Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԿԵՂԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ

Մայիս 31,2008 00:00

Վարչապետը ծառայողական քննություն կանցկացնի՞

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչությունը կտրականապես հրաժարվել է ուսումնասիրել Գյումրիի Սայաթ-Նովայի 9/9ա շենքի շուրջ ստեղծված սկանդալը:

Արդեն երրորդ տարին է, ինչ վերոհիշյալ շենքի բնակիչները մարզպետարանի նախկին աշխատակից Հասմիկ Մելքոնյանի պատճառով արհեստականորեն հայտնվել են անելանելի դրության մեջ: Ժամանակին աշխատելով Շիրակի մարզպետարանում ու բաշխելով «Լինսի» հիմնադրամի բնակարանները, վերջինս սկսել է հարուստ գնորդներ գտնել նաեւ «Վերականգնող» սպառողական կոոպերատիվի անդամների անհատական միջոցներով կառուցած Սայաթ-Նովայի 9/9ա շենքի բնակարանների համար: Ավելին, այս տիկինը, օրինական տերերին բնակարաններից դուրս հրավիրելու պահանջով, վերջերս դատի է տվել նրանց: Շիրակի մարզի վարչական դատարանի նախագահ Էդուարդ Նահապետյանը, ով արդեն իսկ հասցրել է գյումրեցիների աչքից ընկնել «ԳԱԼԱ» հեռուստաընկերության գործով, հայցն ընդունել է վարույթ: Դատավորին անգամ չի հետաքրքրել այն փաստը, որ փաստաթղթերը կեղծելու ու «զոռբայությամբ» բնակարաններին տեր դառնալու համար 2006թ. օգոստոսի 15-ին Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ էր հարուցվել «Վերականգնող» սպառողական կոոպերատիվի նախկին նախագահ Հովհաննես Փորսուղյանի եւ բնակարանները ապօրինի զբաղեցրած անձանց դեմ: 2007թ. մարտի 10-ին «հանցակազմի բացակայության» պատճառով թեեւ գործը կարճվել է, ուրիշների բնակարանները զավթածների նկատմամբ էլ կիրառվել է համաներում, սակայն վեճը շարունակվում է:

Սայաթ-Նովա փողոցի հիշյալ շենքի բնակիչները «Առավոտին» ներկայացրին շահագրգիռ պաշտոնյաների ցանկը. ՀՀ տարածքային կառավարման վարչության պետ Խաչատուր Վարդանյան (Հ.Մելքոնյանի հետ «Լինսի» բնակարանները բաշխած նրա նախկին ՀՀՇ-ական գործընկերը), Վահե Ջիլավյան՝ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման վարչության պետ, նույն կառույցի աշխատակից Արա Եսայան, Արթուր Ֆիդանյան, Հ. Մանուչարյան: Իսկ թե ի՞նչ մասնակցություն ունեն այս անձինք Սայաթ-Նովայի 9/9ա շենքի բնակարանների հետ՝ ներկայացնենք հերթով: Բնակիչների պնդմամբ՝ Խաչատուր Վարդանյանը Հասմիկ Մելքոնյանի երեւակայությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն է: Ու որպեսզի հավատ հաստատեն, թե դա իրողություն է, վերջիններս երկուստեք բնակիչներին հրամցնում են ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Վահրամ Բարսեղյանի՝ վերոհիշյալ շենքի հետ բացարձակապես կապ չունեցող 26.09. 05թ. կարգադրությունը, որով նախագահի կարգադրությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամներ Խ. Վարդանյանին, Ա. Ֆիդանյանին, Հ. Մանուչարյանին եւ այլոց հանձնարարվում է ուսումնասիրել Լոռու եւ Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերում շահառու անօթեւան ընտանիքների կիսակառույց բնակելիների շինարարության ընթացքը: Ֆինանսների նախարարության պաշտոնյաների «գործարքը» Հասմիկ Մելքոնյանի հետ, բնակիչների բնութագրելով, եղել է այն, որ այս գերատեսչությունը, իրավունք չունենալով զբաղվել բնակարանների բաշխմամբ, 2005-ին ապօրինաբար փոխել է շենքի 6 վարկառուներին՝ նրանց գրպանի հաշվին կառուցած տները հատկացնելով այլ վարկառուների՝ Հասմիկ Մելքոնյանի գտած «կլիենտներին», որոնք, ի դեպ, անօթեւաններ չեն: Ըստ բնակիչների, Արա Եսայանն էլ դատաքննություններից մեկի ժամանակ փորձել է «թագավորեցնել» նախարարության գործողությունները: Իսկ ինչ մնում է ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ավագ մասնագետ Արթուր Ֆիդանյանին ու ՀՀ կառավարության տարածքային կառավարման վարչության ավագ մասնագետ Հ. Մանուչարյանին, ապա, բնակիչների պատմելով, նրանք անցած տարի, հենց Շիրակի մարզի դատախազի ընդունարանում են փորձել վախեցնել իրենց՝ հայտարարելով, որ շենքը պետականացնում են, կոոպերատիվը լուծարում են, իրենց էլ բնակարաններից զրկում են: Բնակիչների ներկայացնելով, մարզպետարանի նախկին լրատվության պատասխանատուն դատական տարբեր ատյաններ է ներկայանում նաեւ տարածքային կառավարման նախկին նախարար Հովիկ Աբրահամյանի ու ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության նախկին ղեկավար Վահրամ Բարսեղյանի անունից սարքված փաստաթղթերով, որով վերջիններս հանձնարարություններ են տալիս Գյումրու քաղաքապետին, ոստիկանությանը: Մեր տրամադրության տակ կան այդ փաստաթղթերը: Դրանք կնքված չեն, կամ լի են բազմաթիվ ուղղումներով, Սայաթ-Նովայի 9/9ա շենքի բնակիչները արդեն երկրորդ անգամ է, որ դրանք կցելով նամակ-բողոքին, ուղարկում են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Աշոտ Գիզիրյանին՝ խնդրելով ուսումնասիրել եւ վերջ դնել «արկածախնդիր» կնոջ՝ իրենց բնակարանների հանդեպ կատարած ոտնձգություններին: Վարչությունը լռում է՝ տպավորություն ստեղծելով, թե Հայաստանում նման կառույց չկա: «Մեզ համար անհասկանալի է մնում այդ կնոջ անձեռնմխելիության եւ անպատժելիության ֆենոմենը», գրված է բողոքում: Իսկ որ ամենաահավորն է՝ Հ. Մելքոնյանին հաջողվում է «չափ տալ» նաեւ տարբեր տրամաչափի դատավորներին: Շշուկներ կան, թե Գյումրիի վարչական դատարանի նախագահ Էդուարդ Նահապետյանին եւս խոստացել է մի բնակարան Սայաթ-Նովայի 9/9 ա շենքից: ՀՀ վերաքննիչ դատարանը հօգուտ օրինական տերերի կայացրել էր վճիռներ, իսկ Սերժ Սարգսյանը քաղաքապետ Վարդան Ղուկասյանին տրված հանձնարարականով պարտավորեցրել էր անհապաղ օրդերավորել բոլոր վարկառուների բնակարանները: «Առավոտին» դիմած բնակիչները նախազգուշացնում են, որ եթե ՀՀ կառավարության նոր ղեկավարը ծառայողական քննություն չնշանակի ու այս հարցը արդարացիորեն չլուծի՝ իրենք դիմելու են Եվրոդատարան: Վերջերս նրանք դրական պատասխան են ստացել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգից՝ այն մասին, որ բողոքը համապատասխանում է Եվրոդատարանում վարույթի ընդունման չափանիշներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել