Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երկու արջ մի որջում տեղ չունեն»

Մայիս 31,2008 00:00

Հնուց ի վեր սա է պնդում ռուսական հայտնի ասացվածքը

«Ռուսաստանը գնաց պատմության դեմ»: ՌԴ նոր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնակալությունից հետո այս գնահատականն արդեն տեւական ժամանակ է, ինչ գերիշխող է դարձել արտասահմանյան մամուլում: Մասնավորապես, հիշատակվում է, որ իր ողջ պատմության ընթացքում Ռուսաստանում իշխանությունը երբեւէ չէր բաշխվել երկու՝ հեռացող եւ եկող լիդերների միջեւ: Այսինքն՝ իշխանափոխությունը դեռ երբեք փոխադարձ համաձայնությամբ երկիշխանության չէր բերել:

Վերլուծաբանների կարծիքով, Ռուսաստանում այժմ «քաղաքական ճարտարագիտության փորձարկումներ են կատարվում», որի մասնակիցների փոխհամաձայնեցված գործարքը Ռուսաստանը դարձնում է առեղծվածներով լի մի լաբորատորիա: Արտաքինից, թերեւս, ամեն ինչ իդիլիկ է թվում. ամենակարող Պուտինն ինքն է ընտրել Մեդվեդեւին իբրեւ «ժառանգորդ», որը վերջին ութ տարիներին անդավաճան ծառայել է իր «ուսուցչին»: Նրանց երկուսի հարաբերությունները, անկասկած, բարեկամական են, սակայն դրանք մեծ չափով խորհրդավոր են: Հանգամանք, որը տարբեր հակասական ենթադրությունների տեղիք է տալիս: Շատ ռուսաստանցիներ այսօր տարակուսած են՝ ունակ կլինե՞ն արդյոք ներկա եւ նախկին նախագահները խաղաղ գոյակցելու, եւ ինչո՞վ այս ամենը կավարտվի, հաջողությա՞մբ, թե՞ դժբախտությամբ: Լավատեսները հուսով են, որ երկիշխանության հակակշռությունը կբերի բազմակարծության, ինչի արդյունքում որոշակիորեն կշահի ժողովրդավարությունը: Մինչդեռ հոռետեսները երկյուղով սպասում են իշխող էլիտայում պայթելիք թեժ պայքարին, որը, անշուշտ, հղի կլինի հասարակական մեծ ցնցումների վտանգով:

Նախագահական աթոռը հավատարիմ զինակցին փոխանցելուց ընդամենը մեկ շաբաթ անց Պուտինն արդեն ստեղծեց իշխանության նոր կենտրոն, որն ընդգծում է նրա՝ Ռուսաստանի ամենաազդեցիկ քաղաքական գործչի անսասան կարգավիճակը: Ռուսաստանն այժմ իշխանության երկու կենտրոն ունի, նշում են վերլուծաբանները, նկատել տալով, որ ավանդական մեկի փոխարեն երկու կենտրոնի գոյացումը կդանդաղեցնի ցանկացած հարցի լուծումը: Եվ դա, ըստ նրանց, տեղի կունենա անկախ այն հանգամանքից, որ Մեդվեդեւն այսօր հրապարակավ ցուցադրում է իր հավատարմությունը նախկին նախագահին: Ըստ այդմ, «մեդվեդեւվյան Կրեմլի» եւ «պուտինյան Սպիտակ տան» փոխադարձ կասկածներն ու ինտրիգներն անխուսափելի են, դրանք նույնիսկ ավելի ահավոր կարող են լինել, քան Կրեմլի եւ վաշինգթոնյան Սպիտակ տան տարաձայնությունները: Ավելին, շատերը նշում են, որ նրանց «շքախմբերի» պատերազմն արդեն սկսվել է:

Պուտինի կառավարման տարիներին Ռուսաստանը դարձավ ավելի հարուստ (առավելապես՝ համաշխարհային շուկայում նավթի բարձր գների շնորհիվ), բայց միաժամանակ՝ ավելի ռեպրեսիվ ու ավտորիտար: Չնայած տնտեսական որոշակի նվաճումներին, Պուտինին, այդուհանդերձ, այդպես էլ չհաջողվեց ստեղծել կայուն քաղաքական համակարգ: Պուտինյան համակարգը, մի շարք վերլուծաբանների դիպուկ բնութագրմամբ, «ամենազորության անզորության» դասական օրինակ է: Այսպես. Ռուսաստանի սահմանադրությամբ, նախագահն է հանդիսանում երկրի առաջին դեմքը, իսկ վարչապետն ընդամենը քաղաքական ոչ մեծ կշիռ ունեցող ադմինիստրատոր է: Մինչդեռ, այսօր Պուտինը, օգտագործելով իր քաղաքական գերակշռությունն ու այլեւայլ լծակները, փորձում է ստեղծել իշխանական բոլորովին նոր ստրուկտուրա: Բացի այդ, նա շարունակում է մեծացնել իր հատկապես քաղաքական իշխանությունը, հաստատվելով «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության միանձնյա առաջնորդի դերում: Վարչապետի պաշտոնում նա այսօր փաստացիորեն ինքն է թելադրում այդ հսկա երկրի տնտեսական քաղաքականության ընթացքը: Օրենսդրության փոփոխությունների միջոցով նա գրեթե ամբողջությամբ իր հսկողության տակ է առել տեղական ինքնակառավարման մարմինների ու նահանգապետերի գործունեությունը: Շատերն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ ներկայիս վարչապետն իր կաբինետը ձեւավորում է գերազանցապես Դմիտրի Մեդվեդեւի հակառակորդներից. դա նրան հնարավորություն կտա թուլացնել ու սահմանափակել Մեդվեդեւի հնարավոր ամբիցիաները:

Ստեղծվել է ուշագրավ մի վիճակ. մի կողմից Պուտինը, զուտ տեսականորեն, կարող է Մեդվեդեւի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսել եւ նույնիսկ նորից առաջադրել իր թեկնածությունը նախագահի պաշտոնում (ընդ որում, չխախտելով օրենքը), մյուս կողմից՝ Մեդվեդեւը, դարձյալ տեսականորեն, կարող է աշխատանքից ազատել Պուտինին, եթե նույնիսկ պառլամենտը դեմ լինի: Այդուհանդերձ, երկրորդ տարբերակը պակաս հավանական է. «Գազպրոմով» անցած եւ Կրեմլում հիմնավորված իրավաբան Մեդվեդեւը ԴԱԾ-ում (Դաշնային անվտանգության ծառայություն) ձեւավորված ուժայինների կլանին չի պատկանում եւ չունի իշխանության սեփական բազա: Չնայած դրան, նորընտիր նախագահը, անկասկած, միայն դիտորդի դերում չի լինի: Նրան, հավանաբար, օգնության կգան Լենինգրադի պետհամալսարանի իրավագիտության ֆակուլտետի իր համակուրսեցիները, նրա կողքին են նաեւ «գազպրոմցիները» եւ Բորիս Ելցինի երբեմնի ճամբարի առանցքային ֆիգուրները: Շատ դիտորդներ կասկած չունեն, որ «մի օր» Մեդվեդեւը ինքնուրույնաբար կտնօրինի Պուտինից որպես ընծա ստացած իր նախագահական լիազորությունները:

Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Մեդվեդեւը բազմիցս հայտարարել է, որ լի է վճռականությամբ՝ «Ռուսաստանում քաղաքացիական հասարակություն ստեղծելու, մարդու իրավունքներն ու ազատությունները հարգելու եւ պահպանելու, դատական համակարգը բարեփոխելու եւ կոռուպցիան արմատախիլ անելու հարցերում»: Նա առաջարկում է ԶԼՄ-ներին ազատել պետական հսկողությունից, քաղաքական համակարգում ձեւավորել մրցակցության եւ թափանցիկության ավանդույթներ, իսկ դատական համակարգը դարձնել լիովին անկախ: Այսօրինակ «ազատական» ցանկությունները, սակայն, սուր հակադրության մեջ են մտնում պուտինյան ավանդույթների հետ, ինչը վերլուծաբաններին հարկադրում է նկատել, որ «Կրեմլում ամեն ինչ հոսում է, բայց ոչինչ չի փոխվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել