Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԽԱՂԱՂԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՎԱ՞ԶՔ

Մայիս 31,2008 00:00

\"\"Ամերիկացի ընտրողների շրջանում այդ հատկանիշն այսօր շատ «հարգի» է

Միացյալ Նահանգների առաջիկա նախագահական ընտրություններում հանրապետականների թեկնածու Ջոն Մկքեյնի հնարավոր պաշտոնակալումը շատ ամերիկացիների կողմից ընկալվում է որպես գործող նախագահ Ջորջ Բուշի նախագահության երրորդ ժամկետ: Հարցը, անշուշտ, չի հանգում միայն նրանց՝ նույն կուսակցությանը պատկանելու իրողությանը: Ճշտորեն համընկնում են նաեւ Մկքեյնի եւ Բուշի մոտեցումները ԱՄՆ-ի համար կենսական արտաքին քաղաքական մի շարք հարցերում: Օրինակ, 71-ամյա Մկքեյնը, ինչպես եւ իր կուսակից Բուշը, համարում է, որ Իրանի հետ ոչ մի պարագայում չի կարելի քաղաքական երկխոսություն սկսել, քանի դեռ այդ երկիրը չի դադարեցրել իր «խիստ կասկածելի» միջուկային ծրագիրն ու այն ամբողջությամբ չի դրել միջազգային վերահսկողության տակ: Մկքեյնը ամբողջությամբ կիսում է նաեւ գործող նախագահի՝ ԱՄՆ-ի ներսում խիստ քննադատության ենթարկվող իրաքյան քաղաքականությունը: Բանը հասել է անտեղ, որ հանրապետականների թեկնածուի արդեն իսկ «պատերազմասիրական» որակված հայացքների շրջանառումը սկսել է լրջորեն անհանգստացնել այդ կուսակցության վերնախավին, որի ներկայացուցիչները, ոչ առանց հիմքի, մտահոգված են իրենց ավանդական էլեկտորատի պացիֆիստորեն տրամադրված հատվածի հնարավոր կորստով:

Եվ ահա, ամերիկացի մի շարք փորձագետների գնահատմամբ, հանրապետականները որոշել են որոշ խաղաղասիրական երանգներ հաղորդել իրենց թեկնածուի ընտրարշավին, ճգնելով հետ նվաճել երբեմնի համակիրների պոտենցիալ քվեները: Այդ բանը, սակայն, նրանք փորձում են անել ոչ թե ներկայումս Վաշինգթոնի համար խիստ հրատապ, այլ ավելի հեռանկարային, հետեւաբար եւ՝ «անմեղ» թվացող խնդիրների հաշվին:

Օրերս Ջոն Մկքեյնը հանդես է եկել արտաքին քաղաքական հարցերին նվիրված համապարփակ մի ելույթով, որում նա առավելապես կենտրոնացել է Ռուսաստանի եւ Չինաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների հետագա ճակատագրի վրա՝ խուսափելով Իրանին եւ Իրաքին վերաբերող՝ տվյալ դեպքում ոչ այնքան հաճելի թեմաներից: Հանրապետականների թեկնածուն, մասնավորապես, նշել է, որ իր հաղթանակի դեպքում մտադիր է բանակցություններ սկսել Մոսկվայի հետ՝ երկու երկրներում կուտակված միջուկային արսենալի կրճատման մասին նոր պայմանագիր կնքելու նպատակով: Նա նշել է, որ հաջողության դեպքում «նման մի փաստաթուղթ» կնքելու համար կարելի է բանակցել նաեւ Չինաստանի հետ: «Սառը պատերազմն ավարտվել է գրեթե 20 տարի առաջ, եւ եկել է աշխարհում եղած միջուկային մարտագլխիկների քանակը զգալիորեն կրճատելու ժամանակը: Ճիշտ է, մենք տարբեր ենք, մենք նույնը չենք, բայց եւ պետք է ընդունենք, որ Ռուսաստանն ու Չինաստանը վաղուց արդեն մեր ոխերիմ թշնամիները չեն»,- նշել է Մկքեյնը:

Վերջինիս այս հայտարարությունը, մեղմ ասած, շատ է զարմացրել ամերիկյան լրատվամիջոցներին, որոնք անմիջապես հանրությանը հիշեցրել են նախագահի հանրապետական թեկնածուի՝ ընդամենը մի քանի ամիս առաջ արած մեկ այլ հայտարարության մասին: Այն ժամանակ, թերեւս նախընտրական PR-ի այլ «փիլիսոփայության» շրջանակներում, Մկքեյնը մեծ ութնյակի երկրներին կոչ էր անում Ռուսաստանին վտարել իրենց շարքերից, քանի որ «այդ երկրում կոպտորեն խախտվում են մարդու եւ քաղաքացու իրավունքները»:

Ջոն Մկքեյնի նախընտրական վարքագծում տեղի ունեցած այս փոփոխության բացատրությունը ամերիկացի վերլուծաբանները փնտրում են դեմոկրատների ճամբարի առավել հավանական թեկնածու Բարակ Օբամայի վերջին աղմկոտ հայտարարությունների մեջ: Ամերիկյան հանրության մեջ իսկական «բում» առաջացրեց Օբամայի «արտաքին քաղաքական նոր տեսլականը», ըստ որի՝ դեմոկրատների թեկնածուն առաջարկում է առանց նախապայմանների խաղաղության եւ համագործակցության բանակցություններ սկսել միաժամանակ Իրանի, Սիրիայի եւ Կուբայի հետ: Այդուհանդերձ, ինչպես շատերն իրավացիորեն նկատում են, գտնվելով պոպուլիզմի միանգամայն հասկանալի ալիքի ազդեցության տակ, Օբաման մի քիչ չափն անցավ: Փորձառու Մկքեյնը չզլացավ անմիջապես օգտվել իր երիտասարդ մրցակցի անհարկի ոգեւորությունից՝ իր վերոհիշյալ ելույթում արձանագրելով. «Կարելի է կարծել, որ եթե սկսես բարեկամաբար զրուցել Թեհրանի կամ Փխենյանի ներկայացուցիչների հետ, ապա այդ երկրներն անմիջապես կդադարեցնեն իրենց միջուկային ծրագրերը: Կամ էլ թե՝ կարելի է կարծել, որ վերջին տարիների ընթացքում ամերիկյան վարչակազմը երբեւէ փորձ չի արել՝ անմիջական շփումներ ունենալու այդ ռեժիմների հետ, ջանալով բանակցել միջազգային անվտանգությանն առնչվող կարեւոր հարցերի շուրջ: Նման փորձեր, անշուշտ, եղել են, սակայն՝ անարդյունք»:

Այս ամենով հանդերձ, ԱՄՆ-ում ընթացող ընտրարշավին հետեւող քաղաքագետները նշում են, որ անկախ հանգամանքից, թե ինչ են ասում հանրապետական կամ դեմոկրատ թեկնածուները, առնվազն արտաքին քաղաքական ոլորտում ԱՄՆ-ի պաշտոնական ուղեգծի կտրուկ փոփոխություններ չեն սպասվում: Դժվար է չհամաձայնել նման գնահատականի հետ, հաշվի առնելով այն իրողությունը, որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական շահերը ձեւավորվել եւ բյուրեղացել են ոչ թե մեկ-երկու, այլ տասնյակ տարիների ընթացքում: Ուստի՝ առանձին վերցրած ոչ մի անհատ կամ նույնիսկ կուսակցություն չի կարող եւ, ըստ էության, չի էլ ձգտում արմատական բեկում մտցնել այդ շահերի հիմնակառույցի մեջ: Այդուամենայնիվ, եթե պատկերավոր արտահայտվելու լինենք՝ Ամերիկան Ամերիկա չէր լինի, եթե այդ երկրում տեղի չունենային կարծիքների ու մոտեցումների հրապարակային եւ հետաքրքիր բախումներ: Առավել եւս՝ Ամերիկան Ամերիկա չէր լինի, եթե այդ բախումներից ու դրան հաջորդած ընտրություններից հետո ամերիկյան հանրությունը կասկածի տակ առներ նախագահի լեգիտիմությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել