Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՄԻԱԿ ԳՐԱՎԱԿԱՆԸ ՊԱՅՔԱՐՆ Է»

Մայիս 31,2008 00:00

Համոզված է Ալբերտ Բաղդասարյանը

«Այն քայլերը, որոնք իշխանությունն է անում եւ առաջարկում, բնավ էլ չեն մեղմում հասարակությունում առկա լարվածության պատճառները: Դրանք ընդամենը լարվածության հետեւանքների վերացման ակնհայտ կոսմետիկ միջոցներ են»,- «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց 1990-ականներին հայտնի քաղաքական գործիչ Ալբերտ Բաղդասարյանը: Խոսքը վերաբերում է Սերժ Սարգսյանի խորհրդական Գառնիկ Իսագուլյանի՝ հասարակական պալատ կամ հանրային խորհուրդ ստեղծելու առաջարկին եւ արդեն իսկ ստեղծված տարատեսակ հանձնաժողովներին: «Ասենք թե՝ Հայաստանի բոլոր քաղաքական գործիչները մտնում են հասարակական պալատ՝ Արշակ Սադոյանի գլխավորությամբ (վերջինս առաջինը ողջունեց նման պալատի ստեղծումը-Ն. Գ.) ու միմյանց հետ լավ երկխոսում են՝ խորոված-քյաբաբանոցները համատեղ են օգտագործում եւ այլն: Դրանից ժողովրդի վիճակը կբարելավվի՞, դատական իշխանությունն արդար կդատի՞, ներդրողները պաշտպանված կլինե՞ն, գործատուներն արժանապատիվ աշխատավարձ կտա՞ն, ստվերային տնտեսության եւ կոռուպցիայի դեմ պայքարն ըստ էության կիրականանա՞»,- հարցնում է մեր զրուցակիցն ու ինքն էլ պատասխանում՝ «Ոչ»: Բայց այդ «ոչ»-ը նա պայմանավորում է ոչ թե ցանկության բացակայությամբ, այլ՝ «մեր պետական կառավարման համակարգի էությունն այնպիսին է, որ իշխանավորին դրդում է այդպես ապրելու, շարքային քաղաքացուն էլ՝ համակերպվելու, իսկ նախագահական ընտրությունների ժամանակ՝ հինգ տարին մեկ ըմբոստանալու»: Այս առումով մեր զրուցակիցը գտնում է, որ այսօրվա քայլերը եւս չեն տանելու լարվածության լիցքաթափման, որովհետեւ «քաղաքացին ոչ թե լարված է, որ Արշակ Սադոյանը չկա իշխանության մեջ կամ պատգամավոր չի, այլ ժողովրդին հետաքրքրում է անձամբ իրեն վերաբերող խնդիրները՝ արդարությունն ու արժանապատիվ կեցությունը: Կյանքը ցույց տվեց, որ այդ խնդիրների լուծումը նույնիսկ նախագահի անձից կախված չէ»:

Զուգահեռներ անցկացնելով Ռոբերտ Քոչարյանի առաջին պաշտոնավարման շրջանի հետ՝ Ալբերտ Բաղդասարյանը հիշեցնում է, որ հասարակական պալատի մի փորձ էլ այն ժամանակ եղավ, երբ ստեղծվեց նախագահին կից քաղաքական խորհուրդը: Բայց երբ դրա՝ «հասարակական շանթարգելի» անհրաժեշտությունը վերացավ, բոլորը հասկացան, որ դա էլ լուծում չէր: Ավելին, հինգ տարի անց ժողովուրդը նորից ըմբոստացավ, եւ քանի գնում՝ ըմբոստությունը մեծանում է: Դիտարկմանը, որ ժողովուրդն այս անգամ կարծես համակերպվելու ցանկություն չունի, պարոն Բաղդասարյանն ասում է. «Շատերը հույս ունեն, որ վեց ամսից կհամակերպվեն կամ եթե ձերբակալությունները մի քիչ էլ շատանան՝ մեկ տարուց կհամակերպվեն: Դա ինքնախաբեություն է, եւ մեր ցավը նրանում է, որ անցյալից դասեր չենք քաղում: Եթե հասկանանք, որ 1998 թվականը կապված էր 1996-ի ընտրությունների հետ, ապա կհասկանանք նաեւ, որ մարտի 1-ը 98-ի ընտրությունների արդյունք էր»: Նրա պատկերացումներով՝ իշխանություններն այժմ «մեռնող մարդու հոգեբանությամբ են գոյատեւում»:

Այս պահին չքննարկելով՝ արդյոք ընդդիմության՝ առաջին նախագահի եւ նրա կողքին կանգնած մարդկանց հաղթանակի դեպքում Հայաստանը ճիշտ ուղո՞վ էր գնալու, մեր զրուցակիցը փաստում է, որ հակառակ պարագայում նպաստում ենք այսօրվա իրավիճակի պահպանմանը. «Առաջընթացի միակ գրավականը պայքարն է եւ ոչ թե բամբասանքը, երբ առանց ալտերնատիվ առաջարկի, հենց էնպես խոսում են: Եթե առաջին նախագահի առաջարկներին ալտերնատիվներ կան՝ թող հավաքվեն, մի ընդդիմություն էլ կազմեն. կյանքը չի վերջանում մի նախագահական ընտրությունով»: Իսկ, ընդհանրապես, նա չափազանցված է համարում ամեն ինչ բացառապես Լեւոն Տեր-Պետրոսյանի անձով պայմանավորելու մոտեցումները եւ նրա ետեւում կանգնած հսկայական ժողովրդական զանգվածին «չտեսնելը»:

Այս համատեքստում ավելի առարկայական խոսելով համակարգային փոփոխություններից՝ պարոն Բաղդասարյանը նախ եւ առաջ առաջարկում է սահմանադրական փոփոխություններ, որոնց արդյունքում դատաիրավական համակարգը լիարժեքորեն կստանձնի անկախ երրորդ իշխանության իր դերը, եւ որպես արդյունք՝ անհատը պաշտպանված կլինի: Այս իրավական հիմքով է նա քաղաքական կամքի պարագայում տեսնում իրավիճակից ելքը: Իսկ քաղաքական կամքը դրսեւորվելու է արդար ընտրություններով՝ որտեղ անձերի խնդիր չի լինի, ընտրական հանձնաժողովը կհաղթի, ոչ թե կկեղծի, կուսակցությունները կհսկեն օրենքի կատարումը, ոչ թե կխախտեն այն: Դա պետք է լինի Սահմանադրական հանրաքվեն, այն Սահմանադրության, որն ընդունելի կլինի մեծամասնության կողմից: Եթե մեր քաղաքական այրերը այս ամենը չեն գիտակցում՝ Ալբերտ Բաղդասարյանը դեռ համարում է լավագույն տարբերակը, քանի որ հույս կա, որ մի օր կգիտակցեն: Իսկ եթե գիտակցված չեն գնում իրական բարեփոխիչ քայլերի՝ դա մեր ողբերգությունն է համարում, այնպես, ինչպես ողբերգություն է համարում այն, որ Հայաստանի անկախության օրվա առթիվ որեւէ երկիր չշնորհավորեց Հայաստանին: Այն, որ միջազգային ամենատարբեր կառույցներն այս տարիներին «դաբրո» են տվել բոլոր կեղծված ընտրություններին եւ նույնիսկ ակնհայտ կեղծիքներով ընդունված վերջին Սահմանադրությանը, մեր զրուցակցին հիմք են տալիս հայտարարելու, որ «Հայաստանում կատարվում է մի բան, որն իրականում ձեռնտու չէ ժողովրդին, բայց ձեռնտու է դրսին: Արդյոք ակնհա՞յտ չէ, որ Ռուսաստանին անհրաժեշտ է Հայաստանում մեկ կետից ղեկավարվող ժողովուրդ, որն իր վասալն է: Եվրոպան մի քիչ այլ է. այնտեղ ասում են՝ մեր շահերը սպասարկեք, բայց իրար մի կերեք: Եվ դա այդ երկրների մեղքը չէ: Պատկերացրեք՝ եթե հիմա Հայաստանի ժողովուրդը ոտքի չկանգներ եւ ստրկացած ժողովրդի վրա իշխեր իշխանությունը: Եռանախագահության շահերը համընկնում են՝ բոլորն էլ բարձրաձայն ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. բավարար էր նախագահի մեկ ստորագրությունը՝ ԼՂՀ հարցը լուծելու համար: Ուրեմն՝ եւ ծովից ծով Հայաստան ուզողները, եւ գոնե Ղարաբաղ ուզողները, եւ գրավյալ տարածքներ ուզողները պետք է գնան մոմ վառեն, որ ժողովուրդը ոտքի կանգնեց, որպեսզի ամբողջ աշխարհին ցույց տա, որ որեւէ մեկի ստորագրությամբ չեն կարող իրենց շահերն ապահովել՝ մեր ազգային իղձերի հաշվին: Անկախ նրանից՝ համաձայն ենք, թե՝ ոչ հիմա առաջ քաշվող լոզունգներին, եթե ժողովուրդը ոտքի չկանգներ՝ մենք շատ արագ կհասնեինք ԼՂՀ հարցում խնդիրների լուծմանը: Այն խնդիրների, որոնք 1988-ից ի վեր մեզ ամենից շատն էին հուզում: Ու թող ոչ ոք Եռաբլուր չբարձրանա, սուտ ծաղիկներ չդնի՝ հետո էլ դատապարտի ժողովրդին, որը ոտքի է կանգնել: Նա պիտի հասկանա, որ 88-ին կանգնած ժողովրդի զավակներն են Եռաբլուրում պառկած, ոչ թե իրենց նման գրասենյակներում թուղթ ու թանաք կրծողները»:

Ասվածի համատեքստում Ալբերտ Բաղդասարյանը ողջունում է արդեն Ռուբեն Հակոբյանի՝ մեր թերթում հրապարակված մոտեցումները՝ մի բացառությամբ. «ժողովուրդն ամբոխ չէ»: Ստեղծված իրավիճակում որեւէ արտահերթ ընտրություն պարոն Բաղդասարյանը չի համարում հանգուցալուծում, այլ նույնպես ժամանակավոր լուծում: Ըստ նրա, այս համակարգում ցանկացած ընտրություն նույն ավարտն է ունենալու: Նա «ազնիվ խոսքին» չի վստահում: Եվ հիմնական խնդիրները բացատրում է պատասխանատվության անհասցեությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել