Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ «ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ»

Մայիս 30,2008 00:00

\"\"Երեկ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի թիվ 2 հատուկ արհեստագործական ուսումնարանի 5 շրջանավարտների «վերջին զանգն» էր: \"\"

ՔԿՀ անչափահասների տեղամասի պետ Գագիկ Ներսիսյանը որոշել էր անակնկալ մատուցել ուսումնարանի սաներին եւ ուսուցիչներին: Սպիտակ վերնաշապիկով դատապարտյալ-շրջանավարտները (նրանք սովորաբար սեւ, համարակալած արտահագուստով են-Ռ.Մ.) պատրաստել էին գրական-երաժշտական միջոցառում: Ըստ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Մելանյա Ղուկասյանի, իր սաները «սովորական շրջանավարտների նման չեն, նրանց երազանքներն ու ցանկություններն այլ են»: Ուսուցչուհին տեղեկացրեց, որ միջոցառման սցենարը պատրաստել են իրենք՝ սաները, Գ. Ներսիսյանի օգնությամբ: Անչափ հուզիչ խոսքեր լսվեցին շրջանավարտների կողմից, դրանք էլ ազատության մեջ դպրոցն ավարտողների խոսքերի նման չէին. «Մեր հիշողությունը չարություն չունի», «Շնորհակալ ենք նրանցից, ում հետ մաշվում են մեր օրերը», «Մենք սիրում ենք ձեր ներողամտությունն ու ծով համբերությունը», «Մեր դպրոցը, կարելի է ասել, տղամարդու դպրոց է»: Ուսումնարանի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանի ցանկությունն էր, որ շրջանավարտները տարանջատում չզգան, «լսեն իրենց զանգը»: Ի դեպ, ամենափոքր «դատապարտյալն» էլ, որը սպասում էր իր հերթին, վազելով հնչեցրեց զանգը: Վառվեցին 5 մոմեր՝ տորթի վրա, գունավոր հրավառություն եղավ: Շրջանավարտները ուսուցչուհիներին վարդեր նվիրեցին, բարեմաղթանք-բացիկներ էլ ստացան ուսուցիչները: Ուսումնական հաստատությունում շրջելիս նկատեցինք մի անակնկալ եւս, որը գալիք ուստարվա աշակերտների համար է նախատեսված՝ գեղեցիկ մարզադահլիճը: Ուսումնարանն ուներ ֆուտբոլի բացօթյա դաշտ, փայտամշակման արհեստանոց, ուր երեխաները ստեղծագործում են, իսկ դասասենյակները չէին զիջում սովորական դպրոցների դասասենյակներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել