Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀԱՆՁՆԱՐԱՐՎԵԼ Է ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ»

Մայիս 31,2008 00:00

\"\"Հունիսի 5-ին, ժամը 14-ին, խորհրդարանում կկազմակերպվեն լսումներ, որոնց թեման կլինի ոչ թե մարտի 1-2-ի դեպքերի քննարկումը, այլ՝ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը եւ հետընտրական զարգացումները:

Լսումներին զեկուցումով հանդես են գալու մարդու իրավունքների պաշտպանը, ՀՀ գլխավոր դատախազը եւ արդարադատության նախարարը: Հիշեցնենք, որ վերջիններս ծավալուն առարկություններ էին ներկայացրել օմբուդսմենի՝ մարտի 1-ի իրադարձություններին նվիրված արտահերթ զեկույցում արտահայտված մտահոգություններին: Լսումներ անցկացնելու մասին որոշումը երեկ կայացվեց ԱԺ մարդու իրավունքների եւ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Այս հանձնաժողովները ստեղծվեցին մեկ տարի առաջ, որպեսզի խորհրդարանում պաշտոններ տրվեն խորհրդարանական նոր՝ ԲՀԿ կուսակցությանը: Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ Արեւիկ Պետրոսյանի՝ ԱԺ փոխնախագահ դառնալուց հետո հանձնաժողովի նախագահ դարձավ ԲՀԿ խմբակցության անդամ Մխիթար Մնացականյանը: Սակայն հայտնի չէ թեկուզ մեկ դեպք, երբ այս հանձնաժողովը քննարկած լինի մարդու իրավունքներին վերաբերող որեւէ հարց: Ի դեպ, հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Դանիելյանի՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ դառնալուց հետո թափուր մնացած տեղակալի պաշտոնում «հույժ գաղտնի» պայմաններում հանձնաժողովի նախագահի տեղակալ է դարձել Ռաֆիկ Պետրոսյանը: Հանձնաժողովի որոշ անդամներ երեկ ուղղակի զարմացան, երբ լսեցին այս մասին:

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների եւ հետընտրական զարգացումների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցի հարցով խորհրդարանական լսումներ կազմակերպել». սա էր երկու հանձնաժողովների համատեղ նիստի օրակարգը: Ուշացած այս ակտիվությունը միայն մեկ բանով կարելի է բացատրել. քանի որ ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում քննարկվելու է Հայաստանի իշխանությունների կողմից 1609 բանաձեւի պահանջների կատարման ընթացքը, մերոնք էլ որոշել են «պտիչկա» նկարելու համար այս լսումները կազմակերպել, որպեսզի եվրոպացիներին զեկուցեն՝ լսեցինք-քննարկեցինք, ամեն ինչ OK է: Հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանի անկեղծությունը երեկ ուղղակի հիացրեց: Մարդը ուղղակիորեն ասաց. «Հանձնարարվել է ղեկավարության կողմից, որ մենք այս հարցը քննարկենք»: Իսկ մի բան, որ «ղեկավարության կողմից» է հանձնարարվում, չի կարող դուրս գալ ղեկավարության գծած շրջանակից: Լարիսա Ալավերդյանը առաջարկեց, որ լսումներին մասնակցելու համար նաեւ ոստիկանությունից ղեկավարներ հրավիրվեն, «մասնավորապես՝ Արարատ Մահտեսյանը, որը այդ դեպքերի ժամանակ կարեւորագույն դերն էր խաղում»: ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը տվեց հետեւյալ մշուշոտ բացատրությունը. «Ոստիկանությունը չի արձագանքել՝ ելնելով այս սկզբունքից՝ ով ինչ որ ունի ասելու», հետեւաբար, ոստիկանության գալը ավելորդ դիտվեց: Լարիսա Ալավերդյանը պնդում էր. «Եթե մենք իրենց չենք հրավիրում, նշանակում է մենք իրենց որպես օբյեկտ ենք ճանաչում»:

Ռաֆիկ Պետրոսյանը իր հերթին պնդում էր, որ գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը եւ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը բավարար ֆորմատ է հարցը քննարկելու համար. «Մանավանդ՝ գործի քննությունը դեռ չի ավարտվել եւ հնարավոր չէ պարզել, թե արդյոք ոստիկանությունը իրոք սխալներ կատարե՞լ է, թե՞ ոչ, հրամանները սխա՞լ է տվել, թե՞ ոչ եւ այլն»: ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը նիստի ժամանակ հայտարարեց, որ խորհրդարանի արձագանքը վերոհիշյալ խնդիրներին ուշացած է. «Որովհետեւ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը բավականին լայն հասարակական-քաղաքական քննարկումների առիթ էր հանդիսացել»: Ասաց նաեւ, որ խորհրդարանական այս լսումները «հրաշալի նախաբան կարող են հանդիսանալ ԱԺ-ում շրջանառվող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գաղափարի համար»:

Ավելի ուշ մեզ հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը նկատեց. «Այն, որ մինչ այսօր այս հարցերին ԱԺ-ն չի անդրադարձել, որոշ առումով օրենքի խախտում է նշանակում, քանի որ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը գրական ստեղծագործություն չէ, սա հենց ակնկալում է բոլոր շահագրգիռ կողմերի, մանավանդ՝ պետական մարմինների քննարկում, արձագանք»: Տիկին Ալավերդյանն ասաց նաեւ, որ անձամբ է հետամուտ լինելու, որ լսումներին հրավիրվեն նաեւ արտախորհրդարանական քաղաքական եւ հասարակական կազմակերպություններ. «Կընդունեն թե չեն ընդունի հրավերքը՝ դա արդեն այլ խնդիր է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել