Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՎՐԱՑԻՆԵՐԸ ԿԱՄ ԹՈՒՐՔԱՄԵՏ ԵՆ, ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԱՄԵՏ»

Մայիս 31,2008 00:00

\"\"«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ վրացիները նորոգման քողի տակ յուրացնում են հայկական հուշարձաններ:

«Վրաստանում բոլոր հայկական եկեղեցիների յուրացման հիմքը նորոգումն է: Այդ քողի տակ վրացիները հուշարձանների վրայից ոչնչացնում են բոլոր հայկական նշանները»,- «Միտք» վերլուծական կենտրոնի նախաձեռնությամբ երեկ կազմակերպված «Վրաստանի արդի հակահայ քաղաքականությունը» թեմայով կլոր սեղանի ժամանակ «Առավոտին» ասաց «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը: Երբ հիշեցրինք վերջերս ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից ներկայացված հակահայկական բանաձեւի քվեարկության ժամանակ Վրաստանի կողմ լինելու փաստը, պարոն Կարապետյանը նկատեց. «Վրացիները միշտ կամ ադրբեջանամետ են, կամ թուրքամետ: Նմանը նմանի հետ է բարեկամություն անում: Եթե վրացիները այսպիսի կեցվածք ունեն, իրենց բարեկամները, բնականաբար, պիտի լինեին թուրքն ու ադրբեջանական թուրքը»: Ս. Կարապետյանի զեկուցումը վերաբերում էր Թբիլիսիի կենտրոնական Մեյդան հրապարակում, վրաց առաջնորդանիստ Սբ. Սիոն եկեղեցու հարեւանությամբ, Լեսելիձեի փողոցում գտնվող հայկական Նորաշենի Սբ. Աստվածածին եկեղեցու վրացականացմանը: 1995-ին վրաց հոգեւորականներն այն օծել են Խարեբա անունով: Իսկ հայ մտավորականների դժգոհությանը, թե դա հայկական եկեղեցի է եւ չպիտի վրացականացվի, պատասխանել են, որ Սիոնի հարեւանությամբ չպիտի լինի հայկական եկեղեցի: Ս. Կարապետյանը հավաստում է, որ վրաց քահանա Տարիելը 2005-ին Մլեթի գյուղի գերեզմանատնից բերել է 5 տապանաքար եւ իբր եկեղեցու վրացականությունը հավաստելու համար տեղադրել Նորաշենի Սբ. Աստվածածին եկեղեցու բակում: «Հայկական հուշարձանները յուրացնելու համար վրացիներն անգամ իրենց ազգի գերեզմաններն են պղծում»,- նշեց Ս. Կարապետյանը:

«Միտք» վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Վահե Սարգսյանն էլ մի քանի սուր հարցադրումներ արեց. «Այս օրերին լրանում է Ախալքալաքի եւ Ախալցխայի հայերի կոտորածների 90 տարին, որի զոհը դարձավ 40.000-50.000 հայ: Ինչո՞ւ Վրաստանը 1918 եւ 1921 թվականներին երկու անգամ թույլ տվեց թուրքական հրոսակախմբերին մտնել Սամցխե-Ջավախքի տարածաշրջան եւ կատարել նշված ջարդարարությունները: Ինչո՞ւ 1992-94-ին Աբխազիայի դեմ պատերազմում Վրաստանը վարեց հակահայ քաղաքականություն: Ինչո՞ւ է Վրաստանը իր փաստական տարածքից անխնա ոչնչացնում հայկական հետքը»:

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն էլ նշեց. «Վրաց իշխանությունները չեն կարող հասկանալ, որ Վրաստանի տարածքում՝ բացի Ջավախքից, հայերի թողած մշակութային ահռելի ժառանգության տերը պիտի դառնան վրաց ժողովուրդն ու պետականությունը: Ժողովուրդն էլ չի ընկալում, որ վրաց-ադրբեջանական սերտ հարաբերությունների պարագայում, երբ ստվերում են վրաց-հայկականը, նախ վնասում են Վրաստանին»: Հետո էլ անդրադարձավ հայկական կողմին. «Քաղաքական շրջանակներում կրավորական վարքագիծը գնալով մեծանում է, նույնիսկ Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ շատերը խոնարհվելու քաղաքական կողմնորոշման գծին են հարում: Էլ ո՞ւր մնաց Վրաստանը, որը մեզ համար միակ ճանապարհն է դեպի արեւմուտք: Եվ իշխանություններին, եւ ժողովրդին պիտի հասկացնել, որ Ջավախքի եւ հայ-վրացական հարաբերությունների կրավորական վարքագծի քաղաքականության պայմաններում մենք տանուլ ենք տալու: Վրաստանին էլ պիտի հասկացնել, որ վրաց-ադրբեջանական գործակցությունը մարտավարական իմաստով եթե Վրաստանին ձեռնտու է, ապա ռազմավարական իմաստով չի ելնում վրաց ժողովրդի շահերից: Եվ մենք, եւ Վրաստանը ունենք ժողովրդագրական լուրջ խնդիր: Վրաստանի դեմոգրաֆիայի ինստիտուտի աշխատակիցներից մեկը մի առիթով նշեց, թե 50 տարի հետո այս տարածաշրջանում վրացիներ եւ հայեր չեն լինի, կլինեն համատարած մահմեդական թուրքեր»: Ա. Մելքոնյանի կարծիքով՝ հայ-վրացական խնդիրները Ադրբեջանն է հրահրում. «Վրացական մամուլը մեզ է հայհոյում, մենք՝ նրանց: Իսկ դա արվում է Ադրբեջանի գործուն մասնակցությամբ, քանի որ դա նրանց ձեռնտու է»: «Միտք» կենտրոնի ներկայացուցիչ Էդուարդ Աբրահամյանն էլ նշեց. «Մոտ 2 տարի Ադրբեջանը տնտեսական ներդրումներ է անում Քվեմո Քարթլիում, որպեսզի ադրբեջանցիները չհեռանան այդ տարածքներից: Նախագահական ընտրություններին հանդես եկան առանձին թեկնածուով: Ակտիվորեն ներդրումներ են անում Աջարիայում, Սամցխե-Ջավախքի Ադիգենի հատվածում՝ տնտեսական հիմք ստեղծելով թուրք մեսխեթների համար: Իսկ ՀՀ-ն գոնե չի աջակցում Սամցխե-Ջավախքի հայությանը, որ չհեռանան այնտեղից: Ընդամենը գաղութ է կառուցում՝ ծրագրելով այդ հատվածում ձեւավորել Աղդամ, Լաչին կամ Ֆիզուլի»: Հայաստան-Վրաստան մշակութային կապերի ընկերության նախագահ Էդուարդ Յեդիկիսելովն էլ հայտնեց. «Վրաստանում չկա ազգային փոքրամասնություններին առնչվող օրենք: Հայկական եկեղեցին չունի պետական կարգավիճակ: Այս խնդիրները բավական են, որ հարցերը քննարկվեն ոչ միայն հայ-վրացական, այլեւ Եվրամիության մակարդակով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել