Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋՆՈՐԴՈՂԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է

Մայիս 31,2008 00:00

«Ժողովուրդն է մեզ առաջնորդում, ոչ թե մենք՝ ժողովրդին: Եթե ժողովուրդն այդքան վճռականորեն տրամադրված է, որ հունիսի 20-ին պիտի ինքնաբուխ հանրահավաք անի՝ մենք պարտավոր ենք նրա կողքին լինել: Ժողովուրդն այնքան հստակ գիտի իր անելիքները, որ համակարգելու կարիք էլ չկա: Այսօր ոչ ոք մարդկանց չի ուղարկում դատական նիստերին մասնակցելու, հացադուլավորներին աջակցելու: Կան մարդիկ, որոնք, չլինելով ոչ մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, Հյուսիսային պողոտայում լիդեր են դարձել եւ կազմակերպված քայլեր են անում: Մենք միայն պիտի պայմանավորվենք, որ ժողովրդին զերծ պահենք սադրանքներից. այդ ճանապարհը մենք մեկ անգամ անցանք, եւ ես կարծում եմ, որ իշխանությունը մեծագույն ցանկության դեպքում չի համարձակվի մեկ անգամ էլ ուժ կիրառել: Դեռ «մարտի 1»-ը մարսելու խնդիր ունեն: Ինչ կանի ժողովուրդը՝ դա կլինի ամենաճիշտը: Մենք կգնանք ժողովրդի ետեւից»,- երեկ այսպես արձագանքեց «Առավոտի» հարցին՝ ի՞նչ է լինելու հունիսի 20-ին, որ բոլորը սպասում են այդ օրվան, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Նա չի բացառում, որ առաջին նախագահը նույնպես կմասնակցի այդ հանրահավաքին: Նաեւ վստահ է, որ ոստիկաններն այլեւս չեն կարող արգելել ժողովրդին՝ մուտք գործել Ազատության հրապարակ. «Ոստիկաններն անընդհատ ժողովրդին ասում են՝ գնացեք ձեր տեղը՝ Հյուսիսային պողոտա: Ստացվում է, որ Հյուսիսային պողոտան մերն է, Ազատության հրապարակը՝ իրենցը: Առաջարկում եմ՝ թող հստակեցնեն, թե ՀՀ տարածքի ո՞ր մասն է իրենցը, ո՞րը ժողովրդինը»: Անգամ ամենազորեղ իշխանության պարագայում Լ. Սարգսյանը չի համարում, որ իշխանությունը ժողովրդից զորեղ կարող է լինել. «Միեւնույն է, ժողովուրդը հաղթելու է, եւ քանի դեռ իշխանությունն այդ գիտակցության չի եկել՝ նա պարտված է: Պարտված է ժողովրդին՝ ոչ թե ընդդիմության լիդերներին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել