Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնաժողովը կառավարել է «Մըստոյեն տղոնց խումբը»

Մայիս 30,2008 00:00

\"\"Իրականում ինչ է կատարվել Գյումրիի թիվ 34/06 ընտրական հանձնաժողովում

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Գյումրիի զինվորական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի եւ ազատամարտիկ Շոթա Սաղաթելյանի դատավարությունը: Դատավոր Վահե Խալաթյանը հարկադրված եղավ որպես իրեղեն ապացույց քրգործին կցել հանրապետությունով մեկ պտտվող տեսաերիզը, ուր, մասնավորապես, նկարահանված են, դատախազության բառերով ասած, «սպառնալիքներով ու հայհոյանքներով թիվ 34/06 ընտրական հանձնաժողովի աշխատանքները մոտ երեսուն րոպե խոչընդոտած» Պետրոս Մակեյանի գործողությունները: Տեսաերիզում Մակեյանը, մտնելով վերոհիշյալ հանձնաժողով, նախագահ Սիլվա Հովհաննիսյանին քաղաքավարի հարցնում է, թե ինչո՞ւ է վերջինս հրաժարվում արձանագրել Լեւոն Տեր- Պետրոսյանի վստահված անձի՝ լցոնումներին վերաբերող բողոքը: Ու դեռ խոսքը չավարտած, նրա հետ «ռազբոռկայի» մեջ է փորձում մտնել հանձնաժողովի հետ ընդհանրապես կապ չունեցող Արա Արտուշի Մովսիսյանը՝ Շիրակի մարզի բնապահպանական տեսչության պետի որդին: Մակեյանը հանգստացնում է նրան, զգուշացնելով, որ նրա հետ խոսելու ոչինչ չունի ու հանգիստ դուրս է գալիս հանձնաժողովից:

Տեսաերիզը դիտելուց հետո փաստաբան Գրիշա Մանուկյանը միջնորդեց հարցաքննել նաեւ Արա Մովսիսյանին: Միջնորդությունը բավարարվեց: Մակեյանը նկատեց, որ, բացի վերջինից, տեսաերիզում կա նաեւ մի սպիտակահեր անձնավորություն, որը նույնպես հանձնաժողովի հետ կապ չունի, սակայն այնտեղ է գտնվել: «Ինչքան ես հասկանում եմ, այս անձինք ոչ վստահված անձ են եղել, ոչ հանձնաժողովի անդամ: Եթե լինեին՝ որպես վկա դատարանում կհարցաքննվեին: Ապշելու բան է, պարզվում է, որ այդ հանձնաժողովում երկու հանձնաժողով է գործել, մեկը՝ իրավական, մյուսը՝ Մըստոյենց տղոնց խումբը (խոսքը ԱԺ երիտասարդ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գերդաստանի մասին է- Ն.Ա.)»,- ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդը: Իմիջիայլոց, գյումրեցիներից շատերը պնդում են, որ Արա Մովսիսյանը հանձնաժողովի նախագահ է եղել հարեւան ընտրատեղամասում՝ 34/08-ում:

Այս ամենից հետո փաստաբան Հովիկ Արսենյանը, ներկայացնելով ամբաստանյալների կենսագրությունը, մեծ հեղինակությունն ու հարգանքը եւ հիշեցնելով Մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական կոնվենցիայի 5-րդ կետը՝ միջնորդեց փոխել ամբաստանյալների խափանման միջոցը՝ նրանց ազատ արձակել: Դատավոր Վահե Խալաթյանը մեկ ժամ ընդմիջում հայտարարեց, սակայն երկու ժամ ուշանալով, մերժեց միջնորդությունը՝ պատճառ բռնելով դեռեւս չհարցաքննված վկային: Դահլիճում սկսվեց անեծքների տարափ: Պետրոս Մակեյանը հանդես եկավ միջնորդությամբ եւ հայտարարությամբ: Նա ասաց, որ վերոհիշյալ ընտրատեղամասում լցոնումներ են կատարվել «ոչ միայն Սերժիկ Սարգսյանի, այլեւ՝ Արթուրիկ Բաղդասարյանի օգտին» եւ առաջարկեց վերահաշվարկ կատարել: «Թող պարզվի, թե ես ինչո՞ւ եմ կասկածի տակ դնում վսեմաշուք Սերժիկ Սարգսյանի լեգիտիմությունը»,- հավելեց Մակեյանը: Սակայն դատավորը զգուշացրեց, որ դատարանը քաղաքական հայտարարությունների վայր չէ: «Բա դուք ինչո՞վ եք զբաղված, դուք այս պահին քաղաքական պատվեր չե՞ք կատարում, սա քաղաքական շոու չէ՞»,- դատավորին հարցրեց Աշոտ Զաքարյանը: Դատավորն այնքան շփոթված էր, որ հաջորդ դատական նիստը նշանակեց 2006թ.-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել