Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԱՆ

Մայիս 31,2008 00:00

Երեկ հացադուլավորների թիվն ավելացավ եւս երեքով: ՀՀՇ գրասենյակի մոտ առավոտից հացադուլ են հայտարարել կուսակցության վարչության անդամներ Սարգիս Թամազյանը, Կարեն Կարապետյանը եւ «Հայք» թերթի տնօրեն Արմեն Զուրաբյանը: Հացադուլավորների պահանջները նույնն են՝ ԵԽԽՎ 1609 բանաձեւի պահանջների լիարժեք կատարում, ինչն էլ հիմք կհանդիսանա իշխանությունների եւ ընդդիմության երկխոսության համար: «Ժամանակ առ ժամանակ մեզ կմիանան այլ մարդիկ նույնպես, եւ մինչեւ հունիսի 20-ը մենք այս կերպ ենք շարունակելու մեր բողոքները: Չի բացառվում, որ հացադուլային ակցիաները դառնան շատ ավելի մասսայական եւ ընդգրկեն ողջ Հայաստանը: Բողոք արտահայտելու այլ ձեւ մարդկանց չի մնացել, որովհետեւ օրենսդրորեն սահմանափակված են բողոքի մնացյալ ակցիաների կազմակերպումն ու իրականացումը»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց Կարեն Կարապետյանը: Ինչքանո՞վ պայքարի այս ծայրահեղ միջոցը կազդի իշխանությունների վրա՝ հացադուլավորները չեն քննարկում: Ի դեպ, երեկ նրանց են այցելել «Կարմիր խաչի» հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները, որոնք հայտարարել են, թե իրենք քաղաքական հարցերով չեն զբաղվում: «Ստացվեց, որ միեւնույն է՝ «Կարմիր խաչը» մեզանով չի հետաքրքրվելու՝ ինչքան էլ հացադուլ անենք»,- ասում է Կարեն Կարապետյանը: Իշխանական ճամբարից պատվիրակների՝ բողոքի այս ծայրահեղ ակցիաները դադարեցնելու համար, հացադուլավորները չեն էլ սպասում: Փոխարենն ակնկալում են երկխոսությանն ընդառաջ իրական քայլեր՝ ԵԽԽՎ բանաձեւի պահանջների կատարում: «Եվս մեկ անգամ իշխանություններին ցանկանում ենք հիշեցնել, որ իրենք անելիք ունեն: Միջազգային հանրությունը խնդիրներ է դրել իրենց առջեւ, եւ հասարակությանն էլ այսպիսով ցանկանում ենք զգոն պահել, քանի որ բանաձեւի կատարման քայլեր իշխանության կողմից չենք տեսնում: Դեռ իմիտացիա են անում: Միգուցե իրենց մտքում անգամ հաշտվել են, որ Հայաստանը զրկվի ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից: Օրենքի շրջանակներում փորձում ենք ամեն ինչ անել, որ խնդիրները լուծվեն եւ հիմք ստեղծվի երկխոսության համար»,- հավելում է այնքան էլ լավատեսորեն չտրամադրված Սարգիս Թամազյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել