ՀՀ վարչական դատարանը երեկ մերժեց ԱԳՆ նախկին չորս աշխատակիցների հայցը
Հիշեցնենք, որ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը բարձրաստիճան պաշտոնյաներ Մարթա Այվազյանին, Կարինե Աֆրիկյանին, Առաքել Սեմիրջյանին եւ Վլադիմիր Կարապետյանին աշխատանքից ազատել էր այն բանի համար, որ նրանք փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո երկրում ծավալված իրադարձությունների կապակցությամբ զսպվածության կոչ էին արել: Հայցվորները պահանջում էին վերականգնել իրենց աշխատանքում եւ փոխհատուցել այս ընթացքում կրած նյութական վնասները:
Դատավոր Հովսեփ Բեդեւյանի կայացրած վճռում մասնավորապես նշվեց, որ պաշտոնյաները քաղաքական գործունեություն են ծավալել եւ քաղաքական գնահատականներ են տվել, օգտագործել են իրենց աշխատանքային լծակները՝ խախտելով «Դիվանագիտության մասին» ՀՀ օրենքը եւ էթիկան: ԱԳՆ չորս նախկին աշխատակիցներն էլ վճռի հրապարակումից հետո լրագրողներին հայտնեցին, որ այն բողոքարկելու են: ԱԳՆ նախկին խոսնակ Վ. Կարապետյանը վճիռը գնահատեց այսկերպ. «Դատարանը տեղի տվեց այն ճնշումներին, որ նրա վրա վստահաբար գործադրեց գործադիր իշխանական մարմինը՝ մասնավորապես ԱԳՆ-ն: Նրանք համոզված էին, որ դատարանն այդպիսի վճիռ է կայացնելու»: Վճիռը բողոքարկելու կապակցությամբ «Առավոտի» հարցին Վ. Կարապետյանը պատասխանեց. «Կայացված վճիռն արդար չէ: Նշվեց, որ մենք օգտագործել ենք մեր ծառայողական միջոցները, այն դեպքում, երբ ես փետրվարի 23-ին դեռեւս պաշտոնում էի եւ հանձնարարական ունեի ղեկավարից ստանալու այն հայտարարությունը, որ տարածել էին դեսպանները: Ես դրանք ստանալու համար, բացի պետական միջոցներից, այլ միջոցներ չունեի»: Վ. Կարապետյանը նշեց նաեւ, թե դատարանում չապացուցվեց, որ իրենց հայտարարությունը քաղաքական ենթատեքստ չունի: