Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Մայիս 31,2008 00:00

Ուժեղագույն երիտասարդ ըմբիշները՝ Երեւանում

Այսօր մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի գավաթների խաղարկության ավանդական երիտասարդական մրցաշարը: Այն անցկացվում է 2000 թվականից եւ ընդգրկված է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի՝ FILA-ի տարեկան միջոցառումների ծրագրի մեջ:

Երեկ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Վարդանյանը տեղեկացրեց, որ ճանաչված մարզիկի մրցանակների համար պայքարելու նպատակով Երեւան են ժամանել Ռուսաստանի երեք թիմ, հիմնականում՝ Մոսկվա, Դոնի Ռոստով եւ Կրասնոդար քաղաքներից, 20 ըմբիշ՝ Իրանից, 5 հոգի՝ Հունաստանից, 17 մարզիկ՝ Վրաստանից: Հայաստանը ներկայացրել է երեք թիմ, որոնք համալրված են հանրապետության երիտասարդական առաջնությունում լավագույն եռյակներ կազմած ըմբիշներով:

Ինչ վերաբերում է մրցանակներին, պարոն Վարդանյանը տեղեկացրեց, որ հաղթողներն ու մրցանակակիրները կպարգեւատրվեն մեդալներով, դիպլոմներով եւ թանկարժեք նվերներով:

Այսօր պայքարը կսկսեն եւ կավարտեն 50, 60, 74 եւ 96 կիլոգրամ քաշայինները, իսկ վաղը կգոտեմարտեն 66, 84 եւ 120 կիլոգրամ քաշային կարգ ունեցող մարզիկները:

Դավիթ Նալբանդյանը պարտվեց

\"\"Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Փարիզում ընթացող Ֆրանսիայի բաց առաջնությունում՝ «Ռոլան Գարոսում» տհաճ անակնկալ մատուցեց իր երկրպագուներին:

Երկրորդ շրջանում հանդիպելով ֆրանսիացի Ժերոմի Շադրիի հետ՝ Նալբանդյանը առաջին երկու սեթերը գրանցեց իր օգտին (6:3, 6:4): Թվում էր, թե հաղթանակն արդեն ապահովված է: Սակայն պայքարի շարունակությունը միանգամայն այլ սցենարով ընթացավ: Գուցե նա ժամանակից շո՞ւտ հավատաց մոտակա հաջողությանը: Բայց որ մրցակիցը հանդես բերեց նախանձելի համառություն, փաստ է, ինչն արձանագրվեց վերջնական արդյունքում: Միմյանց հետեւից շահելով երեք սեթ՝ 6:2, 6:1, 6:2 հաշիվներով, Շադրին, ի վերջո, հաղթանակ տարավ՝ պայքարից դուրս թողնելով «Ռոլան Գարոսի» հաղթողի հիմնական հավակնորդ համարվող Նալբանդյանին:

Երկրորդ անընդմեջ պարտությունը

Հայաստանցի գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը Ռումինիայի Բազնա քաղաքում ընթացող շախմատի «Արքաների մրցաշարի» 6-րդ տուրում կրկին անհաջողության մատնվեց: Այս անգամ նա սպիտակ խաղաքարերով տանուլ տվեց բրազիլացի Էնրիկե Մեկինգին:

Վեց հնարավորությունից վաստակելով ընդամենը 2,5 միավոր՝ Վահանյանը 11 մասնակիցների մեջ յոթերորդ տուրից առաջ զբաղեցնում էր 10-րդ հորիզոնականը:

Երեկ հայ շախմատիստն ուժերը չափում էր հոլանդացի Յան Թիմանի հետ, որը միակն էր, որ մրցաշարային աղյուսակում զիջում էր Վահանյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել