Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Մայիս 31,2008 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք վեցերորդ

Գլուխ տասներեքերորդ

ՈՒՇ ԼԻՆԻ՝ ՆՈՒՇ ԼԻՆԻ

– Նվերի մասին որ գրում էի, լրիվ մոռացել էի, որ ախպերդ ա,- ասացի Հրուշին երկու հազար յոթ թվականի մայիսի երեքին՝ Սառաջովի ատամնաբուժարանի մոտ:

– Պարզ ա,- արցունքները սրբելով՝ ասաց Հրուշը.- որ հիշեիր, իրա մասին ըտենց ազատ չէիր գրի. կվախենայիր:

– Ումի՞ց կվախենայի:

– Ինձանից: Որ գրում ես, չես մտածո՞ւմ, որ մարդիկ կարող ա կարդան:

– Գրելուց ու տպելուց հետո եմ մտածում:

– Նախքան գրելը պիտի մտածես:

– Որ մտածեմ՝ չի գրվի:

– Այսինքն, գրելը մտածելու հետ ոչ մի կապ չունի՞,- ծիծաղեց Հրուշը:

– Որ մտածես, թե՝ ով կարող ա նեղանա, ոչ մի բան էլ չես գրի:

– Այսինքն, մարդկանց վրա թքա՞ծ:

– Մտքովս չէր անցնում, որ կնեղանաք:

– Ո՞վ ասեց, որ նեղացել ենք:

– Դու ես ասում:

– Ես չասեցի՝ նեղացել եմ,- ժպտաց Հրուշը.- ասեցի՝ վրես ազդել ա:

– Մի բան ասեմ՝ կհավատա՞ս,- հարցրի ես:

– Նայած թե՝ ինչ կասես,- ժպտաց Հրուշը:

– Որ Նվերի մասին գրում էի, էդ ամբողջ ժամանակ ոչ մի անգամ չեմ հիշել, որ ինքը ախպերդ ա:

– Զգացել եմ:

– Ինչի՞ց ես զգացել:

– Չգիտեմ:

– Մի բան էլ ասե՞մ:

– Ասա:

– Որ քո ու աղջկադ մասին էի գրում, էլի ոչ մի անգամ չեմ հիշել, որ Նվերն ախպերդ ա:

– Էդ էլ եմ զգացել,- ժպտաց Հրուշը:

– Է՞դ ոնց ես զգացել:

– Որ հիշեիր, էդ մասին գոնե մի անգամ կնշեիր:

– Շատ ուժեղ ընթերցող ես,- ասացի ես:

– Ինձ մի աչքով ե՞ս նայում,- ժպտաց Հրուշը, հետո մի քիչ մտածեց, ասաց.- գիտե՞ս՝ ինչի չես հիշել:

– Ինչի՞:

– Որովհետեւ ինձ առանձին ես ճանաչել, ախպորս՝ առանձին:

– Չհասկացա:

– Որ ախպորս հետ իմ միջոցով ծանոթացած ըլնեիր՝ կհիշեիր,- բացատրեց Հրուշը:- Կամ՝ ընդհակառակը. որ իմ հետ ախպորս միջոցով ծանոթացած ըլնեիր՝ էլի՛ կհիշեիր:

– Դու պիտի գրականագետ դառած ըլնեիր,- ծիծաղեցի ես:

– Կամաց-կամաց դառնում եմ,- ժպտաց Հրուշը:

– Պատրաստի գրականագետ ես:

– Ոչ թե գրականագետ եմ, այլ՝ մարդագետ,- ժպտաց Հրուշը.- մարդկանց լավ եմ հասկանում:

– Հա,- համաձայնվեցի ես:

– Ախպորս մասին որ էդքան ազատ գրել էիր, սկզբում շատ նեղվեցի, բայց հետո անցավ:

– Ի՞նչն անցավ:

– Նեղվածությունս:

– Ո՞նց անցավ:

– Հետո զգացի, որ գրածդ իրա վրա դրական ա ազդել:

– Ի՞նչ իմաստով դրական:

– Էդ գրածդ կարդալուց հետո իրա նախկին շրջապատի հետ ոնց որ թե կապերը խզել ա: Թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ:

– Գիտեմ:

– Որտեղի՞ց գիտես:

– Լսել եմ, որ լոտոյի տոմս ա ծախում:

– Լոտոյի տոմսն ի՞նչ կապ ունի:

– Այսինքն, աշխատում ա:

– Կապ չունի,- ասաց Հրուշը.- վերջին սռոկից առաջ էլ էր լոտոյի տոմս ծախում ու հենց էդ լոտոյի պատճառով էլ քաշվեց:

– Ո՞նց:

– Շատ հասարակ. իրա էդ ընկեր կոչեցյալներն էդ լոտոյի տոմսերն իրանից պաչկեքով վերցնում էին, նիսիա ջնջում էին ու հետո փողը չէին տալիս:

– Հա,- ասացի ես.- ինքը փափուկերես ա, համ էլ՝ ընկերության համար խելքն իրանը չի:

– Ես էլ էի առաջ ըտենց մտածում:

– Բա հիմա ո՞նց ես մտածում:

– Հիմա մտածում եմ, որ ընկերությունը միակողմանի չպիտի ըլնի. ինքը սաղ կյանքում ընկերության խաթեր ա տուժել, բայց իրա էդ ընկեր կոչեցյալներն ախպորս մենակ վնաս են տվել:

– Հա,- համաձայնվեցի ես:

– Արդեն ինքն էլ ա էդ բանը հասկացել, դրա համար էլ փորձում ա դրանց հետ կապերը խզի: Առաջին քայլն արդեն արել ա:

– Ի՞նչ ա արել:

– Էլի նիսիայով լոտոյի տոմս են ուզել, բայց չի տվել:

– Չեն նեղացե՞լ:

– Էն էլ ո՜նց են նեղացել,- ասաց Հրուշը.- համ նեղացել են, համ էլ ծեծել են:

– Ո՞ւմ են ծեծել:

– Նվերին:

– Նվերին ծեծե՞լ կըլնի:

– Սկզբում իրանք էրկուսով են էղել, Նվերը՝ մենակ, բայց տեսնողներն ասում են, որ Նվերն էլ տակ չի մնացել. դրանց քիթումռութին մի քանի հատ հասցրել ա:

– Հետո՞:

– Հետո ախպորս տղեն ու հարսս վրա են հասել ու ժողովրդի աչքի առաջ դրանց շան ծեծ են տվել:

– Հետո՞:

– Հետո որ էդ կռվի խաբարն ինձ հասավ, գնացի էդ տականքներից մեկի տուն ու ոնց որ պետքն ա՝ վախացրի:

– Ո՞նց վախացրիր:

– Ալեքսի վիզիտկեն ցույց տվի ու բացատրեցի, որ ինքը միջազգային իրավաբան ա:

– Վախեցա՞վ:

– Մինչեւ էդ էլ էր վախեցած,- ասաց Հրուշը.- սաղ էրեսը կապտած էր. ախպերս, ախպորս տղեն ու հարսս ընենց շան ծեծ էին տվել, որ վրեն սաղլամ տեղ չէր մնացել:

– Բա ասում ես՝ Նվերին են ծեծել:

– Ինքը հոգեբանորեն ա ծեծված,- հոգոց հանեց Հրուշը.- ուզում ա էդ տականքներից պոկվի, բայց չի ստացվում:

– Առաջին քայլն արդեն արել ա:

– Հա,- ասաց Հրուշը:- Զգացի, որ էդ տականքն Ալեքսի վիզիտկից սփրթնեց. առանց էդ էլ վրեն գույն չկար, բայց որ վիզիտկեն տեսավ, գույնը լրիվ գցեց: Երեւի ընկերոջը խաբար կանի, ու երեւի արդեն ախպորս հանգիստ թողեն:

– Փաստորեն, էդ լոտոյի գործն էլ ա ահագին վտանգավոր գործ:

– Հա,- ասաց Հրուշը:- Բայց մի տեղ պիտի աշխատի՞. ընտանիք ա չէ՞ պահում: Հիմի անվտանգ գործ որտե՞ղ կա:

– Հազար տարի Նվերին չեմ տեսել,- ասացի ես:

– Ուզո՞ւմ ես տենաս:

– Ե՞րբ:

– Թեկուզ հենց հիմի: Էրկու քայլի վրա են: Իրանց մոտից եմ գալի:

– Որտե՞ղ են:

– Հենց բազարի դիմաց: Գնա՞նք:

– Եսիմ,- շփոթվեցի ես:

– Ինքը քեզ որ տենա, շատ կուրախանա:

– Թող մնա մի ուրիշ անգամ:

– Չես ուզո՞ւմ հերոսիդ տենաս,- ծիծաղեց Հրուշը:

– Չէ,- կմկմացի ես.- պատրաստ չեմ:

– Ո՞նց պատրաստ չես,- զարմացավ Հրուշը:

– Հոգեբանորեն,- ասացի ես:

– Հազար տարվա ընկերներ եք,- ասաց Հրուշը:

– Մտքովս չէր անցնում, որ կարող ա իրա մասին գրածս կարդացած ըլնի:

– Խի՞ մտքովդ չէր անցնում,- զարմացավ Հրուշը.- կարող ա՞ ախպերս տառաճանաչ չի:

– Մտքովս չէր անցնում, որ էդ թերթն իրա ձեռը կընկնի:

– Բա չէիր մտածո՞ւմ, որ ես իրան ցույց կտամ:

– Լրիվ մտքիցս թռել էր, որ քուր ու ախպեր եք,- ծիծաղեցի ես:

– Լավ չի,- ասաց Հրուշը:

– Ի՞նչը լավ չի,- հարցրի ես:

– Որ իրան չես ուզում տենաս:

– Մի ուրիշ անգամ:

– Ես քո համար չեմ ասում,- ասաց Հրուշը:

– Բա ո՞ւմ համար ես ասում:

– Իրա՛ համար եմ ասում,- ասաց Հրուշն ու ավելացրեց.- ինքը քո պես մարդկանց հետ ինչքան շատ շփվի, էնքան շուտ իրա էդ կեղտոտ շրջապատից կկտրվի:

– Դժվար ա,- ասացի ես:

– Ի՞նչն ա դժվար:

– Շրջապատից կտրվելը:

– Ի՞նչ գիտես:

– Իմ փորձից եմ ասում:

– Դու էլ ե՞ս փիս շրջապատ ընկել:

– Փիսը ո՞րն ա:

– Վտանգավոր:

– Ամեն մեկի համար իրա շրջապատն ա վտանգավոր:

– Հասկացա,- մի քիչ մտածելուց հետո ասաց Հրուշը:

– Ի՞նչը հասկացար:

– Դու էլ քո էդ ղումարբազությունից ես երեւի ուզում կտրվես:

– Ի՞նչ ղումարբազություն:

– Էդ ֆուտբոլի ու սպորտի ստավկեքը որ դնում ես:

– Ի՞նչ գիտես, որ ստավկեք եմ դնում:

– Գրածներիցդ,- ծիծաղեց Հրուշը.- մեռար էդ ստավկեքի մասին գրելով:

– Հա,- ասացի ես:

– Էդ բուքմեյքերական տեղերից ե՞ս ուզում կտրվես:

– Չէ,- ասացի ես.- էդ բուքմեյքերական տեղերը գնում եմ, որ հիմնական շրջապատիցս կտրվեմ:

– Հիմնական շրջապատդ գրողնե՞րն են:

– Գրողներ էլ կան:

– Գրողներն էդքան վատն ե՞ն:

– Երեւի ես եմ վատը:

– Դո՞ւ խի ես վատ:

– Չեմ կարում հետները յոլա գնամ:

– Ինձ էլ թվում էր՝ յոլա գնացող ես:

– Ինձ է՛լ էր ըտենց թվում:

– Յոլա գնացող չե՞ս:

– Յոլա գնացող եմ, բայց չեմ կարում յոլա գնամ:

– Վանոյի հետ էլ ես, չէ՞, ընկերություն արել,- ժպտաց Հրուշը:

– Ի՞նչ գիտես:

– Գրածներիցդ,- դարձյալ ծիծաղեց Հրուշն ու ավելացրեց.- ախպորս հաշվով մի կեսբերան չես խնդրել:

– Ո՞ւմ չեմ խնդրել:

– Վանոյին:

– Ի՞նչ խնդրեի:

– Որ քեզ բանտ գցեին, Վանոյին չէիր խնդրի՞, որ քեզ էդ քամբախից հաներ:

– Վանոյի վախտ որ ինձ բանտ գցեին, ինքն առանց խնդրելու էլ ինձ կհաներ:

– Բախտդ բերել ա,- ասաց Հրուշը.- բա իմ խեղճ ախպո՞րն ով պիտի տիրություն անի:

– Ախպերդ խեղճ չի,- ասացի ես.- էդ բառն իրան հեչ չի սազում:

– Խեղճ չէր, բայց կյանքն իրան շատ խեղճացրեց,- ասաց Հրուշը:- Հիմի որ իրան տենաս, վայ թե չճանաչես:

– Շատ ա՞ փոխվել:

– Արտաքինից շատ չի փոխվել, բայց ներսից շատ ա կոտրված,- ասաց Հրուշն ու հարցրեց.- հիմի չես ուզո՞ւմ իրան տենաս:

– Մի ուրիշ անգամ:

– Հիմի ժամանակ չունե՞ս:

– Ժամանակ ունեմ, բայց հոգեբանորեն պատրաստ չեմ,- ասացի ես.- մտքովս չէր անցնում, որ ինքն իմ էդ գրածը կարդացած կըլնի:

– Գոնե մի խորհուրդ տուր,- թախանձագին ինձ նայեց Հրուշը:

– Ի՞նչ խորհուրդ:

– Ախպորս հաշվով,- ասաց Հրուշը.- իրան ամեն գնով էդ տականքներից պիտի պրծացնենք:

– Ամեն ինչ իրանից ա կախված:

– Ինքը մի քանի անգամ փորձել ա, բայց չի ստացվել:

– Էլի պիտի փորձի:

– Հեշտ ես ասում:

– Ուրիշ վարիանտ չկա:

– Կա՛,- ասաց Հրուշը.- ես մի վարիանտ մտածել եմ:

– Ի՞նչ վարիանտ:

– Ախպորս մենակ Ֆրանսիա գնալը կփրկի:

– Ի՞նչ Ֆրանսիա:

– Ալեքսի հետ արդեն խոսացել եմ. ավելի ճիշտ՝ աղջիկս ա խոսացել:

– Ի՞նչ ա խոսացել:

– Սկզբում Նվերին կկանչեն, մի գործի կտեղավորեն, հետո էլ տղեն ու հարսս կգնան:

– Շա՜տ լավ ես մտածել,- ոգեւորված բացականչեցի ես.- իսկական խելքի ծով ես:

– Մեկը չկա՝ իմ մասին մտածի,- ծիծաղեց Հրուշը:

– Աստված կամաց-կամաց քեզ քո սրտի չափով տալիս ա,- ասացի ես:

– Հավատացյա՞լ ես,- ժպտալով հարցրեց Հրուշը:

– Ինչի՞ց ենթադրեցիր:

– Գրածներիցդ,- ծիծաղեց Հրուշը:

– Գրածներիցս ըտենց բան ա՞ զգացվում:

– Ես զգացել եմ,- ասաց Հրուշը.- Աստծո անունը շատ ես հիշում. մանավանդ է՛ն վախտ ես հիշում, երբ որ նեղն ես ընկնում:

– Այսինքն, իսկական հավատացյալ չեմ:

– Իսկականը ո՞րն ա:

– Իսկականը նրանք են, որ միշտ են Աստծուն հիշում:

– Իսկականն ու անիսկականը չգիտեմ, բայց զգացվում ա, որ Աստծուց շատ ես վախենում:

– Ինքը մեզ ամենանեղ վիճակներից փրկում ա:

– Պիտի մի բան մտածենք, որ մեր Նվերին էլ փրկի:

– Արդեն մտածել ես:

– Վատ ե՞մ մտածել:

– Չտեսնված ես մտածել. փաստորեն, միակ վարիանտը գտել ես:

– Էդ վարիանտն իրոք միակն ա,- ասաց Հրուշը.- ինչքան մտածում եմ՝ ուրիշ վարիանտ չկա:

– Իրանց կուղարկես, հետո էլ դու կգնաս,- ասացի ես:

– Իրանց որ ուղարկեմ՝ նոր իմ մասին կմտածեմ:

– Հո Երեւանում մենակ չե՞ս մնա:

– Պարզ ա,- ասաց Հրուշը.- հո պուպու չե՞մ:

– Ամենաբարդը Նվերի գնալու հարցն ա:

– Ինչո՞վ ա բարդ:

– Վիզայի ու թույլտվության իմաստով,- ասացի ես.- մանավանդ որ՝ ինքը նստած ա էղել:

– Ալեքսն էդ սաղ հարցերը կլուծի,- ասաց Հրուշը.- ինքը համ անունով իրավաբան ա, համ էլ՝ դեսպանատանը լիքը ծանոթներ ունի:

– Ուրեմն, վաբշե բարդություն չկա:

– Կա,- ասաց Հրուշը:

– Ո՞րն ա,- հարցրի ես:

– Նվերին չեմ կարում համոզեմ,- ասաց Հրուշը:

– Չի ուզո՞ւմ գնա:

– Իրան էլ մեղադրելու չի,- ասաց Հրուշը.- ինքը ոչ մի անգամ արտասահման չի էղել, համ էլ՝ լեզու չգիտի:

– Դու լեզու գիտե՞ս:

– Արդեն էշը ցեխից հանում եմ,- ժպտաց Հրուշը:

– Պիտի Նվերին համոզես:

– Դու էլ պիտի համոզես,- ասաց Հրուշը.- դրա համար եմ ասում՝ իրան մի հատ հանդիպես:

– Մի ուրիշ անգամ:

– Դու գիտես,- ասաց Հրուշը:- Մինչեւ իրան տենաս՝ ես երեւի արդեն համոզած կըլնեմ:

– Չեմ էլ կասկածում:

– Առաջ շատ ուժեղ էր դիմադրում, բայց էդ կռվից հետո արդեն շատ չի հակաճառում:

– Կարեւորը աշխատանքի հարցն ա,- ասացի ես.- որ էնտեղ իրա համար հարմար աշխատանք ճարեք, գլուխը կախ կաշխատի:

– Հեչ որ չըլնի, Ալեքսն իրա օֆիսում բանվոր կձեւակերպի:

– Հա,- ասացի ես:

– Հարսիս էլ հավաքարար կձեւակերպի:

– Մնում ա՝ Նվերին համոզես:

– Էդ կռվից հետո գնալու թե մայով հետը չեմ խոսացել, բայց զգում եմ, որ հոգու խորքում արդեն համաձայն ա:

– Ինչի՞ց ես զգում:

– Զգում եմ, որ ինքը հոգեբանորեն արդեն իրան նախապատրաստում ա:

– Բան ասել ա՞:

– Չէ,- ասաց Հրուշը:- Ես էլ դիտմամբ էդ թեմայով խոսակցություն չեմ բացում. ուզում եմ՝ ի՛նքը խոսակցությունը բացի:

– Էդ գործը չարժի ձգձգել,- ասացի ես:

– Դրա համար եմ ասում՝ մի հատ իրան տես:

– Էրեսս չի բռնում:

– Ինքը քեզնից հեչ էլ նեղացած չի,- ասաց Հրուշը.- ընդհակառակը, իրա էդ հատվածը որ կարդաց պրծավ, ասեց՝ «ծերից ծեր ճիշտ ա գրել»:

– Կարող ա ծերից ծեր ճիշտ գրած ըլնեմ, բայց նեղացած ըլնի:

– Որ նեղացած ըլներ՝ ինձ կասեր,- ասաց Հրուշն ու մի քիչ մտածելուց հետո ավելացրեց.- չասեր էլ՝ ես կզգայի, որ նեղացել ա:

– Աստված տա՝ նեղացած չըլնի:

– Խի՞ պիտի նեղանար,- զարմացավ Հրուշը.- իրա մասին հիմնականում լավ ես գրել:

– Գրել եմ, որ ինքն էդ գործով ա զբաղվել:

– Ինքը էդ գործով մի քանի անգամ նստել ա,- ասաց Հրուշը:- Նորություն չես ասել: Առանց քո գրելու էլ՝ մեր սաղ հարեւանությունն ու բարեկամությունն էդ մասին գիտեն:

– Տպագիր խոսքը մի քիչ ուրիշ ա:

– Ճիշտ ես ասում,- ծիծաղեց Հրուշը.- իմ մասին էդ բաները որ բանավոր ասեիր, կարող ա չնեղանայի:

– Ո՞ր բաները:

– Լավ էլ հասկանում ես,- ժպտաց Հրուշը:

– Ես ամեն ինչ անում եմ, որ մարդկանց չնեղացնեմ, բայց էլի նեղանում են:

– Որ նեղացնում ես, ո՞նց չնեղանան,- ժպտաց Հրուշն ու ասաց.- էդ թեման արդեն փակել ենք:

– Հա,- ասացի ես:

– Կարեւորն էն ա, որ Նվերը քեզանից չի նեղացել,- ասաց Հրուշը:- Իրա մասին շատ ճիշտ էիր գրել:

– Ի՞նչն էի ճիշտ գրել:

– Գրել էիր, որ ինքը իրա շրջապատի էդ տականքներից շատ ա տարբերվում:

– Էդքանն էլ չգրեի՞:

– Կարեւորն էն ա, որ ճիշտ ես գրել,- ասաց Հրուշը:

– Ինքը շատ կարգին մարդ ա:

– Որ կարգին չըլներ, իրա համար էսքան դարդ չէի անի. ես առաջի՛նը իրանից էրես կթեքեի:

– Պիտի իրան օգնես,- ասացի ես:

– Քո ասելով չպիտի իրան օգնեմ:

– Կարեւորն էն ա, որ օգնելու հնարավորություն ունես:

– Էդ հնարավորությունն անպայման պիտի օգտագործենք,- ասաց Հրուշն ու ավելացրեց.- մանավանդ որ՝ Ալեքսն էլ ա սրտանց ուզում օգնի:

– Ինչքան չըլնի՝ զոքանչն ես,- ժպտացի ես:

– Զոքանչը չեմ,- ինձ խեթ նայեց Հրուշը.- իրանց թիկունքն եմ: Քեզ թվում ա՝ առանց ինձ կարայի՞ն էդ էրկու էրեխեքից գլուխ հանեին:

– Պարզ ա, որ չէին կարա:

– Ես իրանց նեղ վիճակին հասել եմ,- ասաց Հրուշը:

– Էն էլ ո՜նց ես հասել:

– Հիմի էլ իրանք պիտի ինձ հասնեն,- ասաց Հրուշն ու ավելացրեց.- ախպորս իմաստով եմ ասում:

– Հասկանում եմ,- ասացի ես:

– Իրանք էլ են հասկանում,- ասաց Հրուշը:- Աղջիկս լավ գիտի, որ իրա քեռին իրան ավելի շատ ա տիրություն արել, քան՝ իրա հարազատ հերը:

Հանկարծ Հրուշի հեկեկոցը բռնեց: Պայուսակից թաշկինակը հանեց ու փորձում էր արցունքների հանկարծակի հեղեղի դեմն առնել:

– Մի հուզվի,- անակնկալի գալով ասացի ես:

– Հեշտ ես ասում,- արցունքները սրբելով՝ մղկտաց Հրուշը.- ո՞նց չհուզվեմ: Խեղճ ախպերս տարիներ շարունակ համ իրա ընտանիքն ա պահել, համ՝ իմը: Հորնումորս է՛լ ա ինքը տիրություն արել: Դրա համար էլ հույս ունեմ, որ Աստված իրան կների:

– Հաստատ կների:

– Ընենց վստահ ես ասում, ոնց որ՝ հենց հիմի Աստծո մոտից ես գալի,- արցունքների միջից ծիծաղեց Հրուշը:

– Նվերը մեծ բախտի ա արժանի:

– Էդ մեկը հաստատ ճիշտ ես ասում,- արցունքները սրբեց Հրուշը:

– Ֆրանսիան իրա համար փրկություն ա,- ասացի ես:

– Ֆրանսիան սաղի համար էլ փրկություն ա,- արցունքները սրբելով՝ ասաց Հրուշը.- աղջկաս համար փրկություն չէ՞ր:

– Աղջկադ համար էդ թազա փեսեդ էր փրկություն:

– Թազա չի. արդեն ահագին հնացել ա,- ծիծաղեց Հրուշն ու մի քիչ մտածելուց հետո ասաց.- աղջիկս էլ փեսի՛ս համար էր փրկություն. ինչ աղջկաս հետ պսակվել ա, իրա հաջողություններն սկսվել են: Թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ. սատանի ականջը խուլ:

– Դու էլ իրանց համար ես փրկություն:

– Գիտես սուտ ե՞ս ասում,- ժպտաց Հրուշը:- Իմ կյանքի իմաստը, փաստորեն, իրանք ու թոռներս են, մեկ էլ՝ ախպերս ու ախպորս ընտանիքը: Իրանք որ լավ ըլնեն, ես ինձ բախտավոր մարդ կհամարեմ:

– Ամենաբարդը Նվերի վիճակն ա:

– Հա,- ասաց Հրուշը.- մինչեւ ախպորս հարցերը չկարգավորեմ, խիղճս հանգիստ չի ըլնի:

– Նվերին վիզա պիտի տա՞ն:

– Հա,- ասաց Հրուշը.- առանց վիզայի ո՞նց կըլնի: Ես մայիսին որ գնամ, էդ սաղ հարցերը մեկ առ մեկ Ալեքսի հետ կճշտեմ: Սկզբում երեւի ժամանակավոր կկանչեն, հետո որ Նվերն էնտեղ հարմարվի, արդեն մշտականի մասին կմտածենք:

– Մշտական հնարավոր ա՞:

– Ալեքսը համ իրավաբան ա, համ էլ մարդու իրավունքների գծով ա աշխատում: Ինքը կարա ընենց ձեւակերպում տա, իբր՝ ախպորս վատ շրջապատից փրկում ենք:

– Իրականում ըտենց էլ կա:

– Ոնց ուզեն՝ կարան ձեւակերպեն,- ասաց Հրուշը.- ամեն տեղ Ալեքսի ընկերներն են:

– Էդքան մեծ շրջապատ ունի՞:

– Ինքը շատ ազնիվ ու մաքուր մարդ ա, դրա համար էլ ամեն տեղ իրան հարգում են. իրա ասածն ամեն տեղ անցնում ա:

– Մնում ա՝ Նվերը մի քիչ ֆրանսերեն սովորի,- ասացի ես:

– Կսովորի,- ասաց Հրուշը.- մեծ բան չի: Ես որ էշը ցեխից հանում եմ, ինքն էլ կսովորի:

– Թող հիմիկվանից սկսի:

– Կարեւորն իրա տրամադրվածությունն ա,- ասաց Հրուշը.- պիտի իրան հոգեբանորեն նախապատրաստի:

– Որ մի քիչ ֆրանսերեն սովորի, իրան ավելի վստահ կզգա:

– Կսովորի,- ասաց Հրուշը.- ինքը շատ ընդունակ ա: Մինչեւ չորրորդ դասարան գերազանցիկ ա էղել: Որ վատ շրջապատ չընկներ, կարող ա մինչեւ վերջ էլ գերազանց շարունակեր:

– Հա,- համաձայնվեցի ես:

– Որ տիրություն անող ունենար, ինքն էլ ինստիտուտ կընդունվեր ու կարգին մարդ կդառնար,- ժպտաց Հրուշը:

– Ինքը հիմի էլ ա կարգին մարդ:

– Բան չունեմ ասելու,- ասաց Հրուշը.- ուզում եմ ասեմ՝ որ իրան տիրություն անող ըլներ, իրա կյանքը լրիվ ուրիշ ձեւով կդասավորվեր:

– Հիմի դու տիրություն կանես:

– Հիմի արդեն ուշ ա,- հառաչեց Հրուշը:

– Ուշ լինի՝ նուշ լինի,- ասացի ես:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել