Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՄ-ն պարտավոր է առավելագույնս ներազդել կոռումպացված ռեժիմների վրա

Մայիս 31,2008 00:00

Դա է պահանջում այդ ռեժիմներին պատանդ դարձած ժողովուրդների կենսական շահը

Մարդկությունն այսօր ապրում է այնպիսի հզոր ու համատարած ինֆորմացիոն, տնտեսական եւ քաղաքական սերտ կապերի դարաշրջանում, որ աշխարհի շատ, անգամ բռնապետական երկրների ժողովուրդների բախտն այլեւս ամբողջությամբ չեն կարող միանձնյա որոշել նման երկրների թեկուզ բռնապետ ղեկավարները: Շատ դեպքերում այդ, եթե կարելի է ասել՝ «գերյալ» հասարակությունների որոշակի խնդիրների լուծումը վերապահված է հենց ՄԱԿ-ին: Կազմակերպություն, որի առաքելությունը, ի սկզբանե, մոլորակի տարբեր հատվածներում առաջացող ճգնաժամերին (այդ թվում՝ սոցիալ-քաղաքական բնույթի) միջամտելն ու կարելույն չափով կարգավորելն է: Ցավոք, ներկայումս ՄԱԿ-ը, մի շարք պատճառներով, չունի այդ կարգի երկրների իշխանությունների վրա ազդելու բավարար տնտեսական, ֆինանսական եւ ուժային լծակներ, որպեսզի նրանց թույլ չտա շեղվել քաղաքակրթության համընդհանուր նորմերից: Թերեւս՝ ԱՄՆ-ը, բոլոր առումներով, ունի ազդեցության անհամեմատ ավելի մեծ լծակներ, քան Միացյալ ազգերի կազմակերպությունը: Այդուհանդերձ, համամարդկային հնչեղություն եւ կարեւորություն ունեցող շատ խնդիրների կարգավորումն անհամեմատ ավելի արդյունավետ կլիներ, եթե դրան իր մասնակցությունը բերեր ոչ թե առանձին վերցրած մի երկիր (ինչը քաղաքական անհարկի լարվածության տեղիք կտար), այլ պետությունների համայնքի կարգավիճակ ունեցող որեւէ հեղինակավոր կազմակերպություն:

Այս տեսանկյունից Եվրամիությունն այսօր թերեւս ավելի կազմակերպված, ժամանակի պահանջներին համահունչ եւ կատարելագործված միջազգային կառույց է, քան ՄԱԿ-ը: Անշուշտ, ԵՄ-ն իր այս առավելությունները կարող է իրացնել միայն եվրոպական մայրցամաքի շրջանակներում, ինչը, սակայն, ամենեւին չի նվազեցնում նրա հանձնառության կարեւորությունը: ԵՄ-ն ունի շատ գործուն լծակներ ոչ միայն անմիջականորեն կազմակերպության անդամ երկրների, այլեւ, ինչպես հիմա ընդունված է ասել, «հարեւանության գոտում» ընդգրկված պետությունների վրա ներազդելու համար: Դրանք հիմնականում այն պետություններն են, որոնք, առնվազն արտաքնապես, ձգտում են համապատասխանել եվրահամայնքի կողմից իրենց առաջադրված պահանջներին՝ նպատակ ունենալով երբեւէ դառնալ ԵՄ-ի լիիրավ անդամ: Այս հանգամանքը Եվրամիությունը կարող է եւ պետք է ավելի նպատակային ու գրագետ կերպով օգտագործի, առաջին հերթին կոռումպացված իշխանություններ ունեցող երկրների ղեկավարների վրա անհրաժեշտ զսպող ազդեցություն ունենալու համար՝ ի շահ այդ նույն երկրների ժողովուրդների:

Հեռու չգնանք. մենք մեր սեփական երկրի օրինակով արդեն որերո՞րդ անգամ ենք ականատես լինում եւ համոզվում, որ կոռուպցիայի մեջ խրված իշխանություններին անհնար է հեռացնել «ներսից», անգամ՝ ժողովրդի մեծամասնության ցանկության դեպքում: Կոռումպացված որեւէ երկրում բարձրագույն ղեկավարների թույլտվությամբ եւ հովանավորությամբ իշխանությունն իր ձեռքում կենտրոնացած վարչական հզոր լծակներն առավելապես ծառայեցնում է անձնական-շահադիտական նպատակներին: Այդ երեւույթի առավել վտանգավոր արտահայտությունը տարբեր մակարդակի ընտրությունների արդյունքների անթաքույց եւ լկտի կեղծումն է, ինչի վերջնանպատակը իշխանության պահպանումն ու վերարտադրումն է:

Դատելով միջազգային տարբեր կազմակերպությունների կատարած վերլուծություններից եւ հրապարակած զեկույցներից, չնայած արտաքին հանդարտությանը, այսօրինակ երեւույթներն օր օրի ավելի են մտահոգում Եվրամիությանը, նրանց հարկադրելով առանձնահատուկ վերաբերմունք մշակել կոռումպացված ռեժիմների նկատմամբ: Ըստ ամենայնի, հեռու չէ այն օրը (Եվրահանձնաժողովն արդեն իսկ հստակ ազդանշաններ է ուղարկում այդ մասին), երբ ԵՄ-ն «հարեւանության գոտու» երկրների համար կսկսի թողարկել ամենամյա զեկույցներ, որոնք կարտացոլեն տվյալ երկրում առկա ժողովրդավարության մակարդակն ու կոռուպցիայի աստիճանը՝ ձեւավորված տարբեր ցուցանիշների հանրագումարից: Հենց դրանով էլ պայմանավորված կլինի այդ երկրների հետ հետագա համագործակցության ձեւերն ու, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ ԵՄ-ի կողմից հարկադրական միջոցների գործադրման եղանակները:

Կյանքը ցույց է տալիս, որ կոռումպացված եւ ավտորիտար ռեժիմներին «խելքի բերելու» համար միայն ներքին ճնշումները հաճախ անբավարար են: Ու հենց նման պարագաներում է, որ այդ ռեժիմներին պատանդ դարձած ժողովուրդներին օգնելու նպատակով միջազգային հզոր կազմակերպությունները, տվյալ դեպքում՝ Եվրամիությունը, կարող են ու պարտավոր են հարկադրանքի խելամիտ միջոցներ օգտագործել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել