Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԷՐԳՐԻՑ»

Մայիս 30,2008 00:00

Երեկ Հ. Թումանյանի տուն-թանգարանում հրավիրված ասուլիսի հյուրը Երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանն էր, որն անդրադարձավ «Երիտասարդության դերը սոցիալական աշխատանքներում» ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերից Թուրքիա մեկնած 20 հայ երիտասարդների այցին: Նրա ձեւակերպմամբ, ծրագիրը նպաստեց հայ եւ թուրք երիտասարդների միջեւ երկխոսության ծավալմանն ու կամավորականության գաղափարի տարածմանը: Նա հիշեցրեց, որ ծրագիրը երկուստեք շարունակական է լինելու: Լ. Ասատրյանն, անդրադառնալով հայ եւ թուրք երիտասարդների շփմանը, ասաց. «Երբ խոսում էինք իրենց հետ, պարզվեց, որ իրենք էլ ունեին նույն կարծրատիպերը՝ ինչ-որ մեզ մոտ կա իրենց հանդեպ… Կարեւորն այն է, որ հայ եւ թուրք երիտասարդներն այժմ ոչ միայն գործընկերային, այլեւ ընկերական հարաբերություններ են հաստատել եւ մինչ այսօր փոխադարձ կապը էլեկտրոնային տարբերակով պահպանվում է, որը եւս փաստում է ծրագրի հաջող արդյունքի մասին»: Ըստ Լ. Ասատրյանի, երբ հայ երիտասարդները Թուրքիայում ներկայացրել են հայոց պատմությունն ու մշակույթը, դա ողջունվել է թուրք երիտասարդների կողմից. «Նրանք համակ ուշադրությամբ հետեւում էին այն ամենին, ինչ ներկայացվում էր: Թուրք երիտասարդները հնարավորություն ունեցան ճանաչելու Թուրքիայի հարեւան Հայաստանի Հանրապետությանը: Հատկանշական էր մեր մեկօրյա այցելությունը Անի, ուր հայ երիտասարդները անմիջական շփում ունեցան մեր բազմադարյա մշակույթի հետ: Կամավորական աշխատանքների շրջանակներում հայ եւ թուրք երիտասարդները համատեղ ջանքերով վերանորոգեցին Արփաչայ գյուղի տարրական դպրոցը»: Ասուլիսին հաջորդեց հայ երիտասարդների հեղինակած 23 րոպե տեւողությամբ տեսաֆիլմի ցուցադրությունն ու բացվեց վերջիններիս կողմից արված 50 լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որը Հ. Թումանյանի տուն-թանգարանում կգործի մինչեւ մայիսի 31-ը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել