Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՒՏԻ 90 ՏԱՐԵԿԱՆԸ

Մայիս 31,2008 00:00

\"\"Իրավացիորեն ջղայնանում եմ, երբ թուրքական հեռուստաալիքներով դիտում եմ որեւէ հաղորդում, ուր մշտապես այս կամ այդ թուրքը հայտարարում է, որ իրենք անմեղ գառ են ու հայերի հանդեպ ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել:

Բայց արի ու տես, որ մեզ մոտ Մայիսի 28-ին ամբողջ օրը հայրենի հեռուստացույցի գրեթե բոլոր ալիքներով խոսում էին հենց նրանք, ում պատճառով ժողովուրդս, Արեւմտյան Հայաստանը եւ 1918-20 թվերին հիմնադրված Հայաստանի Առաջին Հանրապետությունն է կորցրել: Իսկ մեր ԶԼՄ-ներում պատմական ճշմարտությունների վերհանման առթիվ տիրում էր «ձայն բարբառոյ հանապատի» հանցավոր անտարբերությունը: Սեփական սխալները չտեսնելու, բազում բացթողումները չհասկանալու, հարյուրավոր թերություններին չանդրադառնալու, տասնյակ դավադրությունները չդատապարտելու երկարամյա ու տեւական մեղքը ըստ արժանվույն գնահատականի չարժանացնելու պատճառով, դրանք, ցավոք, մինչեւ մեր օրերն են հասնում, եւ սուտը դեռ իր ճանապարհը շարունակում է մեր մեջ:

Մայիսի 28-ի առթիվ հատկապես Հ.Յ.Դաշնակցության անունից խոսողներից մի քանիսը առանց դույզն-ինչ անհարմար զգալու՝ հայտարարում էին նույնիսկ իրենց պատմաբան լինելու մասին: Պատկերացնո՞ւմ եք, մեր օրերում բանականությամբ օժտված, տառաճանաչ որ հայորդին կարող է, իր պատմությունն ուսումնասիրելուց հետո, դաշնակցական դառնալ եւ եզրակացությունը, իրոք, պետք է թողնել առանց մեկնաբանության: Նմանատիպ պատեհապաշտներից շատերն էին առանց ամաչելու կամ գոնե անհարմար զգալու՝ հեռուստաեթերից հանիրավի Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա հոլովում անվերջ:

Սարդարապատ, որին բանաստեղծը իրավամբ նվիրել է. «Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար» սքանչելի, արդեն ամեն ինչ ասող տողերը: Հայ ժողովրդի խենթերի մղած հերոսամարտերի արդյունքում ստեղծված եւ ընդամենը 2,5 տարվա ընթացքում մսխվելով կործանված Հայաստանի Հանրապետության առթիվ նույնիսկ 90 տարի հետո էլ տարածվող բոլոր տեսակի ստերին պետք է վերջ տալ այլեւս:

Ազգիս պատմության, տխուր ու ցավալի ճակատագրին վերաբերող էական հարցերի շուրջ ճշմարտությունն ասելու նպատակով հեռուստաեթերից օգտվելու եւ արտահայտվելու ոչ մեկ հնարավորություն չունեցող՝ ինձ նման հազարներով մարդկանց ահռելի մեծ բանակին տհասի տեղ դնողների մասին ուզում եմ հայտնել հետեւյալը:

Վերջին 118 տարիների ընթացքին, մշտապես այլազգիների շահերին ծառայելով, ազգիս գլխին հազար ու մեկ փորձանք բերածները, անընդհատ ստելն ու կեղծելը ժամանակին իրենց եղբայրացած դաշնակից՝ երիտթուրք «ընկեր»-ներից են սովորել կամ էլ իրենք են նրանց սովորեցրել:

Այդ ինչպե՞ս է լինում, որ չգիտենք՝ ո՞ւմ պատվերով եւ ի՞նչ պատճառով էլ լինի, նրանք հայոց երկնակամարում երբ հայտնվում են՝ ազգիս գլխին անպայման մի փորձանք է գալիս: Իրենք իրենց, զոռով-շառով իբր «մեր հին ընկերները» հորջորջողներն ի՞նչ են ուզում մեր ազգից, ում գլխին՝ կարծես թե, հնարավոր եւ անհնար բերվելիք բոլոր փորձանքները՝ ընդհուպ ցեղասպանություն, բերել են արդեն:

Նրանց մեծագույն մեղքերի պատճառով Արեւմտյան Հայաստանից վաղուց զրկված, անհայրենիք, պանդուխտ եւ թշվառ ու անտեր դարձել ենք արդեն եւ

– նրանց գոյություն ունեցած սփյուռքյան բոլոր 33 գաղթօջախներում, ՀՅԴ անմիջական ջանքների շնորհիվ, ազգովին, կարծեք ցմահ պառակտված ենք փաստորեն,

– նրանց պատճառով դավանանքային ոչ մեկ խնդիր չունեցող հայության քրիստոնյա մի հատվածին, հայրենի Վաղարշապատ քաղաքի դարավոր Էջմիածնի տեղ, օտար ափերի Անթիլիասին ենթարկեցնելով՝ պաշտել ստիպելն էլ հաջողացվել է,

– հաջողացվել է նաեւ նրանց համար սրբություն համարվող փողերն ու իրենց սիրասուն զավակներին Ամերիկա եւ կանադաներում մշտական բնակության նպատակով հանգիստ տեղավորելը,

– եւ, վերջապես, մեր սփյուռքյան գաղթօջախներում հանգրվանած հայրենակիցների անկեղծ, ազնիվ ու ջերմագին հայրենասիրական զգացմունքները կեղեքելու աստիճան շահագործելու նպատակով հիմնված մի ինդուստրիա էլ է գործի դրվել, որն իրենց նյութական ահռելի մեծ եկամուտներ է ապահովում:

Դե ի՞նչ, նրանք Արեւմտյան Հայաստան եւ Կիլիկիայից ինչքան կարելի էր հեռու փախչելով՝ նոր հորիզոններում իրենց համար ընդմիշտ հանգրվանել են կարծեք, բայց արի ու տես, որ հիմա կրկին եկել են այստեղ, որպեսզի կարողանան Հայաստանից մնացած այս «կտոր մը երկինքի» տակ դեռ մի կերպ գոյություն պահպանող հանրապետության վզին փաթաթել «երեք ճակատ ու մեկ սահման» ունենալու դժբախտությունն անպայման:

Դժբախտություն, որի, Աստված մի արասցե, հաջողացման դեպքում, ինչպես 1920թ.-ին դավադրաբար արվեց, այս անգամ էլ կկարողանան կիսով չափ եւս փոքրացնել՝ մեր ամենամեծ ձեռքբերում Արցախով հանդերձ, հայոց Երրորդ Հանրապետության ունեցած-չունեցածը: Նրանք, ինչպես մեր ցավալի պատմությունից գիտենք, ամեն ինչի ընդունակ են:

Փաստ է, որ պետական լծակներին տիրապետելով, իրենց իշխանություն եղած վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանն իր բնակչության թվաքանակով գրեթե կիսով չափ փոքրացել, Արցախն ու ազատագրված տարածքներն էլ միասին վերցրած, ընդհանուր առմամբ մեկ միլիոնից ավելի հայ հայրենիքից հեռացել է, չէ՞:

Բայց այս շատ վտանգավոր տխուր իրավիճակն անգամ նրանց բոլորովին չի հուզում եւ չի հետաքրքրում: Ընդհակառակը՝ Հայաստանի առանց այդ էլ ոչ ապահով սահմաններում նորանոր ճակատներ հայտնաբերելու, նոր խրամատներ փորելու համար՝ ՀՅԴ դարավոր «հաղթարշավը» շարունակվում է: Այդ իսկ պատճառով, անկոչ հյուրի կարգավիճակով հայտնվելով հայրենի Ջավախքում, տարածքն ամբողջովին հայաթափ անելու համար նրանք իրենցից կախված ամեն ինչ անում են: Հայաստանի համար օդ ու ջրի պես անհրաժեշտ, աշխարհաքաղաքական մեծ նշանակություն ներկայացնող այս ամենակենսական տարածաշրջանում, հայոց նորանկախ պետականության հզորացման տեսանկյունից մեզ բոլորովին օգուտ չբերող, ավելին՝ հաստատ ոչ հայանպաստ, անցանկալի ու վտանգավոր դերակատարում ունենալու հայտ ներկայացնելով, նրանք հերթական անգամ օտար խաղերին կամովին մասնակցելու պատրաստակամությամբ են հանդես գալիս:

Նրանց՝ 118-ամյա զառամյալին լիիրավ բնորոշող եւ պատմականորեն արդեն տխուր ավանդույթի վերածված ազգակործան բոլոր փաստերը գալիս են ապացուցելու այն անհերքելի ճշմարտությունը, որ ՀՅԴ կուսակցության համար հայ ազգի, Հայաստան երկրի անվտանգության եւ պետականության շահեր բացարձակապես գոյություն չունեն: Հետեւապես, նրանք, ընդամենը մեր վատը ցանկացող օտար ուժերի թելադրած ծրագրերի իրականացման համար Հայաստան աշխարհում ծվարած, որպես հինգերորդ շարասյուն են հանդիսանում:

Այլապես, իրենց ստեղծման՝ 1890թ.-ից սկսած, մեր երկրի եւ ժողովրդի հետ կատարված պատմական որեւէ աղետալի իրադարձություն, դեպք կամ ողբերգություն զուտ մարդկային բանականությանն ապավինելու հաշվին բացատրել, իրերի տրամաբանությունը որեւէ կերպ փորձել հասկանալ կամ եղածը լրիվությամբ ընկալելն ու դրանք գիտակցաբար մարսել կարողանալը պարզապես անհնար կլինի:

Մեր իսկ պատմության առաջ չմեղանչելու եւ իրերն իրենց անուններով կոչելու համար դիմենք առավել քան խոսուն մի շարք փաստերի, վերջապես:

– 1894-1896թթ. հայկական կոտորածներում զոհ դարձած 300 հազարից ավելի անմեղ հայերի,

– 1908թ.-ից սկսած երիտթուրքական իշխանության հետ դաշնակցելով եղբայրացած ժամանակից հաշված առաջինը՝ 1909թ. Ադանայի 30 հազարից ավելի հայության եւ այլ հայաբնակ բնակավայրերում տասնյակ հազարավոր անմեղ հայերի թափված արյան,

– 1915-1918թթ. հայկական ցեղասպանության զոհ դարձած 1 միլիոնից ավելի անմեղ հայության եւ մեծամասամբ բռնազավթված հայրենիքի կորստի,

– 1918-1919թթ. հայկական ցեղասպանությունից մազապուրծ վերապրողներից Վաղարշապատ եւ Երեւան հասած արեւմտահայերից 150 հազարից ավելի հայության մահվան,

– 1919- 1920թթ. հայկական պետականության սահմանների 70 հազար քառակուսի կմ-ից Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագրով ամրագրվածին հասցման եւ հայկական Կարս քաղաքի անկման ու վերջապես ՀՀ քաղաքացի հանդիսացող տասնյակ հազարներով հայորդիներին թուրքին նրանց մենիշխանության նախընտրելուն հասցնելու պատճառով տեղի ունեցած Մայիսյան ապստամբության ժամանակ միապետական ռեժիմի իբրեւ գործող իշխանություն՝ քաղաքացիական պատերազմ հրահրելով եղբայրասպանություն իրականացնելու գնով հակահայկական քաղաքականություն վարելու արդյունքում առաջին հանրապետության կործանման,

– 1941- 1945թթ. 600 հազարից ավելի հայորդու արյան գնով պաշտպանվող Խորհրդային երկրի վրա հարձակված, Հայաստանը Թուրքիայի կողմից ոտնակոխ անելով քարտեզի վրայից իսպառ վերացնելու վտանգավոր նպատակը հետապնդող ֆաշիստական Գերմանիայի բացահայտ հայաջինջ ծրագրերին մանրամասնորեն տեղյակ լինելով հանդերձ, «դաշնակ Դրոյի» գլխավորությամբ գերմանական թրքաբարո ռեժիմին կամովին իր ռազմական ծառայություններն առաջարկած հայկական լեգեոնի կազմավորմամբ օժանդակելու,

-1956թ. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու միասնականությանը սպառնալու գնով, այն պառակտելու եւ Մայր աթոռ Ս. Էջմիածնի դեմ ծրագրված օտարահաճո դավերի իրականացման գլխավոր մեղավորի հանգամանքով, նրա բազմադարյա գործունեության եւ ազդեցության ոլորտները զոռբայությամբ զավթելու,

– 1991թ. սեպտեմբերի 21-ին հայկական երրորդ հանրապետության ծննդյան նախորդած ժամանակահատվածում կազմակերպված համազգային հանրաքվեի առթիվ՝ դարերով անկախություն երազած Հայաստանի ողջ բնակչության «Ոչ անկախությանը» կոչով դիմելու,

– 1991-1994թթ. Արցախյան ազատամարտում «զենք կուսակցությանը անդամակցելու դիմաց» ապազգային գործելաոճով առաջնորդվելով մարդաորսության դիմելու եւ անձնուրաց հերոսական սխրագործությունների հեղինակ բազմահազար հայրենյաց պաշտպանների միաբանված հավաքական նվիրումը՝ նեղ կուսակցական շահերի զուտ քարոզչական նպատակներին ծառայեցնելու,

– 1991-1995թթ. նորանկախ ՀՀ-ում տեռորիստական գաղտնի զինված բանդաներ ստեղծելու, նարկոթրաֆիքինգով զբաղվելու, հայորդիների դեմ մահափորձեր կատարելու,

-1998-2008թթ. ՀՀ-ում կատարված բոլոր տեսակի ընտրական կեղծարարություններին մասնակցելով, իշխանական լծակներից լիուլի օգտվելով, անարդարությունների ծաղկման պատճառով երկրից բնակչության արտագաղթին նպաստող պայմանների էլ ավելի ծանրացման, երկրում ահռելի չափերի հասած կաշառակերության ամենատարածված՝ առողջապահության, գյուղատնտեսության, կրթության եւ գիտության ոլորտներում հայտնվելով, ՀՀ քաղաքացիների հարստահարման միջոցով սեփական գրպանը լցնելու, համատարած ամենաթողության, անպատժելիության մթնոլորտի զարգացմանը նպաստելու:

Եվ միայն տեղի սղության պատճառով այստեղ չհիշված այլ մեղքերի համար, նրանք հայ ազգի եւ նրա պետականության առաջ լրջագույն պատասխանատվություն են կրում:

Մեկ դարից էլ ավելի ստելն ու կեղծելն արդեն մասնագիտություն դարձրածների իսկական կերպարը, այսօրվա ապօրինի ռեժիմի երկու պարագլուխների անմիջական՝ ֆիզիկապես ներկայությամբ տեղի ունեցած, Ստեփանակերտում՝ Արթուր Մկրտչյանի, Երեւանում՝ Պողոս Պողոսյանի, այսինքն՝ Արցախը եւ Ջավախքը ներկայացնող կուսակցական երկու «ընկեր»-ների զույգ սպանությունների առթիվ ցուցաբերած անբարոյական կեցվածքի արդյունքում մեկանգամ ընդմիշտ բացահայտվեց:

Ինչպես միշտ, միայն գերգաղտնի պայմաններում անցկացված, իրենց 30-րդ կուսակցական ժողովում ընդունված՝ եւ այդ մասին թիվ 1 դաշնակցականի բերանից հայտարարված որոշումներից վերջինը մի անգամ եւս ապացուցում է վերոշարադրված բոլոր փաստերի հիմքը հանդիսացող մտքի անվիճելի ճշմարտացիությունը. ՀՅԴ համար Հայաստանի Հանրապետությունն արժեքներից միայն ստորադասի վիճակում կարող է հայտնվել, քանի որ, ըստ «հին ընկերների», փաստորեն, «ՀՀ կառավարության անդամ հանդիսացող նախարարները, ինքնակամ որոշելով ընդգրկվել ՀՅԴ բյուրոյի կազմում, իրենց համար ավելի պատասխանատու եւ պատվավոր տեղն են նախընտրել»:

Նրանց բուն էությունը հասկանալու համար մի՞թե բերված վերջին օրինակն իսկ հերիք չէ:

Ողբամ քեզ, հայոց կառավարություն, որ դաշնակցական նախարարներ ունես:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել