հիշեցնենք, որ իրավապահները մարտի 1-ին հայտարարեցին «դեպքի վայրում» գտնված հրազենի, պայթուցիկների մասին, իսկ թե դրանք ի՞նչ առնչություն ունեն կոնկրետ Դ. Մաթեւոսյանի հետ՝ պարզ չէ, մանավանդ, որ քրգործում ոչ մի խոսք չկա Դ. Մաթեւոսյանի կողմից ոստիկանների նկատմամբ զենքով կամ պայթուցիկով, մահակով կամ հարմարեցված այլ սարքով բռնություն գործադրելու մասին: Ի դեպ, «դեպքի վայրի զննությամբ» ձեռք բերված կամ «մեղադրանքը հիմնավորող» ապացույցներ կոչվող ընդհանուր շտամպը կարմիր թելով անցնում է մարտի 1-ին Ազատության հրապարակում ծավալված իրադարձությունների առնչությամբ կալանավորված գրեթե բոլոր քաղբանտարկյալների գործերում: Դա, թերեւս, վկայում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունում, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ու նաեւ դատարաններում մարդիկ անցել են աշխատանքի «կոնվեերային» սկզբունքի: Մերկապարանոց չլինելու համար թերթենք եւս մեկ քաղկալանավորի՝ Ավետիք Ներսիսյանի մեղադրական եզրակացությունը: Ա. Ներսիսյանը եւս մեղադրվում է ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա մեղադրական եզրակացությունում էլ այսպիսի պարբերություն կա. «Մեղադրյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է նաեւ փորձագիտական եզրակացություններով, դեպքի վայրի զննության արձանագրություններով, համաձայն որոնց՝ Երեւան քաղաքի Ազատության հրապարակում եւ դրան կից տարածքներում հայտնաբերվել են տարբեր տեսակի զենք եւ ռազմամթերք, մահակներ, մասնավորապես՝ «Ֆ-1», «ՌԳԴ-5», «ՌԳ-42», «ԱՏԵ-2» տեսակի նռնակներ, տարբեր մոդելի ատրճանակներ, փայտյա եւ ռետինե մահակներ, մետաղյա կոնստրուկցիաներ՝ ոզնու տիպի, բոլոր եզրերը սրված, եւ այլ հարմարեցված առարկաներ»: Թե ի՞նչ կապ ունի Ա. Ներսիսյանը Ազատության հրապարակին հարող տարածքներում հայտնաբերված եւ վերը մատնանշված առարկաների հետ՝ անհայտ է: Փոխարենը նախաքննական մարմինը եզրակացրել է. «Այսպիսով՝ վերը շարադրված ապացույցների համադրմամբ, համատեղ վերլուծությամբ եւ գնահատմամբ լիովին հիմնավորվել է մեղադրյալ Ավետիք Ներսիսյանի կողմից ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման հանգամանքը»: Իսկ «ապացույցների համադրում» ասվածով դատախազությունը նկատի ունի հիշյալ հոդվածով մեղադրվողների դեմ, որպես կանոն, ոստիկանության մեկ-երկու աշխատակիցների տված ցուցմունքները, որոնք ամենեւին չեն վերաբերում նրան, որ վկա ոստիկանը տեսել կամ փաստում է, որ հրապարակում հայտնաբերված իրերը կամ դրանցից որեւէ մեկը պատկանում է կամ եղել է Ա. Ներսիսյանի ձեռքին, կամ որ դրանով Ա. Ներսիսյանը դիմադրել է ոստիկանին: Մեր արդարադատությունը հետեւողականորեն շրջանցում է այն ակնհայտ իրողությունը, որ այդ իրերը մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում եղածներից բոլորի ձեռքին միաժամանակ լինել չէին կարող, որ վերացական մեղադրանքով մարդուն չեն դատում, այլապես այդ իրերի համար կարելի է մեղադրել այն հազարավոր մարդկանց, ովքեր անգամ փետրվարի 29-ին, օրինակ՝ ես, կամ մարտի 1-ի լուսաբացին եղել են Ազատության հրապարակում:

Այսքանից հետո ինչպե՞ս են իշխանությունները խոսում արդարադատության կամ քաղբանտարկյալների չգոյության մասին՝ իսկական զավեշտ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել