Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՐԿՐՈՒՄ ՊԻՏԻ ՁԵՎԱՎՈՐՎԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Մայիս 31,2008 00:00

\"\"Արթուր Բաղդասարյանի նոր լիազորությունները

Հայաստանում բազմիցս է խոսվել գործուն Անվտանգության խորհուրդ ստեղծելու մասին, մի կառույց, որ գործում է ոչ միայն ԱՊՀ, այլ նաեւ բազմաթիվ եվրոպական երկրներում եւ կոչված է ապահովել երկրի ներքին ու արտաքին անվտանգությունը: Այս տարվա ընթացքում Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզին եւ Ճապոնիայի վարչապետ Ս. Աբեն, հետամուտ լինելով իրենց նախընտրական ծրագրերին, մի դեպքում ձեւավորել են, մյուս դեպքում՝ վերակազմակերպելու միջոցով իրենց երկրներում ստեղծել են անվտանգության խորհուրդներ, որոնք կոչված են կանոնակարգելու եւ համակարգելու այս երկրների ներքին եւ արտաքին անվտանգության խնդիրները: Եվրոպական միությունը նույնպես հայտարարել է անդամ երկրների մասնակցությամբ ԵՄ անվտանգության խորհուրդ ձեւավորելու մասին: Այս կառույցները բավականին կարեւոր դեր են խաղում նաեւ թե՛ ԱՊՀ եւ թե՛ տարածաշրջանի երկրներում:

Հայաստանի 20-ամյա անկախության պատմության մեջ թերեւս առաջին անգամ Սերժ Սարգսյանի հրապարակած հրամանագրով կարծես թե փորձ է արվում երկրի անվտանգության խնդիրները կանոնակարգել ոչ թե սուբյեկտիվ դիրքերից, այլ հստակ ռազմավարական մոտեցումներով եւ ծրագրերով, որոնք կոչված են ապահովել երկրի անվտանգությունը պետական եւ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Այսպես, համաձայն նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության՝ ստորագրված հրամանագրով Ազգային անվտանգության խորհուրդն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության եւ ազգային շահերի պաշտպանությանն առնչվող ներքին, արտաքին, քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական, պարենային, էներգետիկ, բնապահպանական, տեղեկատվական, ժողովրդագրական, գիտատեխնիկական եւ այլ բնագավառներում առկա հիմնախնդիրների վերհանումը, ազգային անվտանգության ռազմավարական ծրագրով նախատեսված հայեցակարգերի եւ պետական ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքների կազմակերպումը, համակարգումը, վերահսկողությունը եւ դրանց իրականացման համար համապատասխան որոշումների ընդունումը: Այն, որ Հայաստանին վաղուց է անհրաժեշտ պարենային կամ բնապահպանական անվտանգության հայեցակարգ՝ կասկած չի հարուցում: Այս դեպքում գոնե անտառների ավերումը կամ ժողովրդի պարենային ապահովման խնդիրները կկարգավորվեն ոչ թե «ում խելքին ինչ փչի» սկզբունքով, այլ պետությունը կունենա այս եւ մյուս ոլորտների հստակ զարգացման հայեցակարգ, դրանից բխող օրենքներ եւ կառավարական որոշումներ եւ, որ ամենակարեւորն է, հսկողություն կիրականացվի դրանց կատարման նկատմամբ:

Այս առումով կարեւոր է նաեւ, որ Ազգային անվտանգության խորհուրդը համակարգելու է պետական մարմինների գործունեությունը եւ գնահատելու է դրանց արդյունավետությունը ազգային անվտանգության ապահովման ոլորտում ընդունված որոշումների իրականացման ուղղությամբ, սահմանելու է պետության ռազմավարական զարգացման, ազգային անվտանգության եւ ազգային մրցունակության բարձրացման հիմնական ուղղությունները, որոշումներ է ընդունելու դրանց իրականացման ուղղությամբ: Խորհրդի կարեւոր գործառույթներից են լինելու բավականին չարչրկված իրավապահ համակարգի բարեփոխումների խնդիրները, որ մտահոգիչ հիմնահարց է մեզ համար՝ սկսած իրավապահ ատյաններում մարդկանց նվաստացնելուց, մինչեւ կոռուպցիոն ռիսկեր, որոնք լի են պետավտոտեսչությունից մինչեւ հարկային ու մաքսային համակարգեր:

Այս առումով, համաձայն հրամանագրի՝ Խորհուրդը՝ ազգային անվտանգության ռազմավարությանը համապատասխան, իրականացնելու է զինված ուժերի, իրավապահ մարմինների, հարկային եւ մաքսային համակարգի ռազմավարական բարեփոխումները եւ գնահատելու է դրանց արդյունավետությունը: Պատահական չէ նաեւ, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում Խորհրդի աշխատանքները ի պաշտոնե գլխավորում է Հայաստանի Հանրապետության նախագահը, որն էլ հաստատում է Խորհրդի գործունեության ամենամյա ծրագիրը եւ վավերացնում է Խորհրդի որոշումները: Հրամանագրով սահմանված են նաեւ խորհրդի քարտուղարի լիազորությունները, որոնք նույնպես բավականին ծանրակշիռ են:

Արթուր Բաղդասարյանը, իբրեւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, կոչված է ապահովել ազգային անվտանգության ռազմավարությամբ նախատեսված խնդիրների եւ Ազգային անվտանգության խորհրդի որոշումների իրականացումը, այդ առնչությամբ նախատեսված աշխատանքների կազմակերպումը, համակարգումը եւ դրանց իրականացման նկատմամբ հսկողության իրականացումը: Նախատեսված լայնածավալ աշխատանքներն իրականացնելու համար Խորհրդի կազմում նախատեսված է ձեւավորել միջգերատեսչական հանձնաժողովներ, որոնք կոչված են կազմակերպել պետական իշխանության մարմինների աշխատանքը ազգային անվտանգության ռազմավարությամբ նախատեսված խնդիրների իրականացման գործում: Խորհրդի գործունեության կազմակերպման նպատակով նախագահը հիմնադրել է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը, որի աշխատանքները կառավարում է Խորհրդի քարտուղարը:

Հրամանագրի գոնե հրապարակված մասի վերլուծությունը հիմք է տալիս պնդելու, որ երկրում ձեւավորվում է պետական մի ինստիտուտ, որի դերը եւ պատասխանատվությունը բավականին ծանրակշիռ է: Համենայնդեպս, սկիզբը հուսադրող է թվում, եթե հերթական անգամ այս ամենը չմնա թղթի վրա կամ որպես սոսկ բարի ցանկություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել