Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ընդմիջված հեղափոխություն»

Մայիս 31,2008 00:00

Երեկ Մամուլի ազգային ակումբում ներքաղաքական իրավիճակն այսպես բնութագրեց Կարապետ Ռուբինյանը:

ՄԱԱ երեկվա հյուրերից մեկը՝ Լ. Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը հետընտրական իրավիճակը որակեց «թավշյա հեղափոխություն»՝ առանց որեւէ արտաքին օգնության, դրդման եւ գունավորման: Իբրեւ ապացույց՝ պարոն Ռուբինյանը վկայակոչեց հայաստանյան ընտրությունների վերաբերյալ միջազգային դիրքորոշումը: Ներկայիս իրավիճակից ելքի համար բանախոսը երեք ճանապարհ է տեսնում՝ ԵԽԽՎ պահանջների անվերապահ կատարում, ներկայիս լղոզված տարբերակով եվրոպական կառույցներին խաբելու փորձ, կամ էլ՝ «պիտի խաչ քաշեն Եվրոպայի վրա, ներսում մեծացնեն ճնշումները եւ ավելի խորացնեն հեղափոխական իրավիճակը»: «Ի՞նչ պետք է անել, ինչի՞ մասին կարելի է երկխոսել»՝ այս հարցերի պատասխաններն, ըստ Կ. Ռուբինյանի, հետեւյալն են. «Պայմանավորվել արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների ժամկետների մասին: Ստեղծել ընտրությունների ազատ, արդար անցկացման երաշխիքներ, ԿԸՀ-ն կազմավորել 50-50 սկզբունքով, ԿԸՀ նախագահը՝ դրսից, ընտրություններ անցկացնել միայն համամասնական սկզբունքով, արդար ընտրություններ ապահովող մարմինների ապաքաղաքականացում, ընդդիմության առաջարկով նշանակվում են ՀՀ գլխավոր դատախազի, ոստիկանապետի եւ ներքին զորքերի հրամանատարների, ԱԱԾ ղեկավարի, ՊՆ եւ ՌՈ, ՀՌԱՀ առաջին տեղակալները, եթեր է տրամադրվում «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերություններին, ընդունվում է օրենք հեռուստաընկերությունների կորպորատիզացիայի մասին, բացահայտվում եւ պատժվում են նախորդ ընտրությունների կեղծարարները»:

ՀՀԿ-ն ներկայացնող Սամվել Նիկոյանը, բնականաբար, չհամաձայնելով վերոասվածի հետ, բոլոր հարցերի լուծումը տեսնում է խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման մեջ, որում պետք է լինեն խորհրդարանական, արտախորհրդարանական ուժեր, միջազգային փորձագետներ: Հանձնաժողովը պետք է հետաքննի մարտի 1-ի դեպքերը եւ հրապարակի եզրակացությունը: Ս. Նիկոյանը գտնում է, որ ընդդիմությունը պետք է երկու ձեռքով կողմ լինի այդ հանձնաժողովի ստեղծմանը եւ հասարակության մեջ վստահություն սերմանի դեպի այն: Քննարկմանը ներկա ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը փորձեց հակադարձել ընդդիմադիրների հնչեցրած մեղադրանքներին, որ ընտրությունները բազմաթիվ կեղծիքներով եւ ընտրակաշառքներով են ուղեկցվել՝ հիշեցնելով, որ դրանց «կնքահայրը» ՀՀՇ-ն է եղել: Կարապետ Ռուբինյանն էլ, հղում անելով բանտախցում վերջերս իր ընթերցած մի գրքի, նկատեց, որ «դեռ 19-ին առաջինը ՀՅԴ-ն է ընտրակաշառք բաժանել»: Ապա, ընդունելով ՀՀՇ-ի իշխանության ժամանակ եղած խախտումները, ընդգծելով, որ դրանք անհամեմատ մեղմ էին ներկայիս կեղծիքներից՝ Կ. Ռուբինյանն ընդվզեց. «Վերջապես մի օր այդ ամենին պե՞տք է վերջ տրվի: Մենք գտնում ենք, որ այդ օրն այսօր է, հիմա»: Նաեւ առաջարկեց ՀՅԴ-ին՝ միանալ իրենց եւ համատեղ վերջ դնել ամեն տեսակ կեղծիքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել