Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը «դակիչի» դեր է տանում

Մայիս 31,2008 00:00

Միարժեքորեն ընդունում է կողմերից մեկի ցանկացած միջնորդություն, բացառելով մյուսի միջնորդությունները

Շուրջ երեք ամիս է, ինչ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վարդենիսի նստավայրում (դատավոր Վահագ Մելիքյանի նախագահությամբ) քննվում է Հենզել Աբրոյանի հայցն ընդդեմ Թաթուլ եւ Հուսիկ Բաղդասարյանների: Պատասխանող կողմ է ճանաչվել նաեւ ՀՀ դեպոզիտարիատը: Հ. Աբրոյանը պահանջում է ճանաչել «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի 357 բաժնետոմսերի նկատմամբ իր սեփականության իրավունքը, որն, իբր Հ. Բաղդասարյանի համաձայնությամբ, փոխանցել է Թ. Բաղդասարյանին՝ պայմանով, որ դրա դիմաց իրեն տան սարքավորումներ: Դատական նիստն ամեն անգամ հետաձգվում է Հ. Աբրոյանի միջնորդությամբ եւ, որպես կանոն, այդ միջնորդությունները դատավոր Մելիքյանն ընդունում է անվերապահորեն, անկախ նրանից՝ դրանք հիմնավո՞ր են, թե՞ ոչ: Մայիսի 5-ի նիստը հետաձգվել էր լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու միջնորդությամբ: Թեեւ ՀՀ քաղդատօրը հստակ պահանջում է, որ լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու համար միջնորդություն ներկայացնողը պետք է հիմնավորի, թե ի՞նչ ապացույցներ է ներկայացնելու եւ դրանք ի՞նչ էական ազդեցություն կունենան գործի հետագա ընթացքի վրա, սակայն անտեսելով օրենքի այս պահանջը, դատավոր Վ. Մելիքյանն այն միանգամից ընդունեց եւ նիստը հետաձգեց 15 օրով: Մայիսի 20-ին Հ. Աբրոյանը չներկայացրեց ոչ մի ապացույց, թեեւ դրա համար միջնորդել էր: Ավելին, այս անգամ էլ հանդես եկավ նիստն անորոշ ժամանակով հետաձգելու մեկ այլ միջնորդությամբ՝ պատասխանող Հուսիկ Բաղդասարյանին դատաքննությանը մասնակից դարձնելու համար: Նշենք, որ «Առավոտը» դեռեւս ամիսներ առաջ էր Հ. Աբրոյանի այդ մտադրության մասին գրել: Նա Հ. Բաղդասարյանի համար, մեկ այլ գործով՝ ընդդեմ Թ. Բաղդասարյանի, դատակոչվել է որպես վկա, այժմ էլ նրանից է ակնկալում նմանատիպ «ծառայություն» («Առավոտ»,17.04.2008թ.): Ճիշտ է, Հ. Բաղդասարյանը հայցադիմումում ներկայացվել է որպես պատասխանող, սակայն նրա նկատմամբ որեւէ պահանջ չի դրվել: Անհավանականն այն է, որ դատավորն այս անգամ էլ միջնորդությունը բավարարեց եւ նրա անմիջական մասնակցությամբ պատասխանողի կարգավիճակում հայտնվածը միանգամից «վերափոխվեց» վկայի: Նշենք, որ Հ. Բաղդասարյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ եւ այժմ անազատության մեջ է: Դա հաշվի առնելով, դատավոր Մելիքյանը վկա դարձած պատասխանողին դատարան «բերման ենթարկելու» միջնորդությամբ՝ կդիմի համապատասխան մարմնին: Նշենք, որ թե՛ պատասխանողին եւ թե՛ քաղաքացիական գործով վկային «բերման ենթարկելու» մեխանիզմ մեր օրենսդրությամբ սահմանված չէ: Դեռ ավելին, կողմն ինքն անձամբ պիտի ապահովի իր ապացույցները դատարան ներկայացնելու հարցը, դատարանի օգնությունը նրան պետք կգար միայն այն ժամանակ, երբ իր ուժերով չկարողանար դրանք ապահովել: Քաղդատօրի 51 հոդվածի պահանջից էլ բխում է, որ կոնկրետ այս գործով վկաների ցուցմունքները որպես ապացույց չեն կարող ներկայացվել՝ դրանք պետք է հիմնավորվեն միայն գրավոր ապացույցներով:

Նշենք, որ դատավորը հայցադիմումը վարույթ է վերցրել օրենքի կոպիտ խախտումով: Եվ, ընդհանրապես, Հ. Աբրոյանի պահանջն ըստ էության գործարքի անվավերությանն է վերաբերում, ինչը ենթակա է քննության ՀՀ քաղաքացիական դատարանում: Այս առնչությամբ Թ. Բաղդասարյանի ներկայացուցիչ Գագիկ Սարդարյանի միջնորդությունը՝ գործը քաղաքացիական դատարան ուղարկելու մասին, դատավորը մերժեց: Դրանից ենթադրվում է, որ դատավոր Մելիքյանը գործն իր վարույթում պահելով՝ որոշակի շահագրգռություն ունի եւ անաչառ լինել չի կարող:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել