Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երկխոսություն նախապայմաններո՞վ, թե՞ առանց դրանց

Մայիս 31,2008 00:00

\"\"ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» միությունը առաջարկում է երկխոսելուց առաջ ազատ արձակել քաղբանտարկյալներին, իսկ ՕԵԿ երիտասարդները դեմ էին նախապայմաններին:

«Հայացք» ակումբի երեկվա հյուրերն էին ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ատենապետ Նարեկ Գալստյանն ու «Օրինաց երկիր» կուսակցության երիտթեւի ղեկավար Արմեն Հարությունյանը, նրանց բանավեճի թեման էր՝ ներքաղաքական իրավիճակը Հայաստանում:

Ա. Հարությունյանի ձեւակերպմամբ՝ Հայաստանում այժմ հետընտրական պրոցեսներին բնորոշ ներքաղաքական իրավիճակ է. «Ընտրությունների ավարտ, դժգոհություններ, իշխանության մաս կազմող կոալիցիոն բնույթի քաղաքական ուժեր, որոնցից յուրաքանչյուրը փորձում է պարզաբանել կատարվածը: Կարծիքս մեկն է՝ հետընտրական ժամանակահատվածում կարելի է ունեցածը ի մի բերել եւ ըստ այդմ շարժվել առաջ, որովհետեւ խնդիրները չեն սպասում: Մեր քաղաքական ուժը կազմելով կոալիցիայի մաս՝ միշտ մնացել է իր դիրքերում եւ սկզբունքներում, նա ցանկացած խնդրի լուծումներ գտնում է կլոր սեղանի շուրջ, քաղաքական քննարկումների միջոցով, փոխըմբռնման շրջանակներում»:

Ն. Գալստյանի խոսքերով էլ, այսօր Հայաստանը գտնվում է խոր քաղաքական ճգնաժամի մեջ. «Գոյություն չունի այն երկխոսությունը, որի մասին անընդհատ հայտարարվում է: Երկխոսությունը չի կայանում այն պարզ պատճառով, որ իշխանությունը տրամադրված չէ դրան, այսինքն՝ ունենալով քաղբանտարկյալներ, մեր ընկերներին որպես պատանդ ճաղերից այն կողմ պահելու դեպքում հնարավոր չէ նստել երկխոսության: Երբ մեր ընկերներին պատանդությունից բաց կթողնեն՝ այդ ժամանակ էլ հնարավոր կլինի երկխոսել»: Ն. Գալստյանն անդրադառնալով ՕԵԿ-ի սկզբունքայնությանը՝ նշեց. «Անընդհատ խոսվում էր, թե Արթուր Բաղդասարյանը միանալու է Լեւոն Տեր-Պետրոսյանին: Փետրվարի 20-ին Հեղինե Բիշարյանը Ազատության հրապարակում հայտարարեց, թե ՕԵԿ-ը այդ հանրահավաքում կանգնած ժողովրդի հետ է եւ պաշտպանում է նրանց օրինական շահերը: Այդ օրինական շահերի պաշտպանությունը մարտի 1-ի զանգվածային սպանդով հստակ ամրագրվեց, որի մեղսակցության եւ պատասխանատվության լայն մասը կրում է ՕԵԿ-ը: Հիշեցնեմ, որ 1996-ին, երբ Արթուր Բաղդասարյանը ԱԺ պագամավոր էր, նա Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին գիրք էր գրում»: Ն. Գալստյանին ի պատասխան՝ Ա. Հարությունյանը պատասխանեց. «Իրականում «Օրինաց երկիրը» միշտ եղել է սկզբունքային: Պարզաբանում եմ՝ այո, Հեղինե Բիշարյանը եկավ հանրահավաքին, տեղեկացրեց, որ մենք ժողովրդի հետ ենք: Որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չդարձավ նախագահ՝ մեղավորը, չգիտես ինչու, ՕԵԿ-ն ու Արթուր Բաղդասարյանն են: Խոսք էր գնում միանալու մասին, բայց հնարավոր չէ միանալ կամ համագործակցել մի քաղաքական գործչի հետ, որը առաջնորդվում է շանտաժով: Ինչ վերաբերում է մարտի 1-ի դեպքերին, ապա ես չգիտեմ, թե որտեղ է ՕԵԿ-ի մեղքը»:

Ն. Գալստյանը Ա. Հարությունյանին հարցրեց. «Ամբողջ նախընտրական ժամանակահատվածում Արթուր Բաղդասարյանը իր նախընտրական արշավի ժամանակ հայտնում էր մի շարք հանցագործությունների մասին, որի դեպքում, նորմալ իրավական պետության պայմաններում, մարդիկ կհայտնվեին ճաղերից այն կողմ, խոսքը վերաբերում էր, օրինակ, գազի գնի բարձրացման ժամանակ կատարված մեքենայություններին, հարկային եւ մաքսային համակարգերում գործող բիզնեսմեններին եւ օլիգարխներին: Բայց ստացվեց հետեւյալը. կոալիցիոն հուշագիրը կնքվեց, Արթուր Բաղդասարյանն ու ՕԵԿ-ը միանգամից մոռացան այդ հանցագործությունների մասին»: Ա. Հարությունյանն էլ պատասխանեց. «Մենք նախընտրական ժամանակահատվածում, այո, քննադատում էինք բացերը: Այժմ, երբ դարձանք կոալիցիա, իշխանության մաս կազմելով՝ դա չի նշանակում, որ այդ խնդիրները վերացել են: Նշեմ, որ մեր նախընտրական ծրագրերի 90 տոկոսն ընդգրկված է կառավարության ծրագրերում»: Ն. Գալստյանը եւս մեկ հարց ուղղեց Ա. Հարությունյանին. «Երիտասարդական շարժման ղեկավար Արսեն Խառատյանի նկատմամբ տեղի ունեցավ ահաբեկչություն, ինչո՞ւ ձեր կուսակցությունը թեկուզ մեկ հայտարարությամբ չդատապարտեց այդ արարքը»: Պ. Հարությունյանը կատարվածից անտեղյակ էր, թե չէ կդատապարտեր. «Ինչի՞ մասին է խոսքը… Նարեկ ջան, դու մի մոռացիր, որ նման մի բան քո հետ էլ է եղել ու մեր կուսակցությունը առաջիններից մեկն էր, որ քննադատեց»: «Այդ ժամանակ ընդդիմություն էիք»,- պատասխանեց Ն. Գալստյանը: «Էն ժամանակ ու այս ժամանակ չկա: Հավերժ ընդդիմություն ու հավերժ իշխանություն չի լինում»,- ավելացրեց Ա. Հարությունյանը:

Բանախոսներն անդրադարձան նաեւ հանրային խորհրդի ստեղծմանը, որի նպատակն է բոլոր ուժերին մի սեղանի շուրջ երկխոսության բերելը: «Դա ինձ համար աննորմալ է: Ինչ իմաստ ունի ստեղծել եւս մեկ Հայաստան: Ստացվում է՝ առաջին Հայաստանում կլինեն սիրուն կլոր սեղաններ, որտեղ մարդիկ նստած դեմ դիմաց կխոսեն, իսկ այն մյուս Հայաստանում՝ դուրս կգան մարդկանց ձերբակալելու, քաղմասներ տանելու, ծեծելու-ահաբեկելու…»,- հավելեց Ն. Գալստյանը: «Բայց երկխոսություն՝ նախապայմաններով, հնարավոր չէ»,- իր հերթին տարակուսեց Ա. Հարությունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել