Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քեոսայանի նոր ժամանակները

Մայիս 31,2008 00:00

\"\"Կոմպոզիտորի հերթական ձեռնարկը «Ստեֆֆիի երաժշտական օրագիրը» նկարազարդ ալբոմն է՝ մանուկների համար:

Մեր ժամանակներում շատ չեն ստեղծագործողները, որոնք իրենց կարողություներով եւ ճանաչ- վածությամբ կարող էին ճանապարհ հարթել օտար, թեկուզ՝ ռուսական շոու-բիզնեսում, բայց մնացել են հայրենիքում ու նրանց մտահոգողը հետեւյալն է. իրենց արվեստը պե՛տք է այն միջավայրին, ում համար ստեղծագործում են: Ասվածը մասնավորապես կոմպոզիտոր Գայանե Քեոսայանի մասին է, որին 1980-ականներին ոչ միայն հայկական, իսկ վերջին տարիներին՝ նաեւ ռուսաստանյան շոու-բիզնեսում կատարած մի քանի հայտնությունների շնորհիվ ինքնադրսեւորվելու որոշակի հնարավորություն տրվեց:

Գ. Քեոսայանի հետ «Առավոտի» հանդիպման առիթը նրա վերջերս լույս տեսած «Ստեֆֆիի երաժշտական օրագիրը» դաշնամուրային մանկական պիեսների ալբոմն էր: Իսկ կային ժամանակներ, երբ նա հայտնի էր իր էստրադային երգերով, մյուզիքլներով, որոնք հնչել են 1987թ. Հռոմում, Մոսկվայի միջազգային փառատոների ժամանակ, թողարկվել են CD-ներ Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում եւ այլն:

«Ես չեմ կարծում, որ հեռացել եմ շոու-բիզնեսից, պարզապես վերջին մի քանի տարին, հանձին իմ թոռնուհու՝ Ստեֆֆիի, արվեստովս նվիրվել եմ մանուկներին: Ի դեպ, «Ստեֆֆիի երաժշտական օրագիրը» նկարազարդ ժողովածուի նկարների հեղինակը թոռնուհիս է: Ժողովածուն նախատեսված է երաժշտական դպրոցների ցածր դասարանների աշակերտների, նաեւ այն բոլոր երեխաների համար, որոնք սիրում են երաժշտություն: Հրատարակման աշխատանքներում ինձ շատ օգնեց կոլեգաս՝ կոմպոզիտոր Յուրի Գալստյանը»,- հայտնեց մեր զրուցակիցը: Գ. Քեոսայանը մանրամասնեց, որ իր արվեստով մանուկներին նվիրվելուն՝ խթանել է Անուշավան Տեր-Ղեւոնդյանի անվան երաժշտական դպրոցի մանկավարժական կոլեկտիվը (Գ. Քեոսայանը այս դպրոցի սանն էր). «Տնօրեն Ռոլանա Արամայիսովնայի, ուսումնական մասի վարիչ Նորա Վարդանովնայի, դաշնամուրային բաժնի ղեկավար Տեգա Արշակովնայի եւ մյուսների կողմից այնքան դրական լիցքեր ստացա, որ մեկը մյուսի հետեւից ծնվեցին մանկական գործիքային ստեղծագործություններ, այդ թվում՝ կվարտետ ֆլեյտայի, ջութակի, թավջութակի եւ դաշնամուրի համար, շեփորի ու դաշնամուրի համար պիեսներ, «Հայր մեր» երգչախմբային գործը եւ այլն: Ստեղծագործություններիցս մի քանիսը հունիսի 10-ին կհնչեն Տեր-Ղեւոնդյանի անվան երաժշտական դպրոցի 50-ամյակին նվիրված համերգաշարերից մեկում»:

Անդրադարձ եղավ նաեւ կոմպոզիտորի այլ ժանրերի նոր ստեղծագործություններին: Այդ կապակցությամբ Գ. Քեոսայանը հայտնեց, որ ունի նաեւ նոր գրված կամերային երկեր, այդ թվում՝ Կոմիտասի խոսքերով երգչախմբային ստեղծագործություններ, «Նվիրում» շարքը՝ գրված ձայնի եւ նվագախմբի համար, տարբեր գործեր փայտյա փողային նվագախմբի համար եւ այլն: Կոմպոզիտորը վստահեցրեց, որ տարիների ընդմիջումից հետո որոշում է կայացրել այս աշնանը հանդես գալ ստեղծագործական երեկոյով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել