Երեկ «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում կայացավ «Եվրատեսիլ-2008»-ին 4-րդ հորիզոնականը զբաղեցրած Սիրուշոյի ասուլիսը: Նա ասաց, որ սիրով է համաձայնել այն առաջարկին, որ Բելգրադում իր երգի ժամանակ բեք-վոկալում ելույթ ունենան Ռազմիկ Ամյանն ու Տիգրան Պետրոսյանը. «Համաձայնեցի ոչ միայն նրա համար, որ երկուսն էլ շատ լավ ձայն ունեն, այլ նաեւ նրա համար, որ «Քելե-քելեն» ամուր ու խրոխտ հնչի: Դա մտածված ու, իմ կարծիքով, ճիշտ ընտրություն էր»: «Երգչի համար կարեւոր մրցանակներից է նաեւ այն, որ համատեղ աշխատանքի համար բազմաթիվ առաջարկներ են ստացվել: Օրինակ, համագործակցելու ենք Հունաստանի խոշոր ձայնագրման ընկերություններից մեկի՝ «EMI» ստուդիայի հետ»,- ասաց Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանը եւ ավելացրեց, որ, ըստ հավանականության, առաջին համատեղ աշխատանքը կլինի «Քելե-քելե» երգի հունարեն տարբերակի ձայնագրումը: