Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊԱՐԱԿԱՆՈՆ ԱՄԻՍ

Մայիս 30,2008 00:00

Եվ քանի որ հալածվածը, ճնշվածը առավել մեծ է եւ ավելի ուշադիր, քան հալածողը, ուրեմն Զաքիյան փողոցի մայթեզրի իմ հրաշալի ծառը պիտի որ ապրեր անպայման, չնայած որ մի օր, չասեմ միտումնավոր, թերեւս պատահաբար, աշնանամուտի չորացած խոտերին նետված մի ծխախոտով կրակի բաժին դառցավ: Եվ տղայիս հետ պատշգամբում կանգնած՝ ես տեսա, թե ինչպես է վառվում իմ ծառը, բայց ափսոս չհասցրեցինք փրկել: Դա անշուշտ Մովսեսի ծառը չէր, որովհետեւ հետո ձմեռ եկավ: Իսկ բացվող գարնան մեջ, երբ մյուս ծառերը կանաչ սաղարթներով շարունակում էին իրենց արմատների կենսագրությունը, իմ ծառից հետք անգամ չէր մնացել: Բայց երեւի ես համառ մարդ եմ. մոտավորապես հիշելով ծառի տեղը՝ դանակով փորեցի կարծրացած հողը եւ, զարմանալի բան՝ տեսա իմ ծառի արմատը, որ կարծես թե մի այլ կյանքում արդեն տեսել էի: Ու սկսեցի կանոնավոր անհուսահատությամբ ամեն օր ջրել թվացյալ չորացած արմատը: Եվ երբ արդեն մայիսի սկիզբն էր, տեսա կանաչ, դողդոջուն, անօգնական առաջին շիվը: Ու դա մոռացությունից հայտնված իմ ծառն էր, քանի որ ոչ մի մարդ հասու չէ ոչնչացնելու ծառի անցյալը, ինչպես որ հնարավոր չի մոռացության տալ ազգերի անցյալը, եթե դա մի օր չանի Աստված ինքը… Հաստատ տարօրինակ ամիս է մայիսը, երբ շարունակական կայծակների ու անձրեւների մեջ հստակ տեսնում ես եւ եզրակացնում, որ ներքեւները վերեւների արտացոլանքն են ընդամենը, եւ հասկանում, որ անցյալը անպայման ապագա ունի, եթե քո հիշողությունը անցնող ու անվերադարձ օրերի մեջ մաշվող կավի հետ ջրերը չեն տարել: Եվ քեզ համար պարզվում, հստակվում է, որ դու մի մեծ երազի անտեսանելի ծվենն ես ընդամենը, իսկ Երազողը անվախճան է, որի դեմքը երբեք չես տեսնի դու: Ժողովուրդների կյանքը, ինչպես եւ մերը, անվերջ կրկնում են Զիզիֆի օրինակը, որ իրենց բախտի քարի հետ շարունակ ձգտեն ու չհասնեն գագաթին, բայց չհուսահատվեն բարձրանալ, քանի որ կանգառը մահ է, միայն թե չասենք, թե դա Աստծո անտարբերությունն է… Երբ Կյուրոս Մեծը գրավեց Արեւելքը եւ ստեղծեց պարսկական պետությունը, նրա զինվորները, ապավինելով իրենց ուժին, խնդրեցին թագավորին, որ գրավեն, գաղթեն մի այլ երկիր, որտեղ լեռներն ու քարերը քիչ են, իսկ հողը՝ բերրի: Կյուրոսը նրանց պատասխանեց՝ Ուզում եք ապրել մեր հայրերի երկրո՞ւմ եւ լինեք տեր, ղեկավարեք, թե՞ օտար փափկության մեջ լինեք ենթակա եւ ձեզ ղեկավարեն: Եվ պարսից զինվորները ընտրեցին իրենց աղքատ լեռները՝ հասկանալով, որ իր արմատը չկորցրած եւ բարոյական կերպը չխաթարած ցեղը անկանգ կշարունակի իր երթը՝ միշտ հիշելով, որ բարոյազրկված հեծյալի ձին անգամ չի կարող երկար արշավել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել