Մայրաքաղաքի վճարովի կանգառներում վարորդը սեփական մեքենան կայանելով, չի կարող վստահ լինել, որ վերադառնալով՝ մեքենան կգտնի այնտեղ, որտեղ կայանել է, կամ այն կլինի նորմալ վիճակում:
Վճարովի ավտոկանգառների տերերը, որպես կանոն, միայն իրենց փողի տերն են, եւ անգամ մեկ րոպե իրենց տարածքում կանգնած մեքենայից 200 դրամ գանձելով, իրենց գործը համարում են կատարված: Եթե առեւանգվի կամ վթարի ենթարկվի կանգառում կայանված մեքենան, ապա ոչ հսկիչները եւ ոչ էլ տարածքի տերը այդ մեքենայի համար որեւէ պատասխանատվություն չեն կրում: Երեւանում վճարովի ավտոկանգառներ հիմնելու մասին քաղաքապետի որոշման համաձայն, կանգառներում կատարված վճարի դիմաց բոլոր մեքենաներին պարտադիր կերպով պետք է տրվի համարակալված կտրոն: Կտրոնների վրա պետք է նշված լինի ոչ միայն վճարած գումարի չափը, այլ նաեւ տվյալ ավտոկանգառը շահագործող կազմակերպության կամ անհատի կոորդինատները: Այդ կտրոնի միջոցով հնարավոր կլինի հավաստել, որ տրանսպորտային միջոցը կայանել է տվյալ ավտոկանգառում: Սակայն քաղաքապետի որոշումը գրեթե ոչ մի կայանատեղի «բանի տեղ չի դնում» ու աշխատում է այնպես, ինչպես ինքը հարմար է գտնում:
Շրջելով մայրաքաղաքի մի քանի վճարովի ավտոկանգառներում, պարզեցինք, որ հսկիչներից շատերն անգամ տեղեկություն չունեն, թե որ կազմակերպությանն է պատկանում այն ավտոկանգառը, որտեղ իրենք աշխատում են: Միայն Արաբկիրի շուկայի հարեւանությամբ աշխատող հսկիչներից մեկը, երկար փնտրտուքներից հետո, գրպանից հայտնաբերեց մի տեղեկանք, որտեղ նշված էր, որ ինքը հանդիսանում է «Հայկ 88» ՍՊԸ-ի աշխատակից: Մեր հարցին, թե մեքենաներին կտրոն տրամադրո՞ւմ եք, կամ պատասխանատո՞ւ եք մեքենաների անվտանգության համար, հսկիչը պատասխանեց. «Ո՞նց կարանք կտրոն տրամադրենք, մեկը 100 դրամ ա տալիս, մեկը 200, մեկն էլ իսկի չի տալիս: 5 տարի ա ստեղ կանգնում եմ, դեռ մեր մոտից ոչ մեկի մեքենան չեն գողացել, որ տենց բան լինի, արդեն կմտածենք ինչ անենք»: Մեզ հետ զրույցում հսկիչն ասաց նաեւ, որ առավոտյան ժամը 8-ից մինչեւ երեկոյան 18-ը աշխատելու համար իրեն վճարում են օրական 2700 դրամ, իսկ ավելի գումար աշխատելու տարբերակ, ըստ հսկիչի, գրեթե չկա, քանի որ «տիրոջ մարդիկ» տարածքում անընդհատ պտտվում են ու լավ գիտեն, թե այդ օրը քանի մեքենա է կանգնել ու իրենց ինչքան փող են տվել:
Ֆիրդուսի շուկայի մոտ կանգնած հսկիչներից մեկն էլ մեզ հետ զրույցում զարմացած պատասխանեց. «Խի ո՞վ ա ում մեքենայի անվտանգությունը 200 դրամով հսկում, փողին մուննաթ, թող գոնե մի 1000 դրամ տան, ասեն՝ հոպար ջան ավտոյիս լավ կնայես, ես էլ աչքիս լույսի պես նայեմ»: Վճարովի կանգառները վերահսկվում են տվյալ տարածքի թաղապետարանի կողմից, իսկ որոշ կայանատեղիներ էլ ոչ միայն վերահսկվում, այլեւ պատկանում են թաղապետարանին ու «նալոգ» են տալիս հենց նրանց: Արաբկիրի շուկայի տարածքում աշխատում է տարբեր կազմակերպությունների ու անհատների պատկանող ավելի քան 10 հսկիչ: Նրանցից մեկը մեզ ասաց, որ իրենք ոչ մի ընկերության էլ չեն պատկանում, այլ իրենց տերը թաղապետարանն է: Այդ հսկիչի հավաստմամբ, իրենք օրավարձով չեն աշխատում, այլ օրվա ընթացքում ինչքան փող հավաքում են՝ վերջում 5 հազար դրամ տալիս են թաղապետարանի աշխատակցին, մնացածն էլ պահում են իրենց:
Նկատենք, որ մայրաքաղաքի վճարովի ավտոկանգառների գործունեությունը մեր երկրում ընդհանրապես կանոնակարգված չէ: Դեռ բավական չէ, որ այս կամ այն օբյեկտի տերերը սեփականաշնորհել են օբյեկտին հարակից փողոցն ու իրենց հաճախորդների համար կայանատեղի սարքել, անհատներն ու կազմակերպություններն էլ իրենցով են արել մայրաքաղաքի սուպերմարքեթներին ու սպասարկման այլ օբյեկտներին հարող բոլոր հնարավոր ու անհնարին վայրերը: Արդյունքում՝ այսօր ավտոկանգառներ կան նույնիսկ միակողմանի երթեւեկությամբ նեղ փողոցների երկու կողմերում, ինչն էլ խցանումների ու տրանսպորտային վթարների պատճառ է դառնում:
Նշենք նաեւ, որ, ըստ ճանապարհային երթեւեկության կանոնների, վճարովի ավտոկայանատեղին պետք է առանձնացված լինի հատուկ նշանով, մինչդեռ քաղաքի շատ կայանատեղիներում նման ցուցանակները բացակայում են, եղածներում էլ «վճարը՝ 200 դրամ» մակագրությամբ ծռմռված երկաթե ցուցանակներ են:
Հայաստանում վճարովի ավտոկանգառները աշխատում են հաստատագրված հարկով, իսկ հարկի չափը կախված է տվյալ կանգառի համար նախատեսված տարածքի մեծությունից ու գտնվելու վայրից: Թե որքան է նրանց օրական շրջանառությունը, գիտեն միայն ավտոկանգառների տերերը, իսկ նրանցից ավելի ստույգ՝ միայն հսկիչները: Դատելով մայրաքաղաքում ավտոկանգառների առատությունից, կարելի է ենթադրելլ, որ այդ բիզնեսը բավականին եկամտաբեր է: