Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՎԻՃՈՒՄ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ՀԵՏ

Հունիս 03,2008 00:00

\"\"Չէ՞ որ նա եւս պաշտոնյա է, որին ընտրել է երկրի օրենսդիր մարմինը՝ ՀՀ նախագահի առաջարկությամբ, վեց տարի ժամանակով:

Վերջին օրերին տարբեր տրամաչափի պաշտոնյաներ՝ արդարադատության նախարարի եւ ՀՀ գլխավոր դատախազի գլխավորությամբ, իրենց պարտքն են համարում հեռակա վիճաբանության մեջ մտնել Մարդու իրավունքների պաշտպանի՝ հետընտրական զարգացումների վերաբերյալ զեկույցի հետ: Արդարադատության նախարարը եւ ՀՀ գլխավոր դատախազը իրենց գրավոր պատասխաններում փորձում են «սխալ հանել» օմբուդսմենին: Այնքան բուռն է հակազդեցությունը, որ միամիտ քաղաքացուն կարող է թվալ, թե իշխանության ներկայացուցիչները բանավիճում են ընդդիմադիր գործչի կողմից ներկայացված գնահատականների հետ: ԱԺ-ն էլ որոշել է եկող հինգշաբթի լսումներ անցկացնել խնդրո առարկա զեկույցի կապակցությամբ: Հավանաբար, խնդիր կա մինչ ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանը եվրոպացիներին ցույց տալ՝ տեսա՞ք, ինչ ժողովրդավար ենք, անգամ մեր պաշտոնյան՝ օմբուդսմենը, ամբողջովին ընդդիմադիր կեցվածքով զեկույց գրեց, բայց մենք այնքան լավն ենք, որ իրեն ոչ միայն ներեցինք, այլեւ բազմակարծություն ապահովեցինք, լսումներ կազմակերպեցինք:

Ի՞նչ սկզբունքային անհամաձայնություններ ունի, մասնավորապես, վերջին օրերին եթերից դուրս չեկող արդարադատության նախարարը իր գործընկեր պաշտոնյայի՝ օմբուդսմենի ներկայացրած զեկույցի հետ: Մասնավորապես՝ այսպիսի. «Իմ կարծիքով, զեկույցն անհարկի ծանրաբեռնված է դատողություններով, որոնք բացարձակապես Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթներին եւ խնդիրներին չեն վերաբերում եւ որեւէ առնչություն չունեն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի հետ: Ասվածը վերաբերում է զեկույցի այն մեծածավալ հատվածին, երբ փորձ է արվել վերլուծական ոճով բացատրելու, որ նպատակահարմար չէր սուր քննադատության ենթարկել Լ. Տեր-Պետրոսյանին, քանի որ դա հակառակ արդյունքն ունեցավ՝ բարձրացնելով նրա վարկը: Ասվածից դարձյալ բխում է, որ նախընտրական հիմնավորված ու արդյունավետ տակտիկական հնարքների վերլուծությունը կապ չունի մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական դրույթների հետ»: Արդարադատության նախարարը իր անհամաձայնությունն է հայտնել նաեւ հետեւյալի կապակցությամբ. «Զեկույցում քաղաքական կտրվածքով դրական է գնահատվել Լ. Տեր-Պետրոսյանի կողմից «կիրառված զանգվածային համախմբման եւ կառավարման հնարքները», մինչդեռ դրանք, առաջին հերթին, իրավական գնահատման կարիք ունեն, քանի որ խոսքն իրավունքների խախտման եւ ոչ թե զուտ քաղաքական տեսանկյունից այս կամ այն թեկնածուի հնարքների որակի մասին է»:

Գեւորգ Դանիելյանը համամիտ չէ նաեւ արտակարգ դրություն հայտարարելուց հետո որոշ լրատվամիջոցների չտպագրվելու փաստի կապակցությամբ օմբուդսմենի եզրակացություններին. «Մասնավորապես հավաստվում է, որ որոշ ընդդիմադիր լրատվության միջոցներ լույս չտեսան, որովհետեւ զրկված էին իրենց տեսակետները ներկայացնելու հնարավորությունից (էջ 51): Հիշյալ իրավական փաստաթղթում բացառապես խոսք էր գնում տեղեկատվության որոշակի սահմանափակման մասին, ինչը ոչ մի կապ չուներ ազատ տեսակետ հայտնելու հետ: Տվյալ դեպքում՝ փորձ էր արվել պարզապես կանխելու կոնկրետ փաստերի, վիճակագրության եւ այլնի առնչությամբ ակնհայտ սադրիչ տեղեկատվության տարածումը: Իսկ այն, որ տեղեկատվությունը ոչ մի առնչություն չունի որեւէ իրադարձության վերաբերյալ տեսակետ արտահայտելու հետ, բազմիցս պարզաբանվել է իրավասու պաշտոնյաների կողմից: Վերջին հաշվով, կարելի է բերել այլ լրատվության միջոցներից բազմաթիվ օրինակներ, երբ ակնհայտ ներկայացվում էին պաշտոնեական դիրքորոշմանը չհամապատասխանող տեսակետներ:

Ի դեպ, զեկույցում դարձյալ անտեսվել է, որ ընդդիմադիր լրատվության միջոցները, զերծ մնալով հրապարակումներից, վերը նշված «հնարամտությամբ» փորձում էին հալածյալի կերպարում տեղավորվել եւ լրացուցիչ հնարքներով տրամադրել հանրությանը»:

Չենք փորձի մեկնաբանել նախարարի նկատառումներն ընդհանրապես: Պարզապես հիշեցնենք, որ մեր թերթը եւս չի տպագրվել արտակարգ իրավիճակի պայմաններում: Սակայն մենք մեզ ոչ ընդդիմադիր, ոչ էլ՝ առավել եւս հալածյալ չենք համարում. պարզապես չէինք կարող աշխատել այն պայմաններում, երբ տպարանում նստած է «ԿԳԲ-ի» գրաքննիչը եւ պահանջում է, օրինակ՝ չհրապարակել այս կամ այն գործչի՝ մամուլի ասուլիսում արտահայտած միտքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել