Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի տպավորությունները
Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը մայիսի 20-23-ը արտագնա ցուցահանդես է ունեցել Գորիսի պատկերասրահում: Ըստ նկարչի, այդ միջոցառումը Գորիսի ու Ֆրանսիայի Վիեն քաղաքների քույրանալու շրջանակներում էր կազմակերպված: Ցուցահանդեսի մտահղացումն էլ Գորիսի պատկերասրահի տնօրեն, ՀՀ նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ Ժիրայր Մարտիրոսյանինն էր:
«Ցանկացած նկարչի համար հաճելի անհրաժեշտություն են արտագնա ցուցահանդեսները: Նման ակցիաներն ի վերջո առիթ են մշակույթը Երեւանից մարզեր «արտահանելու», որովհետեւ Երեւանը հոգնել է կուտակումներից, մինչդեռ մարզերը մշակութային քաղց ունեն»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց Ն. Աղաբաբյանը եւ հավելեց, որ հաջորդ այցելությունը Գորիս՝ նկարիչ Անատոլի Ավետյանինն է լինելու: Մեր զրուցակիցը շատ տպավորված էր ցուցահանդեսային եռօրյայից: «Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված՝ հրավիրատոմս, ազդագրեր… Ցուցահանդեսի բացման օրը պրեմիերա կար Գորիսի թատրոնում՝ «Քեֆ անողին քեֆ չի պակսի» ներկայացումը, որը ջերմորեն ընդունվեց հանդիսատեսի կողմից: Ամեն ինչ շատ հուզիչ էր: Մարդիկ ցուցահանդեսի մասին կարծիքներ էին գրում տպավորությունների գրքում, 3 օրն էլ պատկերասրահը բազմամարդ էր: Գորիսյան ցուցահանդեսը նաեւ առիթ էր, որ լավ շրջագայեմ, նկարեմ զանգեզուրյան ու արցախյան տեսարաններ: Եղա Խնձորեսկում, Շուշիում, Տաթեւում, Որոտնավանքում, Հալիձորում, Լաչինի լքված գյուղերում, Մելիքաշենում… Երեւանում կորցրել ենք այն կարեւորագույն արժեքը, որը մարդ է կոչվում, մայրաքաղաքում բոլորս մի տեսակ չարացել՝ բոբո ենք դարձել: Այլ է պատկերը մարզերում. չնայած բազում սոցիալական խնդիրներին, մարդիկ բարի են, ազնիվ, վեհ»,- կարծում է գեղանկարիչը:
Նա պատմեց նաեւ, որ մասնավորապես Գորիսի պատկերասրահի տնօրենն ու քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը փորձում են հնարավորինս աշխուժացնել տեղի մշակութային կյանքը, իր խոսքով՝ ապրեցնել ժողովրդին: Յուրօրինակ նախաձեռնությամբ են հանդես գալիս Արցախի եւ Գորիսի նկարիչները. փոխադարձ այցելություն-ցուցահանդեսներ, համատեղ ցուցահանդեսներ ու մշակութային ձեռնարկներ Զանգեզուրում եւ Արցախում:
Դառնալով Գորիսի արտագնա ցուցահանդեսներին, Ն. Աղաբաբյանը նաեւ հայտնեց, որ մինչեւ սեպտեմբերի 6-ը եռօրյա ցուցահանդես է նախատեսված: Ի դեպ, յուրաքանչյուր ցուցահանդեսից հետո ամեն հեղինակ որեւէ նկար կնվիրի Գորիսի ազգային պատկերասրահին. «Գորիսյան մի տեսարան էլ ես եմ նվիրել»: