Ամսից ավելի է՝ մայրաքաղաքից Ձորաղբյուր մեկնող երթուղին չի սպասարկվում, ինչի հետեւանքով այս գծից օգտվող հարյուրավոր մարդիկ հայտնվել են անելանելի վիճակում: Մինչ տարվա սկիզբը, գիծը սպասարկում էր թիվ 296 երթուղայինը, որի երթուղին սկսվում էր Նորքի 2-րդ զանգվածից եւ ավարտվում Ձորաղբյուրում: Սակայն ինչ-ինչ պատճառներով թիվ 296-ը դադարեց աշխատել, դրա փոխարեն գծում հայտնվեց թիվ 264 միկրոավտոբուսը: Բնակիչների տեղեկացմամբ, թիվ 296-ի ուղեվարձը 100 դրամ էր, իսկ թիվ 264-ը երթուղին սպասարկում էր 200 դրամով: Ու քանի որ մայրաքաղաքից այդ ուղղությամբ այլ տրանսպորտ չի աշխատում, բնակիչները ստիպված են եղել մի քանի ամիս կրկնակի վճարել 264 երթուղայինին: Սակայն վերջերս ուղեւորները զրկվեցին նաեւ այդ միկրոավտոբուսից: Ուղեւորներից մեկի խոսքերով. «Օրերով 264-ի երես չենք տեսնում, պատահել է ժամերով ապարդյուն սպասել ենք ու ստիպված տաքսիներից ենք օգտվել»: Նշենք, որ Ձորաղբյուրում ոչ միայն ամառանոցներ են, այլ կան նաեւ մշտապես բնակվողներ, որոնք աշխատում, իսկ երեխաներն էլ դպրոց են հաճախում մայրաքաղաքում: Այս առնչությամբ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայության ղեկավար Թամարա Ղալեչյանն «Առավոտին» պարզաբանեց, որ թիվ 296-ի չգործելու պատճառը գծի անշահութաբերությունն է. «Այդ երթուղին սպասարկող կազմակերպությունը դիմել է նախարարություն եւ տեղեկացրել, որ հրաժարվում է գծի սպասարկումից, քանի որ այն եկամտաբեր չէ: Մենք էլ հարցի լուծման համար դիմել ենք այն ընկերությանը, որը շահագործում է Երեւան-Կամարիս թիվ 264 երթուղին եւ խնդրել ենք, որ այն ժամանակավորապես սպասարկի նաեւ Ձորաղբյուր մեկնող ուղեւորներին: Որոշ ժամանակ այդ երթուղին սպասարկելուց հետո, թիվ 264-ը եւս հրաժարվեց գծից»: Թ. Ղալեչյանը տեղեկացրեց նաեւ, որ ընթացիկ տարվա մեջ արդեն 3 անգամ վերոնշյալ գիծը շահագործելու համար մրցույթ է հայտարարվել, սակայն ոչ մի հայտ չի ներկայացվել: Ներկայումս էլ հայտարարված մրցույթը ուժի մեջ է: