Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՏՐՈՆԻ ՄԱՐԴԻԿ՝ ԹԱՏՐՈՆԻ ՕՐԵՆՔԻ ՄԱՍԻՆ

Մայիս 30,2008 00:00

«Առավոտի» հարցախույզը՝ մտավորականների շրջանում

Ավելի քան 2000 տարվա պատմություն ունեցող հայ թատրոնը հայտնվել է բազմաթիվ չլուծված խնդիրների եւ օրենսդրական ձգձգվող կարգավորումների առջեւ: 5 տարուց ավելի է՝ կառավարություն-ԱԺ «չվերթով» է անցնում «Թատրոնի մասին» օրենքի նախագիծը, այդպես էլ վերջնական տեսքի չգալով եւ «չհանգրվանելով» ԱԺ օրակարգում: «Առավոտի» հետ զրուցած թատերական գործիչների կարծիքով, «Թատրոնի մասին» նախագծում բավական մակերեսային է ներկայացված թատրոնը, որը ընդամենը դիտարկվում է որպես ՊՈԱԿ:

Հիշեցնենք, որ տարիներ շարունակ՝ սկսնակներից մինչեւ կոչումավոր դերասանները, բողոքում են ՊՈԱԿ-ի դեմ, պնդելով, որ այն սահմանափակում է ստեղծագործողների իրավունքները եւ ամեն ինչը կենտրոնացնում տնօրենի ձեռքում: Հստակեցված չէ ոչ միայն տնօրենի, այլեւ գեղարվեստական ղեկավարի դիրքը: ՊՈԱԿ-ի օրենքով, պետության կողմից լիազորված մարմինը՝ նախարարությունը, ճանաչում եւ նշանակում է միայն գործադիր տնօրենին:

«Առավոտի» հետ զրուցած անվանի ոչ բոլոր դերասաններն էին ծանոթ օրենքի նախագծին: Օրինակ, սիրված դերասանուհիներից մեկը, որի վաստակը հայ թատերարվեստում անգնահատելի է, կարծիք հայտնեց, որ եթե ուզում ենք դարձյալ թատրոն ունենալ, պետք է փոխենք ներկա հասարակարգը:

ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի խոսքերով՝ «իմ օրենքը ժամանակին իմ տեսած թատրոնն էր: Երբ Գուլակյանը ժամը 11-ին մտնում էր թատրոն, վայն եկել-տարել էր նրան, ով իրենից հետո կհամարձակվեր ներս մտնել, թեկուզ դա կլիներ Հրաչյան, Փափազը, Վաղարշյանը… Թատրոնի մասին օրենքը պետք է սկսվի այստեղից: Հենց սրա համար ես ֆիզիկապես թողեցի թատրոնը: Եթե կարող եմ երկուսուկես ժամ 2000 հանդիսատեսի ներկայացնել Նարեկացուց մինչեւ Սեւակ ու մերօրյա լավագույն հեղինակներին, էլ ինչո՞ւ տառապեմ Մայր թատրոնում, այն դեպքում, երբ այս հրաշալի բեմը ամիսը 15 օր չգիտես ում եւ ինչի համար է տրամադրվում…»:

ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը եզակիներից էր, որ ներկա է եղել «Թատրոնի մասին» օրենքի վերջին քննարկումներին: Ըստ նրա, երբ ռեժիսորը, դրամատուրգը օգտվում են հեղինակային իրավունքից, ինչո՞ւ դերասանը չպետք է օգտվի. «Ես առաջարկել եմ այս կետը, ինչ վերաբերում է հանրահայտ ՊՈԱԿ-ին, իմ խորին համոզմամբ, թատրոնի ժողովուրդը պետք է ընտրի եւ իր տնօրենին, եւ գեղարվեստական ղեկավարին»:

ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը հայտնեց. «Պետք է հասկանալ, որ թատրոնը տնօրենը միանձնյա չի կարող ղեկավարել: Թատրոնի գլխին պետք է կանգնած լինի բառիս իսկական իմաստով՝ մեծ արվեստագետ, իսկ տնօրենը պետք է ենթարկվի եւ գեղարվեստական ղեկավարին, եւ գեղարվեստական խորհրդին: Գտնում եմ, որ թատրոնի մասին օրենք մեր օրերում անհրաժեշտ է»:

ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանը թեեւ ծանոթ չէ օրենքի նախագծին, բայց, իր խոսքերով՝ «եթե օրենք լինի՝ ճիշտ կլինի: Էս անօրեն երկրին թատրոնի մասին օրենք պետք է, գոնե մենք կիմանանք մեր իրավունքները…»:

ՀՀ ժողովրդական արտիստ Լորենց Առուշանյանը փաստեց, որ անցել են այն ժամանակները, երբ հանդիսատեսը ցուրտ եղանակներին խարույկ էր վառում, որ առավոտյան թատրոնի տոմսարկղից հաջողացնի տոմս ձեռք բերել. «Օրենքը լավ բան է, իսկ դրա ընդունումից առաջ եւ հետո էլ պետք է պարզապես թատրոնը իր ողջ կոլեկտիվով լավ աշխատի, ինչը բարձրակարգ ներկայացման գրավականներից է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել